2000 թվականից սկսած «Մաքս գրուպը» Հայաստանում եւ Արցախում վարձակալել ու գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել ավելի քան 15.000 հա հողատարածքում: Ինչպես նշեց «Մաքս գրուպի» բաժնետեր Խաչիկ Մանուկյանը, դրանք հիմնականում եղել են անօգտագործելի հողեր, որոնց վրա իրականացվել են մելիորացման աշխատանքներ, անցկացվել են ջրագծեր: Աճեցրել են ցորեն, եգիպտացորեն, տնկել են այգիներ: Այժմ, երբ «Մաքս գրուպն» արդեն 6000 հա-ի սեփականատեր է, մտադիր է զարկ տալ նաեւ անասնաբուծությանը, մասնավորապես, ինչպես նշեց Խաչիկ Մանուկյանը, խոզի մսի արտադրությանը, որովհետեւ, «երբ նայում ես, թե խոզի կամ հավի մսի ինչպիսի պահանջարկ կա, ինչ լուրջ քանակություններ են ներմուծվում, մտածում ես՝ ինչո՞ւ այդ ամենն այստեղ չկազմակերպել ու դրանից ստացվող լուրջ եկամուտը մեզ չպահել»: Այդ ծրագրի իրականացման համար արդեն մասնագետներ են հրավիրվել Հոլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, ովքեր կուսումնասիրեն մեր բնակլիմայական պայմաններն ու համապատասխան եզրակացություն կանեն՝ թե խոզի որ տեսակը կարդարացնի մեր հույսերը, «որովհետեւ դա լուրջ ներդրում պահանջող ծրագիր է, իսկ մենք մեծ գումարներ չունենք»:
Ն. Ա.