Երեկ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում Միջպետական Ավիացիոն Կոմիտեն (ՄԱԿ) ավարտել է մայիսի 3-ին Երեւան-Սոչի չվերթն իրականացնող «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռի վերջին վթարային թռիչքի մոդելավորման աշխատանքները: Այս մասին երեկ հաղորդեց ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ):
Աղետի ենթարկված օդանավի թռիչքի մոդելավորումը կատարվել է «Airbus SAS» ընկերությունում՝ ՀՀ եւ ՌԴ ավիացիոն իշխանությունների, Ֆրանսիայի Հետազոտական եւ վերլուծական բյուրոյի մասնագետների մասնակցությամբ: Վթարի հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասնագետներին վարժասարքի միջոցով հաջողվել է ստանալ օդանավի վերջին թռիչքի մոդելը՝ համադրելով ինքնագրիչների ձայնային եւ թռիչքային պարամետրերը: ՔԱԳՎ հաղորդագրության համաձայն, մոդելավորման աշխատանքների արդյունքում հանձնաժողովը ստացել է կարեւոր նոր տեղեկություններ, որոնք համեմատվելու են արդեն ունեցած տվյալների հետ: Դրանից հետո միայն ՄԱԿ-ը կներկայացնի հանձնաժողովի վերջնական եզրակացությունը: Աղետի ենթարկված ինքնաթիռի վերջին վթարային թռիչքի մոդելավորման աշխատանքները հետաքննության վերջին փուլում են, իսկ հուլիսի 10-ին կավարտվեն աղետի հետեւանքներն ուսումնասիրող ՄԱԿ-ի ենթահանձնաժողովների մասնագիտական քննարկումները: Վերջիններիս Հայաստանի կողմից մասնակցելու է ՔԱԳՎ Թռիչքային անվտանգության տեսչության վարչության պետի տեղակալ Գագիկ Գալստյանը:
Մինչ Ֆրանսիայում շարունակվում է մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի հնարավոր պատճառների ուսումնասիրությունը, եւ ՄԱԿ-ը նոր կարեւոր տեղեկություններ է հայտնաբերում, ռուսական լրատվամիջոցները շարունակում են լրագրողական հետաքննություն անցկացնել: Հուլիսի 6-ին «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթը, մանրամասնորեն ներկայացնելով կործանված Ա-320-ի վերծանված ինքնագրիչների տվյալները, իրավիճակը վերլուծելու համար դիմել էր փորձարկիչ օդաչու Ալեքսանդր Ակիմենկովի օգնությանը: Նրա խոսքերով, օդանավի հրամանատարական կազմին բարձրությունը չի բավարարել, որովհետեւ ջրի հետ բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը պատրաստվել է հորիզոնական թռիչքի: «Ես գտնում եմ, որ հրամանատարական կազմի իրար չհամապատասխանող գործողությունները տեխնիկայի արդյունք են. օրինակ՝ ավտոպիլոտի հանկարծակի անջատման հետեւանք»,- ասել է Ակիմենկովը: Մեկնաբանելով վերջին վայրկյաններին ինքնաթիռի օդաչուների կաբինայում տեղի ունեցածը՝ նա գտնում է, որ այս ողբերգության մեջ չպետք է մեղադրել միայն հրամանատարական կազմին: «Հարցրեք օդաչուներին, նրանք ձեզ կպատմեն, որ եվրոպական ինքնաթիռներում ավտոպիլոտի հետ առաջին անգամ չէ, որ խնդիրներ են լինում: Սակայն ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել դրանց շահագործումն, ինչպես վերջերս արեցին ռուսական «Իլ-96»-երի հետ: Ուզում եմ առանձնապես ընդգծել, որ օդաչուներիս մեջ ինքնասպաններ չկան, եւ եթե ինքնաթիռի անձնակազմը կործանվում է՝ իր ետեւից տանելով հարյուրավոր ուղեւորներ, ապա մեղավորներին պետք է փնտրել ողջ մնացածների մեջ»,- ասել է փորձարկիչ օդաչուն:
Փաստորեն, ինքնագրիչների վերծանումից հետո, երբ բոլոր ոչ պաշտոնական տեղեկություններով` ամեն ինչ «բարդվում» էր օդաչուների վրա, «Մոսկովսկի Կոմսոմոլեցն» առաջին անգամ առաջ քաշեց «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռի անսարքության վարկածը: Սակայն դեռ բոլոր վարկածներն ու տեղեկությունները մնում են ոչ պաշտոնական, պետք է սպասել եւս 2-3 օր, ու ՄԱԿ-ն իր վերջնական խոսքը կասի: