Ձու

09/07/2006

Ձուն թերխաշելու համար այն պետք է եփել 2,5 րոպե, իսկ պինդ խաշելու համար` 8-10 րոպե։

Պտտելիս եփած ձուն սեղանի վրա պտտվում է երկար ժամանակ, իսկ հում ձուն կատարում է ընդամենը մի քանի պտույտ։

Ձուն հեշտ մաքրելու համար եփելուց անմիջապես հետո այն պետք է գցել սառը ջրի մեջ։

Ձուն սառնարանում երկու շաբաթից ավելի չպետք է պահել։ Երկար պահելու համար հարկավոր է յուրաքանչյուր ձուն փաթաթել թղթով եւ շաբաթական մեկ անգամ շրջել։

Ձուն պետք է պահել արկղում լցված վարսակի, ավազի կամ մոխրի մեջ։

Ձվի որակը ստուգելու համար այն պետք է դիտել լույսի տակ, ուղղելով դեպի լույսի աղբյուրը։ Լավորակ ձուն սովորաբար ունենում է բաց նարնջագույն գունավորում։ Փչացած ձուն դիտելիս երեւում են խավար բծեր։

Պետք է իմանալ, որ սագի եւ բադի ձվերը հաճախ վարակված են լինում աղեստամոքսային հիվանդությունների հարուցիչներով։

Պինդ եփած ձուն երկար ժամանակ թարմ կմնա սառը ջրի մեջ` սառնարանում։

Նախքան ձվի սպիտակուցը հարելը ցանկալի է վրան ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։

Սպիտակուցն ավելի հեշտ կհարվի, եթե ավելացնեք մի քիչ աղ։

Սպիտակուցը հեշտությամբ կվերածվի սպիտակ փրփուրի, եթե այն նախապես 20 րոպե պահեք սառը տեղում։

Որպեսզի դեղնուցը որոշ ժամանակ պահպանվի, վրան պետք է լցնել մի փոքր սառը ջուր։ Գործածելուց առաջ ջուրը պետք է թափել։

Դեղնուցը երկար կպահպանվի, եթե ջրի փոխարեն լցնեք բուսական յուղ։

Սառնարան չլինելու դեպքում ձուն երկար կպահպանվի, եթե այն թեթեւակի պատեք կարագով։

Տնային պայմաններում ձվի թարմությունը կարելի է որոշել այն ջրի մեջ ընկղմելով։ Թարմ ձուն (1-3 օրական) սուզվում է ջրի մեջ, իջնում հատակը եւ գրավում հորիզոնական դիրք, 5-7 օրվա հնություն ունեցող ձուն սուզվում է մինչեւ հատակը, սակայն բութ ծայրը թեքվում է դեպի վեր։ Եթե ձվերը ջրի մեջ ուղղահայաց դիրքով բարձրանում են վեր, ապա դրանք ունեն 20-ից ավելի օրվա հնություն։

Եթե ձուն լողում է ջրի երեսին, ուրեմն այն արդեն պիտանի չէ։

Եթե ձվի կեղեւը ճաք ունի, ապա այն եփում են աղաջրի մեջ, որպեսզի ձվի պարունակությունը դուրս չթափվի։

Կտորի պատռված մասը վերականգնելու համար պատռվածքի ծայրերը հնարավորին չափ իրար մոտեցրեք, վերցրեք նույն կտորից մի փոքր հատված, վրան քսեք ձվի սպիտակուց, դրեք պատռվածքի տակ եւ հակառակ երեսից տաք արդուկով արդուկեք։