Հակասական հայտարարություններ

09/07/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Տեւական ընդմիջումից հետո երեկ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել հեղինակավոր «Միջազգային ճգնաժամային խմբի» (ՄՃԽ) կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Հիշեցնենք, որ ՄՃԽ-ն նախորդ տարի ԼՂ խնդրին նվիրված զեկույցներ հրապարակեց, որոնցում առաջարկում էր այդ հակամարտության լուծման իր տարբերակը: Հիշեցնենք նաեւ, որ ԼՂ ապագա կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու գաղափարի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց հենց ՄՃԽ վերոնշյալ զեկույցներում: ՄՃԽ ներկայացրած առաջարկները ժամանակին Հայաստանում հասարակության որոշակի շերտերի կողմից խիստ քննադատության արժանացան. դրանք որակվեցին որպես ոչ հայանպաստ, կողմնակալ եւ այլն: Նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, թե ՄՃԽ-ն ֆինանսավորվում է թուրքական աղբյուրներից: Սակայն փաստ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Բուխարեստում ներկայացված եւ վերջերս գաղտնազերծված, այսպես կոչված, «շրջանակային համաձայնագիրը» եւ ՄՃԽ ներկայացրած առաջարկներն ունեն նույն հիմնարար սկզբունքները եւ միմյանցից շատ քիչ են տարբերվում: Ինչեւէ, նշենք, որ Սաբինա Ֆրեյզերը երեկ հայտարարել է, որ 2005թ. ամռանը` նախքան Ռամբույեն, Հայաստանն ու Ադրբեջանն ավելի մոտ էին խաղաղությանը: «Ռամբույեից առաջ ավելի մեծ էին խաղաղության հասնելու, օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման, ադրբեջանցի բռնի տեղահանվածների վերադարձի հույսերը, քան 2006-ի երկրորդ կեսին, կամ 2007-ի առաջին կեսում: Այժմ այդ հույսը չի նշմարվում, իսկ համանախագահները հայտարարել են իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին»,- ասել է Ս. Ֆրեյզերը: Վերջինս, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 22-ի համատեղ հայտարարությունը՝ նշել է, որ 1994թ. բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր առաջին անգամ համանախագահները հայտարարում են իրենց գործունեությունը շարունակելու աննպատակահարմարության մասին: «Ինձ շատ զարմացրեց, որ Հայաստանում եւ Ադրբեջանում շատ քիչ են խոսում սրա մասին: Սա նշանակում է, որ կողմերը կարող են ինքնուրույն բանակցություններ վարել»,- կարծիք է հայտնել ՄՃԽ կովկասյան նախագծի տնօրենը: Նա նաեւ հարցնում է, թե եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան նահանջում են, ապա միջազգային ի՞նչ ուժեր ունեն անհրաժեշտ հեղինակություն եւ լիազորություններ, որ միջնորդական առաքելություն իրականացնեն: «Ես չեմ հավատում նոր միջնորդների ի հայտ գալու հավանականությանը: Մենք մտնում ենք շատ սարսափելի մի փուլ, երբ կողմերի միջեւ որեւէ խաղաղ բանակցություն չի լինի»,- հայտարարել է Ս. Ֆրեյզերը: Ըստ Ֆրեյզերի, այս պայմաններում ադրբեջանական կողմը հակվում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին: «Կողմերը չպետք է ակնկալեն միջազգային հանրության աջակցությունը խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու դեպքում»,- հավելել է նա: Հակամարտության կարգավորման ներկա վիճակը գնահատելով «շատ ծայրահեղ», Սաբինա Ֆրեյզերն ասել է, որ համանախագահների՝ հունիսի 22-ին Վիեննայում արված համատեղ հայտարարությունը կարեւոր փաստաթուղթ է, եւ, ըստ նրա, այդ փաստաթղթում ներկայացված է հակամարտության կարգավորման հստակ եւ ընդհանուր մոտեցում: ՄՃԽ կովկասյան նախագծի տնօրենը նաեւ տեղեկացրել է, որ նախորդ տարի ՄՃԽ-ն ԼՂ հակամարտության վերաբերյալ երկու զեկույց էր պատրաստել: Ըստ այդմ, «Լեռնային Ղարաբաղ. նոր հայացք հակամարտությանը» խորագրով առաջին զեկույցում խոսքը գնում էր ԼՂ-ում եւ նրա մերձակա շրջաններում ստեղծված իրավիճակի եւ Ադրբեջանում բնակվող «բռնի տեղահանվածների վիճակի մասին»: Իսկ երկրորդ՝ «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության հաստատման ծրագիր» անունով զեկույցում հիմնականում նշվում էր բանակցային գործընթացի մասին: Այդ զեկույցում որոշ հանձնարարականներ էին տրվում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին՝ «ներառյալ դե ֆակտո ԼՂ-ի կառավարությանը եւ միջազգային կազմակերպություններին»: Ս. Ֆրեյզերը փաստել է, որ ՄՃԽ երկրորդ զեկույցում առաջարկված խաղաղ կարգավորման ծրագիրն իր բովանդակությամբ շատ մոտ է այն նախագծին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ներկայացվել է հակամարտության կողմերին: Ս. Ֆրեյզերը երեկ մի ուշագրավ հայտարարություն էլ է արել: Ըստ ադրբեջանական day.az ինտերնետային կայքի, Ս. Ֆրեյզերը երեկ ասել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին առաջարկել են հետեւյալը. «Անհրաժեշտ է դուրս բերել հայկական զորքերը սկզբում հինգ, ապա եւս երկու օկուպացված շրջաններից, ինչից հետո պետք է վերադառնան փախստականները»: Հիշեցնենք, որ համանախագահները հունիսի 22-ի հայտարարության համաձայն, առաջարկել են հետեւյալ տարբերակը. հայկական զորախմբերի փուլային հանում ԼՂ-ն շրջապատող ադրբեջանական տարածքներից` հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ: Այդ «հատուկ մոտեցումն», ըստ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Լաչինի դեպքում այն է, որ հստակ նշվելու է, որ Լաչինը ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցք է լինելու, իսկ Քելբաջարի մասով էլ նախարարը նշել էր, որ այն «կարող է վերադարձվել միայն հանրաքվե անցկացնելուց եւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշումից հետո»: Սակայն, ըստ Ս. Ֆրեյզերի, ի վերջո պետք է վերադարձվի նաեւ Լաչինի շրջանը: Հետաքրքիր է, որ երեկ, բացի Ս. Ֆրեյզերից, ԼՂ խնդրի մասին հերթական անգամ խոսել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Սակայն վերջինս, ի տարբերություն Ֆրեյզերի, իրավիճակը «շատ սարսափելի» չի որակել: Ավելին, Բրայզան շարունակել է համանախագահների վերջին՝ հուլիսի 3-ին արված համատեղ հայտարարության մեջ նշմարվող լավատեսական հայտարարությունները: Ընդհանրապես, Մ. Բրայզայի եւ Ս. Ֆրեյզերի երեկվա հայտարարությունները բազմաթիվ հակասություններ ունեն, եւ Մ. Բրայզան ավելի լավատես է: BBC-ի ադրբեջանական ծառայությանը երեկ տված հարցազրույցում Մ. Բրայզան ասել է, թե համանախագահների՝ հունիսի 22-ի հայտարարության մեջ նշված՝ «ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդների երեւակայությունը սպառվել է» արտահայտությունը չի նշանակում, որ կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում: Ըստ Բրայզայի, դա նշանակում է, որ միջնորդների ստեղծագործական հնարավորությունը սպառվել է, եւ կա հակամարտ երկրների առաջնորդների նախաձեռնության անհրաժեշտություն: «Դա փակուղի չէ: Դա մի իրավիճակ է, երբ համանախագահներն ասում են, որ այժմ նախագահները պետք է որոշում կայացնեն, թե ինչ են ուզում»,- նշել է Բրայզան: Նրա կարծիքով, երկու նախագահներն էլ ունեն քաղաքական կամք, ցանկանում են գործակցել, «բայց մենք չգիտենք, պատրա՞ստ են արդյոք նրանք, կատարելով մի շարք բարդ եւ վերջնական քայլեր, համաձայնության գալ շրջանակային սկզբունքների առնչությամբ»: «Այժմ այնպիսի ժամանակ է, երբ առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին բացատրեն խաղաղ կարգավորման օգուտը, ցույց տան զիջումների միջոցով առաջընթացի ճանապարհը: Դա դիվանագիտության, ոչ թե պատերազմի ճանապարհն է»,- ընդգծել է ամերիկացի համանախագահը: Մեթյու Բրայզան ասել է, որ բանակցությունների սեղանին «արդարացի ու հուսադրող» սկզբունքներ են դրված: «Դրանք մինչ այժմ արված լավագույն առաջարկներն են: Ես նույնիսկ կասեի, որ մենք այժմ, ինչպես երբեւէ, մոտ ենք խաղաղությանը: Բայց ես չեմ կարող երաշխավորել, որ նախագահները, օգտագործելով իրենց ինքնիշխան իրավունքը, կընդունեն այդ առաջարկները կամ փոփոխություն կկատարեն դրանցում, որը կբավարարի երկու կողմին»,- հայտարարել է Մ. Բրայզան: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու մասին ԱՄՆ հայտարարությունները չեն հակասում իրար: «Եթե դուք ուշադրություն դարձնեք համանախագահների հայտարարություններին, ապա կտեսնեք, որ դրանք հղվում են երկու սկզբունքի վրա էլ: Գլխավորն այն է, որ բանակցային սեղանին գտնվի այդ երկու սկզբունքի շփման ճանապարհը»,- եզրափակել է Մ. Բրայզան: