Հայ իրականության մեջ այսօր արդեն կա մի դպրոց, որտեղ միաժամանակ փոխնախարարը, լրագրողը, քաղաքական գործիչը եւ, ասենք, մուլտիպլիկատորը կարող են ընդհանուր լեզու գտնել իրար հետ ու անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, առանց փոխադարձ վիրավորանքների միասնական աշխատանք կատարել, ինչո՞ւ չէ՝ նաեւ պարել, երգել ու ընկերանալ։
Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոց (ՔԴԵԴ). այս դպրոցը` ունենալով ընդամենը մեկ տարվա կյանք, արդեն կարողացել է կայուն դիրք գրավել եւ դառնալ լուրջ ուսումնական կենտրոն անգամ այնպիսի մարդկանց համար, ովքեր այսօր արդեն ունեն անուն, պաշտոն ու հեղինակություն, ու թվում էր, թե եւս մեկ դպրոցի կարիքը չպիտի ունենային։
«Դպրոցում սովորում է եւ «Ա1+-ի»-ի լրագրողը, եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը։ Չնայած կողմերի միջեւ ծագած անհամաձայնությանը, դպրոցի շնորհիվ կողմերն անգամ ընկերացան»,- ասում է ՔԴԵԴ-ի տնօրեն, ճանաչված լրագրող Արմեն Զաքարյանը։
Ըստ Ա. Զաքարյանի՝ դպրոցն ունի երկու հիմնական ֆունկցիա։ «Առաջինը՝ միավորում է քաղաքական մասնակցություն ունեցող երիտասարդներին, երկրորդը՝ իրականացնում է ոչ ակադեմիական, այլ գործնական, կիրառական քաղաքագիտության կուրս»,- ասում է Ա. Զաքարյանը։
12 քաղաքներում գործում է այս դպրոցը: Ընդ որում՝ հենց Մոսկվայի քաղաքական դասընթացների դպրոցն ավարտած հայ աշակերտներից շատերն այսօր մեզանում զբաղեցնում են բավական լուրջ պաշտոններ (Շավարշ Քոչարյան, Սուրեն Զոլյան եւ այլք)։
Յուրաքանչյուր դպրոց ունի իր ծրագիրը։ Հայկական դպրոցի ուսումնական ծրագրի շրջանակներում կազմակերպվում է 4 սեմինար։ «Սովորաբար սեմինարները կազմակերպվում են Երեւանից դուրս։ Մարդիկ մեկ շաբաթ իրար հետ ապրում են, պարապում են, մշակումներ են կատարում։ Սոցիալիզացիայի խնդիրն այս միջոցով լուծվում է»,- նշում է Ա. Զաքարյանը։
Ուսումնական այս ծրագրի արդեն առաջին դասարանում ընդգրկված էին իշխանության, ընդդիմության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, նախարարությունների աշխատակազմերի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ, հայտնի ու անհայտ լրագրողներ, գիտնականներ։
«Այս դպրոցն այն ասպարեզն է, որտեղ մի քանի տարվա ընթացքում տեղի կունենա ինտելեկտուալ ուժի կուտակում եւ համախմբում։ Այս դպրոցն այդ հնարավորությունը տալիս է»,- ասում է Ա. Զաքարյանը։
Սեմինարներ, տնային աշխատանքներ, բանավեճեր, տարբեր քաղաքական խնդիրների պրակտիկ լուծումներ ու այլ հետաքրքիր եւ կարեւոր աշխատանքներ է կատարել դպրոցն իր գործունեության մեկ տարվա ընթացքում։
Քննարկումների համար ընտրված թեմաներն անմիջապես առնչվում են այսօրվա քաղաքական իրավիճակին, պրակտիկ քաղաքականության խնդիրներին՝ «Հայաստանի դերը գլոբալացվող աշխարհում», «Հայաստանի ժողովրդավարական զարգացումների բովանդակությունը», «Հայաստանի եվրաինտեգրման ընթացքը» եւ այլ կենսական թեմաներ։
«Ես տեսա, որ այստեղ հավաքված են Հայաստանի ապագայով մտահոգված մարդիկ»,- այսպես է արտահայտվել դպրոցի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ով առիթ է ունեցել դասախոսություններ կարդալ հայկական դպրոցի աշակերտների համար՝ «ԱՄՆ-ի եւ Հայաստանի ապագան» թեմայով։ Դասախոսություններով հանդես են եկել Սորբոնի, Փարիզի, ԱՄՆ, Համբուրգի համալսարանների դասախոսներ, ԵԽ-ի ներկայացուցիչներ, դեսպաններ, ինչպես նաեւ` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես՝ ԿԲ նախագահը, ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ այլք։
Հուլիսի 10-14-ը ՔԴԵԴ-ը կլինի Ստրասբուրգում
Այս դպրոցի ուսումնական ծրագրի վերջնական արդյունքներն ամփոփվում են Ստրասբուրգում, որտեղ հավաքվում են բոլոր 12 դպրոցների շրջանավարտները՝ մասնակցելու «Ժողովրդավարության ամառային դպրոցի» համադպրոցական սեմինարին։
Այս տարի հուլիսի 10-14-ը ՔԴԵԴ-ի 40 հոգուց բաղկացած հայկական խումբը, որից 35-ն աշակերտներն են, կմեկնի Ստրասբուրգ։
«Առաջին անգամ բոլոր դպրոցները հանդիպելու են միասին Ստրասբուրգում։ Մինչ այդ յուրաքանչյուր դպրոց առանձին-առանձին էր ներկայանում Ստրասբուրգ։ Սա լինելու է երեւանյան դպրոցի առաջին մեկնումը։ Փորձ չունենք, սակայն լավ ենք պատրաստվել սեմինարին, փոքրիկ ֆիլմ ենք պատրաստել Հայաստանում մեր աշխատանքների մասին, որը Ստրասբուրգում կներկայացնենք»,- ասում է Ա. Զաքարյանը։
Սեմինարի ընթացքում ելույթներով հանդես կգան ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, Բուլղարիայի վարչապետը, Սլովենիայի նախկին նախագահը, Ռումինիայի ԱԳ նախկին նախարարը, Նոբելյան մրցանակակիր Ջոն Հյումը եւ այլ անվանի մարդիկ։ Զեկույցների ընթացքում կլինեն նաեւ քննարկումներ։
Ստրասբուրգ այցի շրջանակներում երեւանյան խումբը երեք մեծ կոնֆերանսների կմասնակցի, կայցելի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ARTE ֆրանս-գերմանական համատեղ գործող հեռուստակայան։
Բացի այդ, յուրաքանչյուր դպրոց կունենա նախապես ընտրված թեմաներով իր առանձին քննարկումները։ Երեւանի դպրոցը երկու թեմայով քննարկում է անցկացնելու Բուխարեստի եւ Սոֆիայի դպրոցների հետ։ «Այս ամենը հնարավորություն կտա մեր դպրոցի մասնակցիներին շփվել 11 դպրոցների մասնակիցների հետ, կապեր ստեղծել, փորձի փոխանակում կատարել։ Կարելի է ասել, որ սա Արեւելյան Եվրոպայում դեմոկրատիայի համախմբման առաջին փորձն է, եւ կարծում եմ, որ դրա համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Եվրոպական խորհրդին՝ այսպիսի համաեվրոպական միջոցառում կազմակերպելու համար»,- ասում է դպրոցի տնօրեն Ա. Զաքարյանը։
Հայաստանում բացառիկ այս դպրոցը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն քաղաքական մտածելակերպ, վերլուծական միտք, տրամաբանություն։ Ի դեպ, մեր տարածաշրջանում առաջինը Վրաստանն էր, որ դեռեւս 9 տարի առաջ բացեց այսպիսի դպրոց։ Իսկ Երեւանի դպրոցի կազմավորումից հետո Ադրբեջանն է հայտ ներկայացրել ԵԽ, որպեսզի այնտեղ էլ ստեղծվի նմանատիպ դպրոց։