Այս տարվա հունվարի 1-ից գործող «Տեխնիկական անվտանգության ապահովման կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտներ համարվող տնտեսվարող սուբյեկտները, որոնք վտանգ են ներկայացնում ազգաբնակչության եւ շրջակա բնական միջավայրի համար, մինչեւ 2006թ.. սեպտեմբերի 1-ը պետք է ռեեստր վարեն «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում» (նախկին «Հայլեռտեխհսկողության» փոխարեն)։
Գործընթացի հիմնական նախապայմանն է` պարտադիր տեխնիկական փորձաքննության անցկացումը եւ օբյեկտի հետագա անվտանգ շահագործումը։ Իսկ վտանգավոր օբյեկտներ են համարվում հիդրոտեխնիկական, ստորգետնյա կառույցները, շարժասանդուղքները, կարուսելները, ճոպանուղիները, ամբարձիչ սարքավորումները, վերելակները, նավթամթերքի, հեղուկ գազի լցավորման կայանները, ջրային լողամիջոցները եւ այլն։ Ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի հավաստմամբ, թեեւ սեպտեմբերին մնացել է ընդամենը 2 ամիս, չնայած տարվող իրազեկման լայնածավալ աշխատանքներին, գոյություն ունեցող տասնյակ հազարավոր վտանգավոր օբյեկտներից կենտրոնում գրանցվել են միայն 300-ը։ Սահմանված ժամանակին չներկայանալու դեպքում, չգրանցվածները, օրենքի համաձայն, կենթարկվեն վարչական տույժի` 2 մլն դրամի չափով, եւ կկասեցվի նրանց շահագործման իրավունքը։ Ա. Պետրոսյանի խոսքերով, ամենաանմխիթար վիճակում այսօր գտնվում են հանրային նշանակության կառույցների` մասնավորապես բազմաբնակարան շենքերի վերելակները։ Միայն Երեւան քաղաքում դրանց թիվը 5000-ից ավելին է։ Թեեւ վերելակների շահագործման ժամկետը մինչեւ 25 տարի է, նրանց գերակշիռ մասը հիմնարար վերանորոգման չեն ենթարկվել։ «Պատասխանատուները վերելակների սեփականատերերն են եւ համատիրությունները, որոնք բնակիչներից գանձումներ են կատարում։ Մեկ մարդու կյանքն ինձ համար ավելի թանկ է, քան դրանց ապօրինի եւ վտանգավոր շահագործումը»,- ասում է Ա. Պետրոսյանը։
Միայն վերջին 10-15 տարիների ընթացքում վերելակների խափանման պատճառով տեղի են ունեցել մոտ 12 դժբախտ պատահարներ` տարբեր ելքերով։ 1990թ. դեկտեմբերի 3-ին Աջափնյակ համայնքի 15-րդ թաղամասի 39 շենքի բնակիչ, 19-ամյա Արտաշես Ամիրխանյանը, որը զինվորական հոսպիտալից 2 օրով տուն էր վերադարձել, այդպես էլ չկարողացավ վերջացնել իր զինվորական ծառայությունը, քանի որ նշված շենքի 15-րդ հարկից, չպարզաբանված հանգամանքներում ընկել էր մարդատար վերելակի հորատը եւ ներքին արյունահոսության պատճառով հանրապետական հիվանդանոցում մահացել։ Իհարկե, դժբախտ պատահարի մեղավորները մինչ օրս ոչ գտնված են, ոչ էլ պատժված։ Վերելակների անսարքության պատճառով սա միակ ողբերգական դեպքը չէ. վերելակին 90-ականներին անմեղ զոհ է դարձել նաեւ նույն համայնքի 16-րդ թաղամասի 3-րդ շղթայի շենքերից մեկում բնակվող մի երիտասարդ տղա, որը փրկելով անչափահաս երեխայի կյանքը` այն փոխհատուցել էր սեփական կյանքով։ Մեր տեղեկություններով, նշված վտանգավոր օբյեկտների պատճառով անդառնալի մարդկային կորուստներ տեղի են ունեցել նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որը Երեւանի վերելակներով ամենահարուստ թաղամասն է (շուրջ 997)։ Վերելակների հիմնախնդիրը պետական նշանակության է եւ պահանջում է գլոբալ մոտեցում. կարծում է ազգային կենտրոնի ղեկավարը։ Իսկ Երեւանի Նորք-Մարաշ հատվածը կենտրոնին կապող ճոպանուղին 2004-ից մինչ օրս «արյունալի» վթարից հետո չի շահագործվում։ Հիշեցնենք, որ 2004թ. ապրիլին ճոպանուղով երթեւեկող քաղաքացիներից 5-ը զոհվել էին, իսկ 7-ը` վիրավորվել։ Ի դեպ, մասնավորեցված «Երեւանի ճոպանուղի» ընկերության տեխզննումն իրականացվել է նախկին «Լեռտեխհսկողության» Համբարձիչ սարքավորումների բաժնի մասնագետների կողմից։ Իրենից պակաս վտանգ չի ներկայացնում, մանավանդ` շոգ եղանակին, գազալիցքավորման կայանների շահագործումը։ Միայն Երեւանում նման կետերի թիվը հասնում է 106-ի։ Քաղաքապետի որոշմամբ, ընթացիկ տարվա հունվարից մայրաքաղաքում արգելվել է շարժական գազալցակայանների շահագործումը, սակայն փողոցներում կարող ենք հանդիպել օրինազանց մեքենաների։ «168 Ժամ»-ի թիվ 66-ում անդրադարձել էինք 2006թ. հունիսի կեսերին Երեւանի գազալիցքավորման կետերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունին, որը պատկանել է «Մուլտի գրուպ» ընկերությանը, եւ դրա պատճառով, 1935թ. ծնված Խաչատուր Խաչիկյանի զոհվելու եւ գազալցման կետի աշխատակից, 1956թ. ծնված Էդիկ Հարությունյանի պայթյունից տուժելու տխուր փաստերին։ Ի դեպ, օրեր առաջ դժբախտ պատահար է գրանցվել նաեւ Սեւանա լճի ավազանում, երբ ջրի վրա սլացող ինքնաշարժիչների բախվելու պատճառով զոհվել էր մեկ երեխա։ Սեւանա լճի ավազանի որոշ ենթակառույցներ, նաեւ` մի քանի լողափեր, նույնպես համարվում են վտանգավոր օբյեկտներ։ Ազգային կենտրոնի տնօրենի խոսքերով, ստեղծված է այնպիսի օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտ, որը տասնյակ տարիներ «Հայլեռտեխհսկողություն»-ը չի ունեցել։ Ռեեստրի վարման կարգի համաձայն, տնտեսվարող սուբյեկտներին տրվում է տեխնիկական անվտանգության վկայագիր, ինչը հանդիսանում է վտանգավոր օբյեկտի անվտանգ շահագործման երաշխիք։ Ասել է թե` օրենքի կիրարկմամբ կնվազի դժբախտ պատահարների թիվը։ Իսկ դա ժամանակը ցույց կտա։
Հ.Գ. Ինչպես փաստում է Ա. Պետրոսյանը, այնպիսի խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք «Գրանդ Տոբակոն», «Միկա Լիմիթեդը», «Գոշգազը», «Ֆլեշը», «Նաիրիտը», «Արմենալը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարաններ են, որոնք իրենց ենթակայության ներքո
ունեն հարյուրավոր վտանգավոր օբյեկտներ, արդեն իսկ վարել են ռեեստր, իսկ փոքր ձեռնարկությունները հապաղում են ներկայանալ` հիմնականում պահանջվող փաստաթղթերի բացակայության պատրվակով։ Երեւանի 5000-ից ավելի վերելակներից մինչեւ օրս օրինականացվել է մի քանի տասնյակը։ Թեմային կանդրադառնանք սեպտեմբերի 1-ից հետո։