«Մեզ հակամարտության կարգավորում է պետք»

09/07/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աշոտ Ղուլյանի խոսքերով, այցը նպատակ ուներ առաջին հերթին ԱՄՆ քաղաքական շրջանակներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան իշխանությունների դիրքորոշման մասին: Ըստ Ղուլյանի՝ ԼՂՀ կառավարությունը յուրօրինակ հաշվետվություն է պատրաստել այն մասին, թե որքան արդյունավետ է օգտագործվել հումանիտար օգնությունը, որը 1998 թվականից սկսած ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ տրամադրվում է Ղարաբաղին: «Այս տարի, ինչպես հայտնի է, Սենատն արդեն հաստատել է Ղարաբաղին տրվող օգնության ծավալը, որը կազմում է 5 մլն դոլար` նախորդ տարվա 3 մլն-ի փոխարեն»,- ասել է խոսնակը:

ԼՂՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բոստոնում եւ Նյու Յորքում` հայկական սփյուռքի հետ, իսկ Վաշինգտոնում քաղաքական հանդիպումներ են կայացել: Մասնավորապես, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում անցկացվել է «Ղարաբաղյան հակամարտություն. խաղաղության նախադրյալներ» թեմայով գիտաժողով, որտեղ ղարաբաղյան պատվիրակությունը ներկայացրել է իր դիրքորոշումը: Տեղի է ունեցել նաեւ հանդիպում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

Այցի արդյունքների ամփոփումից հետո Ա. Ղուլյանը եւ Գ. Պետրոսյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկները հայկական կողմի համար ընդունելի են, ԼՂՀ ԱԺ նախագահն ասել է. «Օսկանյանն ասել է, որ համանախագահների առաջարկներն ընդունելի են միայն որպես բանակցությունների բազա: Եվ Ղարաբաղը, եւ Հայաստանը, մտահոգություն ունեն, եւ ոչ բոլոր կետերն են մեզ համար ընդունելի»: Նրա կարծիքով, համանախագահների հայտարարություններն արվել են հասարակական քննարկումներ նախաձեռնելու նպատակով:

Ա. Ղուլյանի կարծիքով` անկախության համար 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն կարելի է համարել ԼՂՀ անփոփոխ դիրքորոշում. «Թեկուզ այդ դիրքորոշումը չի ընդունվում, բայցեւ չի մերժվում»:

Իսկ ինչ վերաբերում է բանակցություններում Ղարաբաղի մասնակցությանը, ապա Ա. Ղուլյանի եւ Գ. Պետրոսյանի հավաստմամբ, դա բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայման է համարվում: «Պետք է վերականգնվի բանակցությունների բնական ձեւաչափը, որտեղ Ղարաբաղը հնարավորություն կունենա պաշտպանել իր շահերը: Ղարաբաղի մասնակցությունը կդառնա նշան այն բանի, որ Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների,- ասել է Գեորգի Պետրոսյանը: -Մենք ցանկանում ենք տեսնել ոչ թե հակամարտության հետեւանքների վերացումը, այլ նրա կարգավորումը: Հակամարտությունը սկսվել է Ադրբեջանին քաղաքական պահանջատիրություն ներկայացնելուց, որոնք բավարարված չեն մինչ օրս: Մենք մեզ վրա ենք վերցրել երկարատեւ խաղաղության ապահովման պարտականությունը եւ իրավունք ունենք ու պարտավոր ենք մասնակցել բանակցային գործընթացին»,- ասել է ԼՂՀ Արտաքին գերատեսչության ղեկավարը:

Գեորգի Պետրոսյանը նաեւ անդրադարձավ «Մեծ ութնյակի» Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը: Ըստ նրա, դրանից հետո չեն բացառվում նոր զարգացումները, բայցեւ ճեղքվածքի համար մեծ հնարավորություններ նախարարը չի տեսնում: «Հնարավոր է, որ համանախագահները կփորձեն անհատական կերպով ակտիվացնել իրենց երկրների դիրքորոշումները»,- ասել է նա:

Պատասխանելով 2006 թվականը կարգավորման տարի հայտարարելու մասին հարցին՝ արտգործնախարարը, նշելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ կարգավորմանը, ասել է. «Դա ակնհայտ է բոլորին: Կարգավորմանն Ադրբեջանի պատրաստ լինելու նշանը մեզ համար կլինի այն, երբ Բաքուն կհամաձայնի խոսել Ղարաբաղի հետ»: