Երեկ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, արդեն բացահայտվել է «Արդշինինվեստբանկի» Մալաթիայի մասնաճյուղի գողությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժինն ահազանգ էր ստացել այն մասին, որ բանկի մասնաճյուղի գումարների պահոցից գողացվել է 41 մլն դրամ, 56.503 դոլար, 2.690 եվրո, 44.700 ռուբլի եւ գրավադրված ոսկյա իրեր: Ինչպես նշել էր «168 Ժամը», իրավապահ մարմիններին եւ բանկի աշխատակիցներին հայտնի չէր` հանգստյան որ օրն է տեղի ունեցել հանցագործությունը: Բացի այդ, հուլիսի 3-ին մասնաճյուղի ոստիկանը փախուստի մեջ էր, իսկ այդ օրն, ինչին ականատես է եղել մեր թղթակիցը, մասնաճյուղի դռան փականը վնասված չէր: Պարզ էր, որ ոստիկանի «մատը խառն» էր այս գողության մեջ: Հուլիսի 6-ին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կազմակերպել են 1966թ. ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Արթուր Բ.-ն, 1971թ. ծնված, նախկինում դատված Արթուր Խ.-ն, 1974թ. ծնված, նախկինում դատված Սուրեն Հովհաննիսյանը եւ 1973թ. ծնված, ոստիկանության ՊՊՎ Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան Արսեն Հակոբյանը: Վերջին երկուսը ձերբակալված են, իսկ Արթուր Բ.-ի եւ Արթուր Խ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, Երեւանից եւ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի թաքստոցից հայտնաբերվել եւ առգրավվել է շուրջ 12 մլն դրամ, 6.620 դոլար, 14.000 ռուբլի, 500 եվրո, 50 ֆունտ ստեռլինգ եւ մոտ 16 կգ ընդհանուր կշռով ոսկյա զարդեր` 3 լիտրանոց ապակյա 3 տարաներում: