Խորհրդային տարիներին ոչ միայն պատշաճ կերպով գնահատվում էր անհատի մասնագիտական գիտելիքները, այլեւ խրախուսվում էր տվյալ հիմնարկության ղեկավարության եւ պետության կողմից: Մարդկանց պարգեւատրում էին, մեդալներ էին շնորհում: Քաղաքային տրանսպորտում հատկապես շքանշաններով մարդ տեսնելուն պես երիտասարդները ոտքի էին կանգնում՝ զիջելով իրենց տեղը: Ոտքի էին կանգնում, որովհետեւ հարգում էին բարձր պրոֆեսիոնալիզմի կամ աշխատասիրության համար գնահատված մարդկանց:
«Որքան բարձր որակավորմամբ մասնագետ ես՝ այնքան պիտանի եւ թանկ վարձատրվող ես». ահա այս սկզբունքով էին հիմնականում աշխատողներին ընտրում, ընդ որում՝ մասնագիտական գիտելիքները կարեւոր էին բոլոր բնագավառներում՝ գիտության, շինարարության, արվեստի, փականագործության, քաղաքացիական ծառայության եւ այլն: Այսօր, սակայն, շատերն իրենց ճիշտ տեղում չեն: Այսպես՝ ուսուցչուհին ռեստորանում ափսե է լվանում, պաշտոնյաներից շատերը չունեն համապատասխան գիտելիքներ, մտավորականը հավաքարար է աշխատում, ինժեները աղբահավաքություն է անում, նկարչուհին մատուցողուհի է աշխատում… Այս անարդարությամբ է բացատրվում նաեւ այն երեւույթը, երբ երիտասարդ սերունդը չի ձգտում կրթություն ստանալ, գիտությամբ զբաղվել, լուրջ մասնագետ դառնալ: Երիտասարդները տեսնում են, որ մեր օրերում հիմնականում լավ աշխատանք ունեն նրանք, ովքեր այդ հարցում կարողացել են միջնորդ «խցկել» կամ «մաղարիչ» անել: Իհարկե, բացառություններ էլ կան: Շատ մարդիկ աշխատանք են ձեռք բերել հենց իրենց գիտելիքների շնորհիվ: Պետք է նշել, որ այսօր մեզանում նաեւ մարդկային ռեսուրսի, պրոֆեսիոնալ մասնագետների լուրջ խնդիր կա: Տնտեսվարող շատ սուբյեկտներ մասնագետների (շուկայագետների, մենեջերների, հաշվապահների, ֆինանսիստների, իրավաբանների եւ այլն) կարիք ունեն: Բարձր աշխատավարձով աշխատատեղ կա, սակայն մասնագետ չկա: Այնպես որ, սա էլ հարցի մյուս կողմն է:
Թվերն այլ բան են ասում
Թեեւ տարեցտարի մեզ հորդորում են, թե Հայաստանում գործազրկությունն էապես կրճատվում է, այդուհանդերձ, իրականությունն ու պաշտոնական տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրար: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2005թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազուրկի կարգավիճակ ունեցող մարդկանց թվաքանակը կազմել է 89 հազար, որը 2004թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ նվազել է 19.6 հազարով: Հետեւաբար, պետք է արձանագրել, որ պաշտոնական տվյալներով առաջնորդվելու դեպքում գործազրկության մակարդակը 2004թ. համեմատ 2005-ին նվազել է: Ավելին, 2006թ. հունիսի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմում է 7.5%, մինչդեռ տարեսկզբին այն եղել է 7.7%: Եթե հաշվի առնենք, որ տարեսկզբից մինչեւ հիմա ընդամենը 6-7 ամիս ժամանակահատված է ընկած, եւ, եթե ուշադիր հետեւենք, թե շինարարության թեժ սեզոնին քանի էլիտար շենքեր, օբյեկտներ, սրճարաններ, թաղամասեր եւ այլ նոր շինություններ են կառուցվել, ապա այդ 2% նվազման միտումն իսկապես զարմանալի է, առավել եւս ուրախալի չէ: Շինարարական ոլորտից օրինակ բերելը պատահական չէ, քանի որ գործազրկության ցուցանիշը կրճատվում է նաեւ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց՝ այդ շինարարության մեջ ընդգրկմամբ (որպես բանվոր): Նշենք, որ գործազրկության մեջ մասնագիտությունների տարանջատում չի նշվում:
Բժիշկ մասնագետի «կրիզիս» կա
«168 Ժամը» հաճախ է ներկայացնում սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք առողջ, աշխատունակ, շատ դեպքերում` բարձրագույն կրթություն ունեն, սակայն չեն կարողանում օգտվել մեր երկրի առաջարկած զբաղվածության «բարիքներից»: Այսօր իսկապես կա աշխատանք: Կա աշխատանքային ռեժիմ, որի համար վճարում են եւ որի համար ընդամենը աշխատասիրություն է անհրաժեշտ, սակայն որակական հատկանիշներն այս պարագայում այնքան էլ չեն գնահատվում: Համաձայնեք, որ, ասենք, լավ ուսուցչուհուն ոչ մի դպրոցի տնօրեն առանց ծանոթի կամ կաշառքի չի ընդունի աշխատանքի, փոխարենը նրան ցույց կտան Աշխատանքի տեղավորման գործակալության տեղը, որտեղից էլ նրան կառաջարկեն մատուցողուհու, աման լվացողի, ցանցային մարքեթինգի, հավաքարարի եւ այլ գործեր: «Զբաղվածության պետական ծառայության» տվյալներով՝ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 3.685 աշխատանք փնտրող, իսկ աշխատանքի տեղավորվածների 61%-ը կանայք են: Ի դեպ, 2006թ. մայիս ամսվա ընթացքում աշխատուժի նկատմամբ գործատուների պահանջարկը, որը ստացել է զբաղվածության ծառայությունը, կազմում է 1.123 աշխատատեղ, որոնցից 308-ը` ծառայողական, 815-ը՝ բանվորական աշխատանքներ են: 289 աշխատատեղ լրացվել, իսկ ամսվա վերջին թափուր է մնացել 834 աշխատատեղ: Բոլորովին այլ պատկեր է մարզերում, որտեղ որոշ մասնագետների պահանջարկը շատ մեծ է, սակայն աշխատուժ չկա: Համաձայն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալների՝ 2006թ. հունիսի 1-ի դրությամբ չի լրացվել Արագածոտնի մարզում՝ բժշկի, մանկավարժի, դերձակի աշխատատեղերը: Լոռու մարզում՝ բժշկի, Շիրակի մարզում՝ բժշկի, մանկավարժի, Սյունիքի մարզում՝ բժշկի, դերձակի, Տավուշի մարզում՝ նույնպես բժշկի մասնագիտությամբ աշխատել ցանկացողներ չեն գտնվել: Հետաքրքիր է, թե շրջաններում բժիշկների դեֆիցիտն ինչպե՞ս է լրացվում: Նույն գործակալության տեղեկացմամբ՝ Երեւանում ինժեների, բժշկի, մանկավարժի, խառատի, փականագործի, էլեկտրիկի, ատաղձագործի, վարորդի, եռակցողի, կարողի, մանողի եւ բանվորական այլ մասնագիտությունների պահանջարկը նույնպես չի լրացվել: Եթե վստահենք «Զբաղվածության գործակալության» տրամադրած տեղեկատվությանը, ապա Երեւանում նույնպես բժիշկների աշխատանքի թափուր տեղեր կան: Մինչդեռ բժիշկների շրջանում առկա խոսակցությունների համաձայն՝ բժշկի աշխատանքի ընդունվելու համար կաշառքի աստղաբաշխական թվեր են շրջանառվում: Ըստ «Զբաղվածության գործակալության»՝ գործատուների կողմից տրված թափուր աշխատատեղերի վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց 79.4%-ը բարձր որակավորում պահանջող բանվորական մասնագիտություններ են, որոնք ամիսներ շարունակ չեն լրացվում աշխատաշուկայում անհրաժեշտ մասնագետների բացակայության, եղածների ցածր որակավորման կամ աշխատավարձի ցածր լինելու պատճառով:
Ուզո՞ւմ եք երգիչ կամ երգչուհի աշխատել
Հայաստանի աշխատաշուկայում ուրույն տեղ են զբաղեցնում Աշխատանքի տեղավորման գործակալությունները, որոնք, օգտվելով գործազրկության պտուղներից, իրենց բիզնեսն են ծաղկեցնում: Օրինակ՝ «Գինդ» շաբաթաթերթի «աշխատանք» խորագրով էջը դիտելիս, զարմանում ենք առաջարկվող ամենատարբեր աշխատատեղերի քանակից, եւ հարց է առաջանում, թե մեզանում «գործազրկություն» բառն ինչո՞ւ է այսքան արդիական, այն դեպքում, երբ աշխատանքը «ոտքի հետ թափվում է»: Աշխատանքի տեղավորման գործակալությունները, իսկ դրանք շատ-շատ են, առաջարկում են աշխատանքների մի այնպիսի ցանկ, որ հնարավոր չէ հոգեհարազատ ինչ-որ աշխատանք չգտնել կամ չգայթակղվել որեւէ աշխատանքով: Աշխատանքի տեղավորման գործակալություններից մեկին դիմած մի աղջիկ պատմում է, որ ընտրած ինչ-որ մի աշխատանքի ետեւից գնալով, այնուամենայնիվ, գործակալությունները հաճախ պահանջում են նախ վճարել 1.500-2.000 դրամ, այնուհետեւ հորդորում են սպասել: Սա եւս խաբեության մի ձեւ է, երբ հայտարարությունների ցանկում առաջարկվում է եւ՛ եղած, եւ՛ չեղած աշխատանք, եւ երբ մարդը գալիս է այդ հայտարարության ետեւից, նրան առաջարկում են սպասել, մինչեւ հարմար մի բան կգտնվի: Եվ եթե գտնվում է այդ աշխատանքը, ապա գործակալությունն աշխատանքի տեղավորելով՝ դիմողից առաջին ամսվա աշխատավարձի 30-50%-ը պահում է որպես առաջարկած ծառայության դիմաց ստացված շահույթ: Իսկ, եթե, այնուամենայնիվ, գործակալությունն իր հայտարարությամբ աշխատանքի «կանչած» դիմողի աշխատանքը չի գտնում, ապա աշխատանք փնտրողը հոգնում է սպասելուց եւ նախապես վճարած 1500-2000 դրամը մնում է գործակալությանը: Մի պահ պատկերացրեք, թե օրական քանի մարդ է հայտարարությունների մեջ իրեն համապատասխան աշխատանք գտնում եւ վերոնշյալ գումարը վճարում գործակալությանն` իրեն աշխատանքի տեղավորելու համար: Հետեւելով աշխատանքի տեղավորման գործակալությունների հայտարարություններին` պարզվում է, որ կան աշխատանքի տեսակներ, որոնք առաջարկում են գրեթե բոլոր գործակալությունները՝ աման լվացողներ, բանվորներ, վարորդներ, մատուցող(ուհիներ), խոհարարներ: Իսկ մի գործակալություն իր հայտարարության մեջ վերոնշյալ աշխատանքների հետ մեկտեղ առաջարկում է երգիչ-երգչուհու աշխատանք:
9000 դրամ` գործազրկության դիմաց
Ինչեւէ, անկախ աշխատաշուկայում առկա աշխատուժի «գերպահանջարկից»` 2006թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը կազմում է 11.47 հազար: Նրանցից 78.8%-ը գործազուրկ են: Ի դեպ, զբաղվածության կամ գործազրկության խնդիրներով զբաղվող միակ պետական կառույցը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն է, որն ամբողջ հանրապետությունով մեկ ունի 41 տարածքային եւ 10 մարզային կենտրոններ: Գործազրկության կարգավիճակի չափորոշիչ, որպես այդպիսին, չկա: Հետեւաբար գործազուրկ են համարվում աշխատանք փնտրող աշխատունակ եւ գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի տեսակների), աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել են գործազուրկի կարգավիճակ: Գործազուրկի կարգավիճակը տրվում է ՀՀ կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում: Հայաստանը գործազրկության չափը սահմանում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 60%-ի չափով, որը 2006թ. հունվարի 1-ից կազմում է 9000 դրամ: