Արդեն 5 ամիս է` Վրաստանի քաղաքացի Ալբերտ Կակաբլիշվիլին սպասում է, որ հայկական իրավապահ կառույցները կվերադարձնեն իր ավտոմեքենան: Այդ նույն հարցով Հայաստանի դատախազությանն են դիմել Վրաստանի իրավապահ մարմինները, բայց միջազգային պայմանավորվածության կետը կատարելու մերժում են ստացել: Ընդ որում, պարզված են ինչպես գողի, այնպես էլ ավտոմեքենան սահմանի վրայով անցկացնողի եւ նրա ներկա սեփականատիրոջ անձերը:
Կակաբլիշվիլուն պատկանող GSG 321 պետհամարանիշով «Ֆորդ-Տրանզիտ»-ը գողացել են նոյեմբերի 10-ին թբիլիսյան Վարկեթիլի միկրոշրջանում: Գողության փաստը հաստատվել էր քննչական մարմինների կողմից՝ թարմ հետքերով: Հետեւողական աշխատանքից հետո հետաքննությունը բացահայտեց, որ գողացված մեքենան երթեւեկում է հայկական ճանապարհներով: Նոր սեփականատեր էր դարձել Երեւանում գրանցված ոմն Կարեն Սենոքյանը, իսկ միկրոավտոբուսը սպասարկում է N9 երթուղին:
Հետաքննությունը բացահայտեց, որ գողացված մեքենան Երեւան է հասցրել նույն Վարկեթիլի զանգվածի բնակիչ Ալբերտ Սարկիսովը, նախօրոք այն քշելով ինքնահռչակված Հարավային Օսիայի հանրապետություն, որտեղ, այսպես կոչված, Ներքին գործերի նախարարությունը նրան նոր տեխանձնագիր է ապահովել: Հայաստանում Սարկիսովը 5000 դոլարով վաճառել է ավտոմեքենան ոմն Աթոյանի, իսկ վերջինս այն 8000 դոլարով վերավաճառել է Սենոքյանին:
Քննչական տվյալների հիման վրա Թբիլիսիի Իսանի-Սամգորյան շրջանի դատարանը որոշում է կայացրել, որպեսզի գողացված ավտոմեքենան առգրավվի Սենոքյանից եւ վերադարձվի օրինական տիրոջը՝ Կակաբլիշվիլուն: Հայկական կողմը, սակայն, չնայած բազմաթիվ հիշեցումներին, ոչ մի ձեւով չի արձագանքել եւ չի պատրաստվում վերադարձնել գողացված ավտոմեքենան: Ընդ որում, հիշարժան է այն, որ վրացական եւ հայկական կողմերը մի քանի անգամ փոխօգնություն նախատեսող համաձայնագրեր են ստորագրել: Այդպիսի փաստաթղթերն ընդամենը հինգն են:
Ինչպես ասում է տուժողը, ինքն անձամբ մեկնել է Երեւան ավտոմեքենայի հետեւից, բայց անարդյունք: «Ես տեսել եմ ավտոմեքենան սեփական աչքերով: Նա, ով հիմա քշում է այն, ինձ ասաց՝ վճարիր 8000 դոլար եւ վերցրու: Այդ ժամանակ ես երեւանյան դատարան դիմեցի հայցով, ներկայացրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Բայց ոչ մի արձագանք չհետեւեց: Հիմա երկու երկրների իրավապահ կառույցներն իմ հարցով նամակներ են փոխանակում»:
Չնայած այն բանին, որ Կակաբլիշվիլին մի քանի տարվա ընթացքում դիմել է երկու երկրների բազմաթիվ ատյանների՝ Խորհրդարան, Գլխավոր դատախազություն, Արդարադատության նախարարություն, Ոստիկանություն եւ այլն, նրա գործն իրապես առաջ չի շարժվել: Նրա շահերը հիմա պաշտպանում է «Մարդու իրավունքների պաշտպանության տեղեկատվական եւ փաստագրական կենտրոն» հասարակական կազմակերպության փաստաբան Դավիդ Մանագաձեն: Փաստաբանը հաստատեց վերը շարադրված ողջ տեղեկատվությունը: Մանագաձեի խոսքերով, նման դեպքերում վնասի փոխհատուցմամբ կամ գողոնի վերադարձով պետք է զբաղվի եւ ապահովի հայկական կողմը, բայց դրա համար պահանջվում է տեղի դատարանի համապատասխան որոշումը: «Տեսականորեն դա հնարավոր է»,- համարում է փաստաբանը:
Այս պատմությունը քրեական ուրվագծի գոյության եւս մեկ հաստատումը դարձավ: Այն այսպիսին է: Վրաստանում գողացված ավտոմեքենաները տեղադրվում եւ վաճառվում են հիմնականում Ադրբեջանում եւ Հայաստանում: Սրա հետ համաձայն է Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օբգաիձեն: Նրա խոսքերով, այդպիսի ավտոմեքենաների օրինականացումը, մասնավորապես` Հայաստանում, իրականացնում է այդ հանրապետությունում շատ հայտնի մի դատավոր: «Գողացված ավտոմեքենաները հիմնականում վաճառում են Հայաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանում, մասնավորապես, դրանք «օրինականացնում է» շատ հայտնի մի դատավոր, եւ դա` անկախ այն բանից, որ ինքն անձամբ մշտապես տեղյակ է, թե ինչ ճանապարհով են ի հայտ եկել այդ ավտոմեքենաները»,- հայտարարել է Շալվա Օբգաիձեն: