Ակնարկներ անհայտ բարեկամիս

09/07/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, օրերս էլ` Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իրենց քաղաքական ապագան փորձում են ներկայացնել անախրոնիկ դարձած ռեբուսի ժանրով: «Գուցե անդամակցեմ Հանրապետական կուսակցությանը: Տեսնենք: Դեռ պարզ չէ: Պարզ կդառնա տասը օրից: Կլինի համագումարը՝ կիմանաք»: Սա Սերժ Սարգսյանի հայտարարության մոտավոր տեքստն է: Եվ դա` այն բանից հետո, երբ արդեն հանրապետականներն ի լուր ամենքի՝ Գալուստ Սահակյանի շուրթերով, հայտարարել են, թե իրենք Սերժ Սարգսյանի կուսակցությունն են: Օրերս հերթական կոնսպիրացված հայտարարությամբ հանդես եկած Դավիթ Հարությունյանի խոսքերից, թե ինքը որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, քանի որ անկուսակցականի վիճակն այլեւս իր համար չէ, դարձյալ ոչինչ հասկանալի չէր: Նման հայտարարություններից հետո սկզբում շատերը սկսում են տառապել թերարժեքության կոմպլեքսով՝ արդյո՞ք սկսել են լավ չընկալել ասված արժեքավոր մտքերի խորությունը: Սակայն դա կարճատեւ պրոցես է. քիչ անց վրա հասած պայծառամտությունը թույլ է տալիս հասկանալ, որ բարձր պաշտոնյաների՝ միմյանց հակասող մտքերը սոսկ ակնարկ են՝ ուղղված մեզ դեռեւս անհայտ հասցեատիրոջը: Եվ, քանի որ, ինչպես նշեցինք, շարքային քաղաքացիների համար այս ամենն այնքան էլ հասկանալի չէ, նախ՝ դիմեցինք Դավիթ Հարությունյանի՝ արդեն էքս-մամլո խոսնակ Արա Սաղաթելյանին՝ փորձելով նրա միջոցով հասկանալ, թե ո՞րն է լինելու այն երջանիկ կուսակցությունը, որին կանդամակցի նախարարը: «Դավիթ Հարությունյանին ես գիտեմ թե՛ որպես ընկեր, թե՛ որպես գործընկեր: Նա, սովորաբար, չհիմնավորված քայլեր չի անում: Նա կուսակցություն ստեղծելը միշտ համարել է անիմաստ: Եթե նա որոշել է զբաղվել հանրային քաղաքականությամբ, կարծում եմ՝ կանդամակցի որեւէ կուսակցության: Վերջին րոպեին նա կարող է ընդունել այնպիսի որոշում, որը բոլորի համար կլինի անակնկալ: Չէ՞ որ իմ հրաժարականի դիմումն էլ էր անակնկալ: Ես դա սովորել եմ իրենից»: Ասենք՝ չի բացառվում, որ մեկ էլ հանկարծ Դավիթ Հարությունյանը որոշի խորհրդարանական ընտրություններին մասնակցել մեծամասնական ընտրակարգով, ինչպես դա եղավ ԳԽ-ի ընտրությունների ժամանակ: Մեր փորձերը՝ Արա Սաղաթելյանից ճշտել, թե «իմ թիմ» ասելով՝ ո՞ւմ նկատի ուներ արդարադատության նախարարը՝ իր ղեկավարած ոլորտի աշխատակիցների՞ն, դատավորների՞ն, փոխնախարարների՞ն, պարոն Սաղաթելյանն ասաց. «Ո՛չ: Իր թիմում հիմնականում համախոհներ են ու ընկերներ, որոնցից յուրաքանչյուրն իր գործի մասնագետն է»:

Վերոնշյալ կարճ ու անորոշ տեքստով հայտարարությունների մասին խնդրեցինք նաեւ Կարապետ Ռուբինյանի մեկնաբանությունը: Վերջինս (որքանով մենք արձանագրեցինք՝ Դավիթ Հարությունյանի մասին խոսում էր ամենեւին ոչ հաճույքով, եթե չասենք՝ տհաճությամբ) ասաց. «Այս ամենի մեջ ես խուճապի նշաններ եմ տեսնում, որովհետեւ եթե մենք՝ սովորական քաղաքացիներս, անորոշության մեջ ենք, դա հասկանալի է. Հայաստանում հրապարակային քաղաքականություն արդեն վաղուց չի վարվում: Հիմա այդ կուլիսային քաղաքականությունն ու դրա հետեւանքներն արդեն տարածվել են քաղաքականության, իշխանության մեջ գտնվող մարդկանց վրա: Այսինքն՝ փաստ է, որ Քոչարյանը շուտով (լինի դա արտահերթ ընտրությունների թե նախագահի ժամկետը լրանալու դեպքում) հեռանալու է, եւ մարդիկ փորձում են ապահովագրել իրենց ապագան: Իշխանության մեջ մնալու բուռն ցանկությունը նրանք վաղուց են արտահայտել: Հիմա էլ փորձում են ինչ-որ ձեւով ապահովագրել իրենց ապագան՝ առանց Քոչարյանի: Ու քանի որ նրանց համար էլ է անհայտ, թե իրենց ուղեղում ինչ պլաններ ունեն Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, նրանք արդեն խուճապի մեջ են ընկնում եւ չեն կարողանում կողմնորոշվել»: Ըստ մեր զրուցակցի՝ դա է պատճառը, որ ականատես ենք լինում տարբեր դրսեւորումների: Ասենք՝ միլիոններ են ծախսում՝ կուսակցություն ստեղծելու համար՝ առանց հրապարակելու դրա իմաստն ու անհրաժեշտությունը: «Ականատես եղանք մի շատ հզոր կուսակցական շարժման, որը մեկ օրում տապալվեց, որի անունն արդեն հասցրել եմ մոռանալ՝ Արտաշես Թումանյանի կուսակցությունը: Հիմա ականատեսն ենք մի շատ հզոր «կուսակցաշինության» (տես՝ «Բարգավաճ Հայաստանը»): Տեսնում ենք, թե մանր, միջին ու բարձր պաշտոնյաներն ինչպիսի խուճապահար ջղաձգումներ են անում: Մեկ ասում են, թե թիմ ունեն, բայց չեն ասում՝ դա լողափի վոլեյբոլի՞ թիմ է (որն, ի դեպ, երկու հոգուց է կազմված), թե՞, ենթադրենք, հոկեյի թիմ է: Կամ ասում են, թե չեն բացառում իրենց անդամակցությունը որեւէ կուսակցության՝ առանց ճշտելու, թե դա ո՞ր կուսակցությունն է եւ, առհասարակ, քաղաքականության մեջ իրենց մնալու նպատակը ո՞րն է»: Մեր հարցին, թե իրո՞ք բարդ է զբաղեցնել կառավարության անդամի պաշտոնը՝ մնալով անկուսակցական, ինչպես իր վերջին հայտարարության մեջ ասում էր Դավիթ Հարությունյանը, զրուցակիցս պատասխանեց. «Դա հնարավոր էր, երբ իշխանությունը զավթած Քոչարյանը հայտարարում էր, թե իր կուսակցությունն իր ժողովուրդն է: Եվ պապայի հովանու տակ շատ մոդայիկ էր՝ չլինելով որեւէ կուսակցության անդամ՝ պաշտոն զբաղեցնել: Ու հիմա էլ Դավիթ Հարությունյանը, որն իր կարծիքով շատ բարեհաջող ղեկավարել է արդարադատության համակարգը, հանկարծ որոշեց, որ հնարավոր չէ առանց որեւէ կուսակցության անդամակցելու: Եթե Քոչարյանը մնար երրորդ ժամկետով, Դավիթ Հարությունյանի գլխում նման միտք ընդհանրապես չէր փայլատակի: Տեղի է ունենում պայմանների փոփոխություն. պապան հեռանում է, եւ նոր իրավիճակում պետք է ինչ-որ կերպ հարմարվել: Տեսնում է, որ Սերժ Սարգսյանը մտնում է հանրապետական կուսակցություն… Եթե Սարգսյանը եւս հայտարարեր, թե իր կուսակցությունն իր ժողովուրդն է, ապա Դավիթ Հարությունյանը դարձյալ չէր որոշի անդամակցել որեւէ կուսակցության: Ափսոս էր պատանին, որ այս աստիճանի փչացավ՝ ծառայելով Քոչարյանին»:

Հետաքրքիր է այս ֆոնին դիտարկել, ավելի ստույգ՝ չդիտարկել ընդդիմությանը՝ որպես քաղաքական կյանքի գործոն, քանի որ, ինչպես նկատեց նաեւ Կարապետ Ռուբինյանը. «Այս խուճապը զուտ ներիշխանական խուճապ է, ներիշխանական վերադասավորումներ են, եւ իշխանությունն՝ իր ծրագրերը կազմելիս, ընդդիմությանը՝ որպես գործոն, նկատի չի առնում: Համամիտ եմ Վազգեն Մանուկյանի վերջերս արտահայտած այն մտքին, թե ժողովուրդն՝ իր ճնշող մեծամասնությամբ, թե այս տիպի երկիր եւ թե այս տիպի իշխանություններ հանդուրժել այլեւս չի կարող»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման համատեքստում Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հեռանկարին, ապա մեր զրուցակցի դիտարկմամբ՝ դրա համար անհրաժեշտ է մեկ կարեւոր պայման՝ պիտի լինի գործուն քաղաքական այնպիսի ուժ, որը հասարակությանը կներկայացնի այլընտրանք, լուծման ի՛ր մոտեցումները, կշահի ժողովրդի վստահությունն ու այդ ուժն օգտագործելով՝ կհեռացնի: Մեր «Կա՞ այդպիսի ուժ» հարցին պարոն Ռուբինյանը կարճ պատասխանեց. «Այդպիսի ուժ չկա: Գոնե այս պահին»: