Սպառնում են հացադուլ անել

09/07/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ԱԺ-ին առաջարկել է ընդունել դատապարտված անձանց որոշ կատեգորիաներին համաներում շնորհելու մասին որոշում:

Երեկ արդեն հայտնի էր, թե որ դեպքերում եւ ՔՕ որ հոդվածներով կատարված հանցագործությունների վրա է տարածվելու համաներումը: Դրանցում բացառություն են կազմում առանձնապես ծանր եւ ծանր հանցագործություններ կատարած անձինք: Այսինքն՝ Քր.օր-ի շուրջ 200 հոդվածների վրա այն չի տարածվելու: Արդեն խոսակցություններ կան, որ համաներման կիրառումից ազատ կարձակվեն 600-700 դատապարտյալներ: Նախատեսվում է համաներման միջոցով մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը կրճատել կիսով չափ կամ 1/3-ով: Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն անցկացնող որոշ դատապարտյալների շրջանակում արդեն բողոքի ալիք է բարձրացել: Վերջիններս խիստ վիրավորվել են Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից, ով, ըստ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտված Ստեփան Հարությունյանի, ասել է` «Մեծ սրոկ ունեցողները հույս չունենան, որ պատիժը թափելու ենք»: Նախկինում մահապատժի, իսկ ներկայումս մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինված ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանը թեեւ մեր իշխանություններից լավ բան չի սպասում, բայցեւայնպես` իշխանություններին առաջարկում է այլ երկրների ռազմավարությանն ուշադրություն դարձնել: «Թող Թուրքմենիայի իշխանությունից օրինակ վերցնեն: Իրենց անկախության տասնամյակին նվիրված համաներման ժամանակ 18.000 կալանավոր ազատ արձակեցին, իսկ 9000-ի պատժաչափերը կիսով չափ թափեցին: Թող Բաքվից, Վրաստանից, ՌԴ-ից օրինակ վերցնեն, թե համաներում անելով ոնց կարելի է ճիշտ աշխատել: Ռուսաստանը տեռորիստին ազատ արձակեց ու հայտարարեց, որ հետագան իրավապահների խնդիրն է: Դուք մի հատ պատկերացրեք, թե քանի ընտանիքի կուրախացներ մեր պետությունը»,- ասում է ցմահ դատապարտված Ս. Գրիգորյանը: Վերջինս, ի դեպ, հայտարարեց, որ իրենց բողոքն արտահայտելու համար շուտով հացադուլ են սկսելու: Մեր դիտարկմանը, թե առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց վրա համաներում չտարածելը մեր պաշտոնյաների կողմից նաեւ բացատրվում է հասարակությանը կրիմինալ վտանգից պաշտպանելով, Ս. Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ կրիմինալ, հասարակությանն ի՞նչ վտանգ պիտի սպառնա, բոլորս ընտանիքի, երեխաների տեր մարդիկ ենք: Շատերիս պատիժն անարդար է: Կրիմինալի մասին դատախազության պորտաբույծները թող մտածեն ու իրենց աշխատանքը կատարեն: Էդ պորտաբույծներին թող լուծարեն ու Դատախազությունը մի 5 հոգանոց բաժանմունք սարքեն: Թե չէ սաղ ծառ են տնկում»,- առաջարկում է Ս. Գրիգորյանը: