Իբր ազգ ենք

04/05/2005 Մհեր ԲԵՅԼԵՐՅԱՆ

… Աղջիկն անընդհատ ուֆ էր անում ու դժգոհ նայում շուրջը, իբր՝ է՞ս ով ա, կես ժամ ա ինձ ա նայում… ինչքան գեղցի կա, լցվել ա քաղաք… էս շոգն էլ՝ մի կողմից… տենաս գոնե պամադա քսել ե՞մ: Երիտասարդը աչքը չէր կտրում քուրոյից ու մատերով պտտեցնում էր կրակվառիչը, իբր՝ լյավն ես, լյաաավն ես, բայց դե մենք էլ չոլի պեչենի չենք, դրվածքից ու հագածից ջոգողը կջոգի, չջոգողն էլ պետք չի, որ ջոգի… թու, կոշիկներս մոռցա վաքսեմ: Երիտասարդը կողքի վրա թքեց,որպեսզի կոշիկներին նայելու հնարավորություն ունենա: Քուրիկը երիտասարդի շրջվելու պահին մատն աննկատ քսեց շուրթերին,հետո դժգոհ նայեց մատին: Ես, կիսաթեք կանգնած, թզբեհս էի պտտեցնում ու դժգոհ նայում մեկ երիտասարդին, մեկ աղջկան,իբր` հա, լավն ա, մենք էլ ենք ջոգում,բայց դե ընենց ըլնի կողից սիրուն նայվի: Վերջապես երթուղային տաքսին եկավ ու աղջիկն աչքերով կանգնեցրեց այն:
Նկատե՞լ եք,որ իգական սեռի հետիոտները երթուղային տաքսին ձեռքով չեն կանգնեցնում: Այդպես էլ չկարողացա բացահայտել, թե ինչպես են վարորդները կռահում մեքենան կանգնեցնելու նրանց մտադրության մասին: Կնոջ դեմքին ինչ-որ աննշմար փոփոխություն է կատարվում, ասես մեղմ զեփյուռ անցնի ցորենի արտի վրայով:  Դա անվանում չունի, անմեկնելի խորհուրդ է. դա երեւի կարող են բացատրել միայն առաջնակարգ հոգեբանները, բայց դա զգում են բոլոր հայ վարորդները, որոնք ցավոք չեն կարող բացատրել այդ ֆենոմենը: Այդ պատճառով էլ վարորդի կողքը չեմ նստում, որպեսզի ամեն անգամ չբարկանամ, երբ հերթական հաստահետույք տիկինը կամ աղջիկը աչքերով կանգնեցնի մեքենան: Նստելիս էլ էնպես դժգոհ են ներս մտնում, իբր` քեզ կանգնեցնելը իմ մուրազը չի, ես քո իմացածներից չեմ, ամեն մեքենա չեմ նստում, կանգնեցնելու ձեւն էլ չգիտեմ, ուղղակի որ կանգնեցիր, որ մեջը էլի մարդիկ կան՝ կարող ա եւ նստեմ, բայց բոլորդ ձեզ չափներիդ մեջ պահեք… Տղաներն, ընդհակառակը, ձեռքերն այնպես են թափահարում, ասես դրոշներով ազդանշան տան խորտակվող նավից: Եթե մեքենան անմիջապես չարգելակի, նրանք պատրաստ են նետվել անիվների տակ եւ կյանքի գնով գոնե մի քիչ դանդաղեցնել մեքենայի ընթացքը: Բայց ամենից շատ ինձ բարկացնում է վարորդների անտարբերությունը: Հաճախ կինը մեքենան տելեպատիկ եղանակով կանգնեցնելուց հետո փոշմանում է եւ սկսում նայել հակառակ ուղղությամբ. վարորդը հանգիստ շարունակում է իր ճանապարհը, ասես դա բնական երեւույթ է… Բայցեւայնպես, յուրաքանչյուր նման միջադեպ խոր հետք է թողնում վարորդի փխրուն հոգում, եւ մի օր, առաջ քշելու փոխարեն, նա հանգիստ հետ կքշի ուղիղ տիկնոջ վրա…
Ահա թե ինչու այդ օրը ես չնստեցի վարորդի կողքին: Համենայն դեպս, մինչ օրս այլ բացատրություն չեմ կարողացել գտնել: Նախքան նստելս աղջկան առաջ թողեցի` ուրիշ կողմ նայելով, իբր` անցի քուր ջան, շնորհք էլ ունենք, անուն էլ, բայց դե աչքիս լույսը չես… Աղջիկը արհամարհական հայացք գցեց իմ կողմն ու ներս մտավ, իբր՝ քո իմացածներից չեմ, կարայիր մի հատ էլ նայեիր` աչքերդ չէին ընկնի… Ասենք՝ քո ճաշակն ի՞նչ պիտի լինի… առավոտից գիշեր փողոցայինների հետ եք քարշ գալի… ճիշտ էր ասում Գայուշը…
Երիտասարդը նստեց վարորդի կողքին, շրջվեց ու զննեց հետեւում նստածներին եւ ուշադրությամբ հետեւեց, թե ուր եւ ինչպես է տեղավորվում աղջիկը, իբր` բարի օր ձեզ, ներող, որ մեջքով եմ, քուրոն էլ մեր հետ ա:  Կողքիս նստած տարեց կինը սկսեց ուշադրությամբ զննել ջահել աղջկան, իբր` հա, ինչ կա՞ որ, մենք գեղցի էինք, դրա համար էլ սենց չէինք հագնվում (աղջկա հագին կիպ, սպիտակ տաբատ էր, որը կենաց-մահու պայքար էր մղում հայ աղջիկների դաժան ճակատագրի դեմ` եւ օրեցօր տանուլ տալիս այդ պայքարում… վերնազգեստը սեւ էր, «I need you» ոսկետառ գրությամբ): Հետեւում նստած էր ոտքից գլուխ «ֆիրմա հագած» մի պատանի, երկար բակերով, որոնք բուսնում էին բեյսբոլկայի տակից: Ինչ-որ բան էր որոճում եւ իրեն բավականին լկտի էր պահում` իբր, հետո ինչ, որ բակերով ֆիրմաչ ենք, մենք էլ մեր կռուգն ունենք ու մեզի վատ չենք ըզգում… քանի կարանք կյանքի լավը վայելում ենք… կյանքից մնում ա կայֆավատը… Ամենահետեւում նստած էին հայր ու տղա: Հայրն աղջկան կարճ զննելուց հետո սկսեց պատուհանից դուրս նայել, իբր` քոպեսներին շատ եմ…, աղջիկ ջան, էդ փութանոց քամակովդ չես զարմացնի, բալիկ ջան (հետո արդեն պատուհանից դուրս նայելով)… կարող ա՞ էս լակոտը մեծանա, մի օր դրա պես մեկին ձեռից բռնած բերի տուն, չիմանաս՝ հաց տա՞ս, թե՞…: «Լակոտը» քիթն էր քչփորում, իբր` հըլը դեբիլ եմ, բան չեմ հասկանում, էն նանարին նայեմ-չնայեմ` մի հաշիվ ա….
Վարորդը մերթընդմերթ հայելու մեջ զննում էր հետեւում նստածներին, իբր` լրիվ ջոգած ունեմ՝ իմ մաշնի մեջ ով ինչ ա շնչում: Որսալով ֆիրմաչին ուղված հայացքս` վարորդը ժպտաց: Էնպես էի նայում ֆիրմաչին, ասես նա հարբածի փղձուկ լիներ, իբր` քո թայվախտ քոպեսներին հարուրներով պիոներական արշավ եմ տարե: Ֆիրմաչը ոտքերը հավաքեց եւ սկսեց ավելի ցածր ծամել, իբր` հա՛, լա՛վ, ի՞նչ եք սաղդ վրա տալի… մարդ ենք, մենք էլ մեր ռամսերով ենք աբրում, մեր աջերով…
Վարորդը Ֆիլե Գագո միացրեց, իբր` չիմանաք աշխտող տղա եմ` կյանքի ճիշտը չեմ ջոգում… Հարգողից հարգվում ենք, հարգվածին էլ` հարգում… հարգվածին հարգողն ա հարգե… Հետեւում նստած տարեց տղամարդը սկսեց թաշկինակով  սրբել չոր ճակատը, իբր` մեր դարդը մեզ քիչ ա, քո կլկլոցն էլ մի կողմից… վախտին գոնե Ռուբեն Մաթեւոսյան էին դնում… Ֆիրմաչը խեթ նայեց ինձ, իբր` էս չի՞ ձեր լսածը: Վարորդի կողքին նստած երիտասարդը ձայնը բարձրացրեց, իբր` մերը սրբություն ա, մենք էլ սրբություն հարգող տղա ենք (երգը մոր մասին էր), մորը սրբություն չհարգողի մերը… Ես ու տարեց տղամարդը դեմքի հնարավոր ամենաթունոտ արտահայտությամբ սկսեցինք հայելու մեջ նայել վարորդի դեմքին, իբր` քեզ չենք նայում, բայց ձենը որ չիջցնես, կարող ա դու էլ նայվես, որ լավ նայվար` կարող ա …: Վարորդը իջեցրեց ձայնը, դեմքին հաղորդելով քամահրական արտահայտություն, իբր` ձեր մակարդակը ջոգած ա, ձեր շնչածը ես արտաշնչած ունեմ… խի ես էդ տղեն էի՞, որ էսօր ձեր պես ուլերին ըստե-ընդե տանեմ… ձեր սովորելիքը ես արդեն մոռցել եմ… Աղջիկն անընդհատ բացում-փակում էր պայուսակը, իբր` մեջը մենակ ես չկամ… հանգիստ կարա սոտըվի էլ ըլնի: Աղջկա դեմքի վրայով մեղմ զեփյուռ անցավ եւ վարորդն արգելակեց: Աղջիկն առաջինը իջավ, ես փողը ոչ այն է՝ տվեցի, ոչ  այն է շպրտեցի վարորդին, իբր`… վարորդը հասկացավ, իբր` ինչ: Պահեցի դուռը, որ տարեց կինն իջնի, բայց ուրիշ կողմ նայելով, իբր` դուռ բացող-փագող չենք, ոչ էլ արժանիքներդ գիդենք, որ քեզ որպես մարդ հարգենք, բայց տարիք հարգող տղա ենք, իբր` ջոգում ենք, որ իրար պըտի հասնենք, իբր մի բուռ ժողովուրդ ենք, իբր` ազգ ենք…