Տոն, որը կարող է բոլորինը լինել

09/07/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Վիվա Սելլ» ընկերության մամուլի համակարգող Միհրան Սահակյանը երեկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի հետ համատեղ ասուլիսում հավաստիացնում էր, որ իրենք մեծ պատրաստակամությամբ եւ հպարտությամբ են հովանավորում փառատոնը եւ որեւէ շահույթ չեն հետապնդում:

Իսկ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ «Վիվա Սելլը» ոչ թե պարտադրում է իր ընկերության գովազդային հոլովակների ցուցադրումը, այլ` ուղղակի իր ցանկությունը եւ խնդրանքն է հայտնում, որին ընդառաջելով` ԶԼՄ-ները կաջակցեն փառատոնին: Այդ խնդրի շուրջ ստեղծված լարումը Հ. Խաչատրյանը կարողացավ կատակով մեղմացնել. «Երեւի` ասելով, որ հույս ունենք հաջորդ տարի «Վիվա Սելլից» ավելի մեծ գումար ստանալ, աչքով տվեցի»: Իսկ հետո ավելացրեց, թե փառատոնի կատարած քայլն արդյունքում հենց փառատոնի դեմ շրջվեց. «Մենք սխալ գործեցինք»,- ասաց նա: Կարծիք հայտնեց նաեւ ռեժիսոր Արմեն Մազմանյանը. «Բնական է, որ մեկենասներն ուզում են դիվիդենտներ ստանալ»: Դժվար է պատկերացնել, թե ի՞նչ կարող է պատահեր, եթե «Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորը հրաժարվեր փառատոնին սատար կանգնելուց: Ֆինանսական աջակցությունը հենց այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է փառատոնի հեղինակությունն ու հաջողությունը: Ի դեպ, փառատոնի աշխատանքները լուսաբանել ցանկացող լրագրողների թիվն այս տարի ռեկորդային է լինելու. հավատարմագրեր են բաժանվելու թվով 120 ԶԼՄ-ների ներկայացուցիչների: Փառատոնի աշխատանքներին կհետեւեն նաեւ այլազգի շատ լրագրողներ: Մամուլ-փառատոն կապի ընթացքում հնարավոր են անհամաձայնություններ, որոնց փառատոնի կազմկոմիտեն խնդրում է մեծ ուշադրություն չդարձնել: Հաջորդ տարիներին հնարավոր է նաեւ որոշ այլ փառատոների օրինակով` վճարովի հավատարմագրման կարգ մտցնելու փորձ արվի: Այսօրվա մեր կյանքում լրագրողները շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան կատարվող իրադարձությունները: Գուցեեւ լրատամիջոցների երկար ցանկի պատճառով էլ լրագրողների մուտքը բացման հանդիսությանը խիստ սահմանափակ է լինելու: Փառատոնի տնօրենին մտահոգում է այն փաստը, որ բացման արարողությանը ներկա գտնվել ցանկացողներին նրանք մերժում են, քանի որ «Մոսկվա» կինոթատրոնի 400 հոգանոց դահլիճը հազիվ կարող է 300 կինոհյուր, Կառավարության, Ազգային ժողովի եւ դեսպանատների ներկայացուցիչների տեղավորել: «Ի՞նչ արած, այդպիսին է արարողակարգը: Կարող է այնպես ստացվել, որ ինձ էլ հրավիրատոմս չհասնի»,- ժպիտով նշեց Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Իսկ «բացօթյա տոնի» բեմադրիչ Արմեն Մազմանյանը հավատացրեց, որ Ազնավուրի հրապարակում տեղադրված մեծ էկրանին փառատոնի բացումը դիտելը շատ ավելի հետաքրքիր կլինի: Նա խոստանում է «ուրախ, զվարթ, դեմոկրատական ֆիեստա»` օրիգինալ բազում «լոկալ դետալներով»: «Շատ հայ կինոգործիչներ Մշակույթի նախարարություն, փառատոնի կազմկոմիտեին եւ անձամբ ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանին վիրավորված նամակներ են ուղարկում` բողոքելով, որ իրենց հրավիրատոմսեր չեն տրվել: Տարիներ առաջ նման բնույթի նամակներ Կենտկոմ էին ուղարկում: Ինձ վրա թուքումուր են թափում, թեեւ ես հարգված եւ լավ ռեժիսոր եմ: Նախանձը խորը արմատներ է գցել մեր կյանքում, կինոյի մարդիկ շատ բամբասկոտ եւ խառնակիչ են դարձել»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Հ. Խաչատրյանը: Արդեն հստակեցված է փառատոնի կինոդիտումների, հանդիպումների եւ վարպետության դասերի ծրագրերը: Փառատոնը շատ ավելի մեծ արձագանքի է արժանանում, քան եղել է անցյալ տարիներին: Կարելի է ենթադրել, որ հրավիրատոմսերի եւ տոմսերի քանակը բոլոր ցանկացողներին կարող է եւ չհերիքել: Իսկ դա, թերեւս, բոլոր փառատոների երազանքն է: