ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները ոչ միայն ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված սպառնալիք էր, այլեւ բացահայտելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքները, նրանք նպատակ ունեին շոշափել հակամարտող երկրների հասարակությունների կարծիքները:
Իհարկե, առայժմ մեզանում որեւէ լուրջ հասարակական քննարկում չի կայացել: Ընդամենը ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է հանդես եկել հակամարտության կարգավորման վերաբերյալ մեկնաբանություններով: Իսկ քաղաքական կուսակցությունները, շատ չնչին բացառություններով, այս օրերին «բերանները ջուր առած նստել են»: Նրանցից ոմանք ընդհանրապես որեւէ պատկերացում, հետեւաբար` նաեւ դիրքորոշում չունեն ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, բացի շաբլոն խոսքերից: Մյուս մասն էլ՝ վախենալով դավաճանի պիտակից, խուսափում է խոստովանել, որ հակամարտող կողմերը պետք է գնան հստակ փոխզիջումների, որքան էլ որ այն իրենց համար ցավալի լինի:
Երեկ ԼՂ հիմնախնդրի լուծման սկզբունքների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը», ինչը վերածվեց ընդամենը Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված հավատարմության երդումների: Երիտասարդները երեկ հայտարարեցին, որ իրենք նամակ են հղել Ռոբերտ Քոչարյանին ու ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին` իրենց աջակցությունը հայտնելով «բանակցությունների ընթացքում առաջադրվելիք յուրաքանչյուր տարբերակի, որը բխում է արցախյան ինքնորոշման շահերից, եւ պատրաստակամություն ենք հայտնում ձեր հետ կիսելու ողջ պատասխանատվությունը հասարակության եւ միջազգային հանրության առջեւ»: Կուսակցական երիտասարդները երեկ նաեւ հասարակությանն էին կոչ անում համախմբվել իշխանությունների շուրջը: Թեեւ, ինչպես երեկվա քննարկման ժամանակ նկատեց ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ոչ մեկն իրավունք չունի ԼՂ հակամարտությունն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում դարձնել շահարկման առարկա: Մեզ հետ զրույցում նմանատիպ կարծիք հայտնեց հանդիպման մեկ այլ մասնակից` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Ես անընդունելի եմ համարում ընտրական արշավում ԼՂ հարցը քարոզչական նպատակներով օգտագործելը: Ես ազգային այդ խնդիրը վեր եմ համարում բոլոր տեսակի ընտրություններից եւ գտնում եմ, որ այն քաղաքական ուժերը, ովքեր այդ հարցը պետք է առաջիկայում շահարկեն, չեն գործում մեր ազգային շահերից»,- նկատեց Ա. Սիմոնյանը:
Ինչեւէ, հանդիպման ներկաներից փորձեցինք պարզել, թե իրենք որքանո՞վ են համաձայն Մեթյու Բրայզայի գաղտնազերծած սկզբունքների հետ: Եվ եթե առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, ստորագրի առաջարկվող այդ սկզբունքների տակ, ինչպիսի՞ն կլինի իրենց վերաբերմունքը: Ընդհանրապես հանդիպման մասնակիցները խուսափում էին կոնկրետ գնահատականներ տալուց` մեկնաբանելով, թե քանի դեռ հրապարակված չեն հակամարտության խնդրի կարգավորման դետալները, դժվար է դրանց վերաբերյալ գնահատականներ տալ: Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքերով, Բրայզայի կողմից ներկայացված սկզբունքները կարող են հիմք ծառայել հետագա բանակցությունների համար: «Ամեն մի սկզբունքը պետք է կոնկրետանա, քանի որ չի կարելի այսպիսի անորոշ վիճակում թողնել»,- ասում է պարոն Զոլյանը: Վերջինիս խոսքերով, հատկապես հստակեցման կարիք ունեն տարածքների վերադարձման եւ հանրաքվեի հարցերը: «Առանց դրանց, բնական է, փաստաթուղթը հավասարակշռված չի լինի»,- կարծում է Սուրեն Զոլյանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքերով, կան հիմնարար սկզբունքներ, որոնք բանակցությունների ժամանակ ընդհանրապես քննարկման ենթակա չեն: «Դա ԼՂ բնակչության անվտանգության խնդիրն է, ԼՂ Հանրապետության գոյության փաստն է, որը ոչ մի կերպ, ես կարծում եմ, առեւտուր անելու կամ քննարկման խնդիր չպետք է դառնա»,- ասաց ԵՊՀ ռեկտորը: Արամ Սիմոնյանի խոսքերով, բանակցությունների ընթացքն ու դրանց ավարտը պայմանավորված է «մեր էթնոսի միասնականությամբ»: Իսկ երիտասարդական կուսակցության փոխնախագահ Վահան Բաբայանն էլ իրենց դիրքորոշման մասին խոստացավ ասել այն բանից հետո, երբ Բրայզայի բացահայտած սկզբունքների մասին գնահատականներ կտան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: «ՀՀ իշխանությունները դեռեւս պաշտոնական կարծիք չեն հայտնել սկզբունքների մասին: Լեռնային Ղարաբաղն արդեն վաղուց անցկացրել է իր հանրաքվեն եւ վճռել ազատ-անկախ ապրելու իր իրավունքը: Մենք էլ դրա կողմնակիցն ենք: Եվ ով պաշտպանի նրանց դիրքորոշումը, մենք նրա հետ կլինենք»,- ասաց երբեմնի ընդդիմադիր Վահան Բաբայանը` ավելացնելով, որ փոխզիջումները պետք է բխեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ժողովուրդների շահերից: