Համանախագահների տրամադրությունը փոխվում է

09/07/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ համատեղ հայտարարություն հրապարակեցին: Իրենց իսկ խոսքերով՝ համանախագահներն այս երկրորդ հայտարարությունն արել են Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ պարզաբանումներ անելու նպատակով:

Առաջին հայացքից՝ համանախագահների այս եւ նախորդ՝ հունիսի 22-ին Վիեննայում արված հայտարարության մեջ էական տարբերություններ չկան. թվարկված են վերջին յոթ ամիսների ընթացքում հակամարտության կարգավորման նպատակով միջնորդների ձեռնարկած քայլերը, եւ ներկայացված է դրանց արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված առաջարկի հիմնարար սկզբունքները: Ըստ այդմ, այդ սկզբունքները հիմնված են մասնավորապես հետեւյալի վրա՝ «ԼՂ-ն շրջապատող ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերում՝ հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների նկատմամբ (ներառելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքը)»: Նկատենք, որ այստեղ, ի տարբերություն նախորդ հայտարարության, թեեւ խիստ անորոշ, սակայն խոսվում է Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցքի մասին, ինչի մասին նշված էր Հայաստանի Արտգործնախարարության՝ համանախագահների առաջին հայտարարությանը հաջորդած հայտարարության մեջ, ըստ որի` համանախագահները ԼՂ հարցի կարգավորման սկզբունքները մասնակի են բացել, մասնավորապես դուրս են մնացել Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի եւ մինչեւ հանրաքվե Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի խնդիրները: Սակայն մինչ հանրաքվեն ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին համանախագահների այս վերջին հայտարարության մեջ էլ խոսք չկա: Ինչեւէ, նախագահներին ներկայացված առաջարկի հիմնարար սկզբունքների ներկայացման մեջ այլ ճշգրտումներ համանախագահների՝ նախօրեին արված հայտարարության մեջ չկան, եւ ամեն ինչ նույնն է. հայկական զորքերի դուրսբերումից հետո այդ տարածքների ապառազմականացում, ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշման համար «հանրաքվե կամ բնակչության քվեարկություն, որի ժամկետն ու ձեւաչափը կորոշվի հետագա բանակցություններում», միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, ներքին տեղահանվածների վերադարձ «նախկինում օկուպացված ու ԼՂ պատերազմից տուժած տարածքներ» եւ այլն: Ու թեեւ առաջին հայացքից համանախագահների երկրորդ հայտարարությունն իր մեջ որեւէ նորություն չի պարունակում, սակայն համանախագահների այդ երկու հայտարարությունների մեջ կա մի էական տարբերություն. դա այդ հայտարարությունների «տրամադրությունների» տարբերությունն է: Իրենց առաջին հայտարարության մեջ համանախագահները նշել էին, որ որպես համանախագահներ իրենք սպառել են իրենց երեւակայությունը՝ վերոնշյալ սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ դրանց վերջնական տեսք տալու համար, որ իրենք չեն հավատում, թե լրացուցիչ այլընտրանքային տարբերակները, որոնք առաջ կքաշվեն միջնորդների կողմից կողմերի հետ լրացուցիչ հանդիպումների ընթացքում, կբերեն այլ արդյունքների, որ իմաստ չեն տեսնում այս պահին վերջին մի քանի ամիսների ինտենսիվ միջնորդային դիվանագիտությունը շարունակելու եւ նախագահների միջեւ լրացուցիչ հանդիպումներ նախաձեռնելու համար, որ երկու կողմերն են պատասխանատու իրենց ժողովուրդների եւ միջազգային հանրության առջեւ, եթե նրանց գործողությունները հանգեցնեն պատերազմի: Իսկ իրենց երկրորդ հայտարարության մեջ համանախագահները նշում են, որ իրենք «շարունակում են հավատալ, որ բանակցությունների վերջին երկու տարիների ընթացքում մշակված առաջարկները խնդրի արդարացի եւ տեւական կարգավորմանը հասնելու համար լավագույն հնարավորությունն են ընձեռում»: Բացի այդ, իրենց վերջին հայտարարության մեջ համանախագահները նաեւ նշում են, որ իրենք խորապես համոզված են, որ եկել է ժամանակը, որպեսզի երկու երկրների նախագահները, հիմնվելով վերոնշյալ սկզբունքների վրա, ձեռնամուխ լինեն կարգավորման գործընթացում առաջխաղացում կատարելուն: Այլ խոսքերով, եթե առաջին հայտարարությունն ավելի շատ խոսում էր համանախագահների՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հոռետեսական եւ հուսահատ տրամադրության մասին, ապա երկրորդ հայտարարության մեջ լավատեսություն ու հավատ է նկատվում: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել վերջին մոտ երկու շաբաթվա ընթացքում, որը ստիպել է համանախագահներին փոխել իրենց տրամադրվածությունը: Շատերի կարծիքով՝ սա կապված է «Մեծ ութնյակի» արտգործնախարարների՝ վերջերս արված հայտարարության եւ «Մեծ ութնյակի»՝ Սանկտ Պետերբուրգում առաջիկայում կայանալիք վեհաժողովի հետ: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին հայտարարությունից ուղիղ մեկ շաբաթ անց Մոսկվայում կայացել է «Մեծ ութնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, ինչի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որն ուղղակիորեն առնչվում է նաեւ ԼՂ հարցի կարգավորմանը: Ըստ այդմ, «Մեծ ութնյակի» երկրների արտգործնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են անում քաղաքական կամք ցուցաբերել եւ այս տարվա ընթացքում լուծել ԼՂ հակամարտությունը՝ իրենց երկրների հասարակություններին նախապատրաստելով խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Արտաքին գործերի նախարարները նաեւ շեշտել են, որ անհրաժեշտ է, որպեսզի երկու նախագահները համաձայնության գան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ հնարավոր լինի խաղաղ համաձայնագիր ստորագրել: Հատկանշական է, որ ԼՂ հարցի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության կայացումը «Մեծ ութնյակի» առաջիկա վեհաժողովի հետ են կապել նաեւ հենց Մինսկի խմբի համանախագահները՝ իրենց առաջին հայտարարության մեջ նշելով, որ իրենց երկրների փոխարտգործնախարարները՝ մայիսին տարածաշրջան կատարած այցի ժամանակ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ասել են, որ ԼՂ հարցի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության կայացումը` «Մեծ ութնյակի» առաջիկա վեհաժողովից առաջ, «կապահովի միջազգային լայն աջակցություն ու ֆինանսական աջակցության բարձր աստիճանի հետհակամարտային վերականգնողական ու խաղաղապահ գործունեության համար»: Այնպես որ, ԼՂ խնդրի հետ կապված հետագա զարգացումներում շատ բան կախված է հենց «Մեծ ութնյակի» առաջիկա վեհաժողովից: