Հետաձգվել է անորոշ ժամանակով

09/07/2006

«Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում հետաձգվել է անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով ամերիկահայերի, Կոնգրեսի անդամների եւ լրատվամիջոցների հնչեցրած քննադատությունը Ջոն Էվանսի հետկանչի առնչությամբ»,- ասված է Լոս Անջելեսում լույս տեսնող «Կալիֆոռնիա կուրյեր» թերթում: Ըստ թերթի, անցած շաբաթ Սենատի Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը քննարկել է երեք երկրներում՝ Իռլանդիայում, Շվեյցարիայում եւ Հայաստանում նոր դեսպանների թեկնածությունները: Իռլանդիայում եւ Շվեյցարիայում նոր դեսպանները նույն օրը հաստատվել են հանձնաժողովում, իսկ հաջորդ օրը՝ Սենատում: Մինչդեռ Հայաստանում նոր դեսպանի թեկնածության հաստատումը հետաձգվել է անորոշ ժամանակով, եւ հայտնի չէ, թե ե՞րբ է հանձնաժողովը կրկին անդրադառնալու այդ հարցին: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, հանձնաժողովի մի շարք անդամներ, այդ թվում՝ նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերին, գրավոր հարցումներ են ներկայացրել՝ խնդրելով Հոգլանդին պարզաբանել, թե ի՞նչ ցուցումներ է ստացել Պետական դեպարտամենտից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Թերթը գրում է, որ անցած շաբաթ հանձնաժողովում կայացած քննարկման ժամանակ սենատորները մի շարք սուր հարցադրումներ են արել՝ կապված Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոր Էվանսի վաղաժամկետ հետկանչի հետ: