Հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին հայտնի կդառնա «ԱրմենՏելի» նոր սեփականատիրոջ անունը: Հիշեցնենք, որ հունական «OTE» ընկերության հայտարարած մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու են ընդամենը 4 ընկերություններ` ռուսական «Վիմպելկոմը» («Բիլայն» ապրանքանիշ) եւ «Mobile Telesistems»-ը (MTS), Պարսից ծոցի հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը` «ETISALAT» (Emirates Telecommunications Corporation) ընկերությունը եւ հնդկական «VTEL Holdings»-ը:
Ինչպես արդեն նշել էինք, վերջինիս մասին «OTE»-ն ոչ մի ինֆորմացիա չի տրամադրում: Սակայն, վերջին օրերին հայկական եւ ռուսական լրատվամիջոցներում «VTEL Holdings»-ի վերաբերյալ տարբեր լուրեր են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն, «VTEL Holdings»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Անգլիայում, կրում է «Սարգիս Գրուպ» անունը եւ պատկանում է ՀՀ նախկին վարչապետ, Անգլիայում ՀՀ նախկին դեսպան, գործարար Արմեն Սարգսյանին: Այդ դեպքում ինչո՞ւ է այս ամենը գաղտնի պահվում: Սա շարունակում է մնալ «OTE»-ի գլխավոր հանելուկը: Ի դեպ, հայկական լրատվամիջոցներից մեկը, հիմնվելով շրջանառվող լուրերի վրա, նշել էր, որ անգլիական այդ ընկերությունը հաղթելու մեծ հնարավորություններ ունի, եւ, որ մրցույթի առաջին փուլում նրա առաջարկած գումարն իր մեծությամբ զիջել է միայն Արաբական Միացյալ Էմիրությունների օպերատորի առաջարկին:
Իսկ ռուսական լրատվամիջոցները միանգամայն այլ կարծիքի են: Ռուսները գտնում են, որ «ԱրմենՏելի» հավանական գնորդը ռուսական ընկերություններից մեկն է: Հետաքրքիր են նաեւ ռուսաստանյան փորձագետների կանխատեսումները: Հաշվի առնելով, որ Հայաստանի բջջային կապի ոլորտը գրեթե հավասարապես բաշխված է «ԱրմենՏելի» եւ «Ղ-Տելեկոմի» միջեւ, եւ որ «ԱրմենՏելի» տարեկան հասույթը 2005թ. կազմել է 145,3 մլն դոլար, ռուսական «Ատոն» ընկերության վերլուծաբանները գտնում են, որ «ԱրմենՏելի» ձեռքբերումը «MTS»-ի եկամուտները կավելացնի 3,6%-ով, իսկ «Վիմպելկոմ» ընկերությանը` 2,6%-ով: Ի դեպ, նույն վերլուծաբաններն առաջարկում են հետագայի հնարավոր տարբերակ: «Մեր գնահատականներով, «ԱրմենՏելի» բջջային բիզնեսն ապահովում է ընկերության հասույթի 30%-ը, եւ ընկերության գնորդը կարող է որոշել վաճառել ֆիքսված կապի հատվածը: Բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող 350 մլն դոլարը մենք համարում ենք խելամիտ գին»,- ասում են ռուս փորձագետները: Մի՞թե ռուսներն արդեն ակնարկում են, որ Հայաստանի ֆիքսված հեռախոսակապն իրենց ամենեւին էլ պետք չէ: Շատ հնարավոր է: Այդ դեպքում ոչ հեռավոր ապագայում հնարավոր է, որ ականատես լինենք հայաստանյան ֆիքսված հեռախոսակապի ոլորտի համար թեժ պայքարի: Ի դեպ, ռուսական «Ռենեսանս Կապիտալ» ընկերության գնահատմամբ` «MTS»-ի եւ «Վիմպելկոմի» միջեւ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի համար լուրջ մրցակցություն է սպասվում:
Նկատենք նաեւ, որ հայաստանյան օպերատորի բաժնետոմսերի փաթեթի գնի շուրջ հայաստանյան եւ ռուսաստանյան մասնագետները միակարծիք չեն: Առաջիններն այն գնահատում են 350-450 մլն դոլար, իսկ ռուսները` մոտ 290-350 մլն դոլար: Շտապել պետք չէ. մոտ 1 ամսից «OTE»-ն եւ «HSBC» բանկը կասեն իրենց վերջնական խոսքը: