Դեկտեմբերի 21-ին «Մաքս Գրուպ» ՍՊԸ-ի եւ արգենտինական «Tirras de Armenia» ընկերության միջեւ փոխգործակցության համաձայնագիր կնքվեց։ «Tirras de Armenia»-ն, որը թարգմանաբար նշանակում է՝ Հայաստանի հողեր, պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին եւ գրանցվել է նշված գործարքից օրեր առաջ։ Հայ գործընկերների նախաձեռնությունը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին։ Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանում, «Մաքս Գրուպ»-ի սեփականություն հանդիսացող 6000 հա տարածքի կեսը գնել է նորաթուխ ընկերությունը, եւ նոր բիզնեսի հումքը դրվել է հավասար գույքային ներդրումների հաշվին։ Գարնանը նախատեսված տարածքում կսկսվի հողային եւ նոր այգիների տնկման գործընթացը։ Ընդհանուր հաշվով, 6000 հա վրա նախատեսվում է հիմնել 2500-2800 հա այգի։ Եվ մինչեւ տնկիներն առաջին բերքը տան, տարածքում կկառուցվի ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող վերամշակող, որակավորող եւ փաթեթավորող գործարան, ինչպես նաեւ կհիմնվի սառնարանային տնտեսություն։ Նախաձեռնությունը տարածքում կլուծի ոչ միայն զբաղվածության խնդիրը, այլեւ ստեղծված մոդելն օրինակ կծառայի եւ ցույց կտա, որ Հայաստանում պտղի արտադրությամբ զբաղվելը դեռ ձեռնտու է։ 10-ամյա ծրագրի վրա գործընկերները նախատեսում են ծախսել 20-25 մլն դոլար։ Արտադրանքը ամբողջությամբ արտահանվելու է ԱՄՆ եւ Ռուսաստան։ Բիզնեսը կառավարվելու է համատեղ, սակայն յուրաքանչյուր կողմ ստանձնել է որոշակի գործառույթներ՝ մենեջմենթն ապահովելու է արգենտինական, իսկ տեխնիկական մասը՝ հայկական կողմը։ Հայաստանում նախաձեռնած նոր բիզնեսում Է. Էռնեկյանը, ինչպես ասում են, բավական եփված է։ Արգենտինայի հյուսիսում 200.000 հա տարածք զբաղեցնող «Յունիդեք Ագրո Էս Էյ» տնտեսությունն արդեն երկար տարիներ պատկանում է մեր հայրենակցին եւ գրագետ կառավարման ու ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ապահովել է իր կայուն տեղը միջազգային շուկայում։