Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն տվեց կառավարության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Գերմանական ներդրումների եւ զարգացման ընկերության միջեւ կնքվող «Ուղղակի պայմանագրին»: Գործադիրը լիազորել էր ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանին` Կառավարության անունից ստորագրել այդ պայմանագիրը: Իսկ ՔԱԳՎ-ի հետ հարցը քննարկելու համար տրված էր եռօրյա ժամկետ: Ինչպես տեղեկացանք ՔԱԳՎ պետի մամուլի քարտուղար Գայանե Դավթյանից, խոսքը «Զվարթնոցին» տրամադրվելիք 30 մլն դոլար արժողությամբ վարկային ծրագրի մասին է: ՎԶԵԲ-ը եւ Գերմանական ներդրումների եւ զարգացման ընկերությունը վարկը տալիս են 7 տարի ժամկետով: Փոխառության նպատակն օդանավակայանի վերակառուցումն, արդիականացումն ու վերազինումն է, որպեսզի «Զվարթնոցը» համապատասխանի Օդային Տրանսպորտի Միջազգային ասոցիացիայի դասակարգման «C» կարգին: ՔԱԳՎ պետը վերոնշյալ պայմանագիրը պետք է ստորագրի 10-օրյա ժամկետում: