Պարզ է, որ սննդակարգի մեջ հիմնականը համարվող բուսական սնունդն ամռանը պիտի ավելի էժան լինի: Այս հույսով ՀՀ շարքային քաղաքացին շտապում է, որ ամառը շուտ գա, բանջարեղենը դուրս գա, ու ինքն ուտելու վրա մի քիչ պակաս գումար ծախսի: Բայց արի ու տես, որ վերջին տարիներին այս սպասելիքները մասամբ զուր են լինում: Ամեն տարի գյուղատնտեսական մի աղետ՝ կարկուտ, երկարատեւ անձրեւ կամ երաշտ սպանում է ՀՀ շարքային քաղաքացու կամ գյուղացու հույսը: Պարզ է, որ նման պայմաններում ամռանն էժան համարվող գյուղատնտեսական արտադրանքը սպասվածից քիչ է լինում, եւ այդ պատճառով էլ ավելի թանկ է լինում: Դրան գումարենք նաեւ վերջին տարիներին գյուղատնտեսական շուկայի վերադասավորումները, արդյունքում կունենանք այն իրավիճակը, ինչ հիմա ունենք. գյուղատնտեսական ապրանքների գներն ամռանն էլ բավականին բարձր են լինում, որը շատ հաճախ արհեստական է եւ տրամաբանության չի ենթարկվում: Այսինքն՝ քաղաքացին սպասում է, որ հիմա շուկայից կարող է 1 կգ պոմիդորը գնել գոնե 100-150 դրամով, նույնն էլ` ծիրանը, կարտոֆիլն ու վարունգը: Սակայն շուկաներում վաճառվող հիմնական՝ ամենօրյա օգտագործվող մթերքի այս տեսակները հիմնականում եռակի, շատ քիչ դեպքերում կրկնակի չափով թանկ են՝ 350-450 դրամ կամ 1 դոլար:
Այս սեզոնին, որպեսզի ՀՀ միջին ընտանիքը սոված չմնա, պետք է օրական սպառի նվազագույնը 1-ական կգ պոմիդոր, վարունգ, կարտոֆիլ, սմբուկ, լոբի, ծիրան եւ, ասենք, կեռաս: Այսինքն՝ այդ ընտանիքը միայն շուկայում օրական կծախսի նվազագույնը 7 դոլար կամ մոտ 3000 դրամ: Իհարկե, այս ամենն «ուտելու» վիճակին բերելու համար անհրաժեշտ է նաեւ տրանսպորտ, կրակ, յուղ եւ այլն, ինչն ավելի է մեծացնում ընդհանուր գումարը: Առաջին հայացքից սա միգուցե մեծ ծախս չթվա, բայց որտեղի՞ց այսքան գումար այն ընտանիքին, որն ընդամենը «հայկական աշխատավարձ» ստացող մի աշխատող ունի: Իսկ մեր շրջապատում այդպիսի ընտանիքների թիվը քիչ չէ:
Բոլոր դեպքերում մեր տանտիրուհիներն ավանդաբար օգտվում են մթերային շուկաներից եւ ամեն մի մթերքից անհրաժեշտ մի քանի կիլոգրամի փոխարեն գնում են մեկ-երկու կիլոգրամ: Եվ շուկայում գները հարցնելիս յուրաքանչյուր վաճառողի վրա պարտադիր «մուննաթ» են գալիս՝ «հորդ գինն ես դրել վրան»: Վաճառողն էլ «տակ» չի մնում ու հակադարձում է՝ «Դու էլ քո հոր գինը դիր ու առ»: Այսքանից հետո գնորդը ռիսկ չի անում սակարկել, գնում է մթերքը, փնթփնթալով ու հայհոյելով գներ սահմանողին ու աշխարհ ստեղծողին՝ շուկայից դժգոհ դուրս է գալիս: Գնորդին թվում է, թե գյուղատնտեսական ապրանքների գները սահմանում է գյուղացին: Սակայն, երբ խորանում ես այս շուկայի կառուցվածքի մեջ, հասկանում ես, որ գյուղացին այստեղ ընդամենն աճեցնողն է: Մնացածն արդեն որոշում են շուկայում «եղանակ ստեղծողները»: Գաղտնիք չէ, որ գյուղացին չի քաղաքի շուկայում իր ապրանքը վաճառում, շատ դեպքերում վերավաճառողները նրան թույլ էլ չեն տալիս: Նա իր պոմիդորն ու կարտոֆիլը հասցնում է շուկա, հանձնում է «բիրիքով» վաճառողին ու այդտեղ էլ փակում է իր գործի վերջին օղակը: Այս վերավաճառողն էլ իր հերթին է գնած բեռը վաճառում մի քանի վերավաճառողների, այստեղից հետո նոր մթերքը հանվում է մանրածախ վաճառքի: Ուրեմն՝ գյուղացի-մեծածախ վերավաճառող-մանրածախ վերավաճառող ճանապարհին գյուղմթերքի գները ձնագնդիի նման մեծանում են: Ընդունված է, որ նույն խմբաքանակ մթերքի վրա այս երեք վաճառողները ստանում են նույնքան եկամուտ: Դրա չափ էլ ստանում են շուկայի տերերը՝ իրենց տարածքները գյուղացուն, մեծածախ ու մանրածախ վերավաճառողներին վարձով տալով: Ահա թե ինչու են գյուղմթերքի գներն այսքան բարձր: Բայց սա դեռ ամենը չէ:
Երբ մեծ թափ ստացավ ծիրանի արտահանումը, մեր «եղանակ ստեղծողները» հասկացան, որ այս գործի վրա կարելի է մեծ փողեր աշխատել: Նրանք նույնիսկ վրացի արտահանողներին արգելեցին մտնել Հայաստանի գյուղացու այգիները: Վրացիները ծիրանի համար ավելի բարձր գին էին վճարում, քան մեր արտահանողները: Մերոնց ձեռ չէր տալիս այս մրցակցությունը, նախ՝ որ արտահանվող ծիրանի քանակը անսահմանափակ չէ, եւ հետո՝ վրացիներին ներս չթողնելով, մերոնք գյուղացուն վճարում էին իրենց ուզած ավելի էժան գնով: Այս եղանակով մերոնք հասկացան, որ ծիրանի ու կեռասի արտահանումը գնալով դառնում է ավելի եկամտաբեր ու լուրջ բիզնես: Հիմա մրգի արտահանման ոլորտում սկսել է մոնոպոլիա ձեւավորվել: Արմավիրցիներն ասում են, որ իրենց մարզում ծիրանի արտահանումը վերահսկում է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Նա ծիրանի այգիները վերահսկում է բառիս բուն իմաստով: Այգետերերը պատմում են, որ Հ.Աբրահամյանի աշխատողները ծիրանի այգիների բերքը մինչեւ հասունանալն են գնում ու բերքահավաքի ժամանակ էլ այգիներում պահակ են կանգնում, որ տերն ավելի թանկ գնով վրացիներին կամ այլ գնորդներին չվաճառի: Հայաստանի շուկաներն է դուրս գալիս արդեն երրորդ սորտի ծիրանը. բերքի լավագույն մասն արտահանվում է:
Իսկ բանջարաբոստանային մթերքների թանկությունն էլ իր բացատրությունն ունի: Նախ` ասենք, որ, այսպես ասած, հողի պոմիդորն ու վարունգը դեռ դուրս չի եկել: Դուրս գալուց հետո մի քիչ էժանություն սպասվում է: Սակայն այստեղ ձեւավորված գներն էլ արհեստական են: Այս շուկան, բացի վերավաճառողներից, վերահսկում են նաեւ «եղանակ ստեղծող» ավելի մեծ շնաձկները: Մեր զրուցակից «շուկայագետները» պատմում են, որ երբ գարնանն արգելվեց Թուրքիայից սննդամթերքի ներմուծումը, բնական է, դա վերաբերեց նաեւ գյուղմթերքին: Մի քանի ամիս է, ինչ Թուրքիայից եւ Վրաստանից Հայաստան գյուղմթերք չի մտել: Իսկ այդ հանգամանքն իր բացասական ազդեցությունն է ունեցել գյուղմթերքի գների վրա: «Շուկայագետները» մեզ հավատացնում են, որ այստեղ էլ գին են որոշում ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն ու Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները: Լավատեղյակներն ասում են, որ Ա.Բաղդասարյանը Ձորաղբյուրի կողմերում մեծ ջերմոցներ ունի եւ պոմիդոր, վարունգ ու այլ բաներ է աճեցնում: Նույնն անում են նաեւ ԱԱԾ-ի ղեկավարները: Շուկայում հիմա վաճառվում է նրանց բերքը, եւ իրենց սահմանած գներով գյուղացուն ու վերավաճառողներին ստիպում են իրենց խաղի կանոններով շարժվել: Եվ իզուր է քաղաքացի սպառողը պոմիդորի, վարունգի, ծիրանի ու գյուղատնտեսական մյուս ապրանքների թանկության համար հայհոյում «զարգացած» գյուղացուն: