Հանրաքվեն անիրականանալի է

09/07/2006 Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ

– Ձեր գնահատմամբ, ի՞նչ էր նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, երբ գաղտնազերծվեցին ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները: Սա ճնշո՞ւմ էր կողմերի վրա, վերջնագի՞ր, թե՞ ընդամենը նպատակ ունեին հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ հասարակական տրամադրություններ շոշափել:

– Համանախագահների բացահայտումներն ինչ կուզեք անվանեք` ճնշման միջոց, թե վերջնագիր: Դրա իմաստը հետեւյալն է՝ անհնար է բանակցությունները հավերժ շարունակել, քանի որ դրանք չպետք է ինքնանպատակ լինեն: Բանակցությունները պետք է բերեն ինչ-որ արդյունք: Համանախագահների դեմարշն այս առումով ինչ-որ չափով նախազգուշացում է: Իրենք էլ են հասկացել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցություններն իմիտացիա են, եւ ոչ թե հարցը լուծելու լուրջ մտադրություն ունեն: Եվ քանի որ իրենք փորձել են կողմերի շահերը հնարավորինս արտահայտել փաստաթղթի մեջ, այսուհետեւ ուղղակի հարցնում են՝ արդյո՞ք երկու երկրների ղեկավարները հարցը լուծելու քաղաքական կամք ունեն:

– Եվ այսքանից հետո, ըստ Ձեզ, նրանք ունե՞ն հիմնախնդիրը լուծելու քաղաքական կամք, թե՞ ոչ:

– Իմ կարծիքով, նրանք ԼՂ հակամարտության կարգավորման կամքը չեն ունեցել ի սկզբանե: Նրանք այդ բանակցություններն օգտագործել են զուտ իրենց իշխանական դիրքերը պահելու նպատակով: Երկուսն էլ խաղացել են նույն խաղը: Միջազգային հանրության աչքերում նրանք փորձել են երեւալ խաղաղության կողմնակից՝ ցույց տալով, որ կոնստրուկտիվ են եւ պատրաստ զիջումների: Մյուս կողմից նրանք փորձել են իրենց հասարակությունների աչքերում վճռական, ազգայնամոլ եւ անզիջում երեւալ: Եվ նրանց այդ երկակի կեցվածքը հաջողվում էր պահպանել այնքան, մինչեւ որ խախտվեց բանակցությունների սկզբունքների կոնֆիդենցիալությունը: Վերջապես համանախագահներին էլ պարզ դարձավ, որ սա ընդամենը խաղ է: Եվ հիմա, հրապարակելով համաձայնագրի հիմնական սկզբունքները, համանախագահները զրկում են նրանց այդ խաղի հնարավորությունից: Եվ հիմա նախագահները պետք է հստակ պատասխան տան, թե որն է իրենց իրական կեցվածքը: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա չեմ կարծում, որ այս ամենի հետեւանքով նախագահների մոտ կարգավորման համար անհրաժեշտ կամք առաջանա: Բայց նրանց խաղն այդպես կբարդանա:

– Այդ դեպքում մնում է պարտադրված խաղաղությո՞ւն՝ Դեյթոնի սկզբունքով:

– Հիմա համանախագահներն ընդամենը ճնշում են՝ սպառնալով, որ կդադարեցնեն միջնորդական առաքելությունը, ինչի հետեւանքով կմեծանա պատերազմի վտանգը: Չեմ կարծում, որ նրանք պատրաստ են Դեյթոնյան պարտադրանքի: Դեյթոնը հասարակ ճնշում չէ, այն պարտադրվում է ռմբակոծություններով: Դեյթոնը ենթադրում է ռազմական միջամտություն կամ սպառնալիք, ինչպես եղավ Բոսնիայի դեպքում, երբ ՆԱՏՕ-ի զորքերը ռմբակոծեցին սերբերի դիրքերը: Այս առումով համանախագահների կողմից կիրառվելիք ճնշման միջոցների զինանոցն ինչ-ինչ պատճառներով այնքան էլ հարուստ չէ: Հատկապես` Ադրբեջանի պարագայում, ճնշման հնարավորությունները գնալով նվազում են: Ադրբեջանն այսօր մեծ շահույթներ է ստանում նավթից, եւ գնալով ավելի քիչ կարիք ունի միջազգային հանրության ֆինանսական աջակցության: Ադրբեջանի վրա ազդելը հիմա շատ դժվար է, քանի որ նա էյֆորիայի մեջ է հայտնվել՝ մտածելով, որ նավթադոլարները կարող է կիրառել բանակը ուժեղացնելու, բանակցային դիրքերն ամրապնդելու համար: Եվ կարծես թե որեւէ շահագրգռվածություն ցույց չի տալիս՝ այսօր խաղաղություն կնքելու մեջ:

– Նշեցիք, որ երկու երկրների ղեկավարները պատրաստ չեն եւ ցանկություն էլ չունեն հակամարտության լուծման գնալու համար: Իսկ այդ երկու երկրների հասարակությունները պատրա՞ստ են հակամարտության լուծմանը: Եվ ընդհանրապես, համանախագահների բացահայտած սկզբունքները մեզ համար որքանո՞վ են ընդունելի:

– Կարծում եմ, որ ընդհանուր գծերով այս համաձայնագիրը կրկնում է 1997թ. փուլային տարբերակը: Արդյո՞ք այն ավելի լավն է, թե՞ ավելի վատը, պարզ կդառնա միայն մանրամասների հրապարակումից հետո: Բայց իր ընդհանուր էությամբ, այն փուլային տարբերակի կրկնությունն է: Իսկ փուլային տարբերակը, իմ կարծիքով, հարցի լուծման միակ տարբերակն է: Եվ եթե այդ տարբերակը լուրջ եւ առողջ քաղաքական ուժերի կողմից մատուցվի հասարակությանն ու պարզաբանվի, ապա հասարակությունը դա կընդունի: Իսկ ինչո՞ւ չպետք է ընդունի, եթե խոսքն այն մասին է, որ ստորագրելու ենք խաղաղություն, պահպանելով Ղարաբաղը եւ կապը Հայաստանի հետ` թողնելով ԼՂ անկախության ճանաչման հարցն ապագայի համար, երբ դա հնարավոր կլինի լուծել:

– Սակայն ոչ 1997 թվականին, ոչ էլ այսօր, կարծես թե այդ ակնկալված հասարակական բանավեճը տեղի չի ունենում: Եվ ձեր մատնանշած լուրջ եւ առողջ ուժերը ներկայացված սկզբունքները հասարակության համար չեն պարզաբանում: Ինչո՞ւ այդ քննարկումները տեղի չեն ունենում:

– Խնդիրն այն է, որ խաղաղության ծրագիրը մանրամասներով ոչ այն ժամանակ էր հրապարակվել, ոչ էլ նոր ծրագիրն` այսօր: Սա լուրջ խոչընդոտ է լուրջ քննարկման համար: Բացի այդ, քանի դեռ համաձայնություն կայացնելու վճռականություն չկա, հասարակությունը չի գիտակցում, որ խոսքն իրական մի ծրագրի մասին է, որը կարող է իրագործվել: Եվ վերջապես, մեր հասարակության քաղաքագիտական գիտելիքների եւ քաղաքական մտածողության խնդիր է նաեւ: Որքան էլ ցավալի է, սակայն մեր քաղաքագիտական միտքը դեռեւս բավական ցածր մակարդակի վրա է գտնվում, եւ կառուցվում է ոչ թե իրատեսական հաշվարկների, այլ ցանկությունների հիման վրա:

– Ինչպիսի՞ զուգահեռներ կարող եք անցկացնել ԼՂ հակամարտության կարգավորման 1997թ. եւ այսօրվա սկզբունքների միջեւ: Այսօրվա սկզբունքներն ընդունելու դեպքում կարո՞ղ ենք հակամարտության վերջնական կարգավորում ակնկալել:

– Այդ երկու տարբերակների էությունը նույնն է: Բայց, առաջին հայացքից, կան տարբերության երեք տարրեր: Մեկը՝ հանրաքվեի գաղափարն է, մյուսը՝ Քելբաջարի հիշատակումը, եւ երրորդը՝ Շահումյանի հարցի չհիշատակվելը: Ամենակարեւոր տարրն այստեղ հանրաքվեն է: Բայց եկեք հասկանանք, թե ինչի համար է այդ հանրաքվեն: Ակնհայտ է, որ առաջարկվող հանրաքվեն մի գաղափար է, որը երբեք չի իրականացվի: Թե ինչպե՞ս եւ որտե՞ղ այն պիտի իրականացվի, ո՞վ պետք է քվեարկի, ի՞նչ հարց պետք է դրվի հանրաքվեի, որո՞նք են լինելու դրա իրավական հետեւանքները, այդ հարցերը լինելու են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա բանակցությունների առարկա: Բնականաբար երկու կողմերն էլ հասկանում են, որ հանրաքվեի արդյունքը կախված է լինելու հենց այդ հարցերի լուծումից: Ուստի պարզ է, որ նրանք երբեք չեն կարող այդ հարցում գալ համաձայնության: Իրականում այս հանրաքվեն հատուկ տարր է, որը ներմուծվել է Քոչարյանին դեմքը փրկելու հնարավորություն տալու համար: 1998թ. սկսած Քոչարյանը խոսել է փաթեթային տարբերակի մասին եւ ասել է, որ փաթեթայինից դուրս այլ լուծում հնարավոր չէ: 2004թ. մտնելով Պրահյան գործընթացի մեջ, նա հրաժարվել է փաթեթային սկզբունքից՝ միջազգային ճնշումների պատճառով: Եվ հիմա պետք է իր դեմքը փրկի՝ ասելով, որ թեեւ Ղարաբաղի կարգավիճակը չի սահմանվում, բայց համաձայնագրում հիշատակվում է ԼՂ կարգավիճակի լուծման մեխանիզմը: Նա կարող է մատնացույց անել հանրաքվեի գաղափարը՝ մեկնաբանելով, որ հարգվում է ԼՂ ինքնորոշման իրավունքը: Իսկ Ադրբեջանն էլ լրիվ այլ կերպ կմեկնաբանի հանրաքվեի գաղափարը: Ադրբեջանն էլ ասում է, որ հանրաքվեն պետք է անցկացվի իր երկրի ողջ տարածքում: Իսկ իրականում ոչ մի համաձայնություն չկա հանրաքվեի ձեւաչափի շուրջ եւ չի կարող լինել: Ընդամենը այդ բառակապակցությունը մտցրել են Քոչարյանի դեմքը փրկելու համար եւ արել են դա այնպիսի ձեւով, որ երկու կողմերին էլ հնարավորություն տան խոսելու դիվանագիտական հաղթանակի մասին:

– Իսկ ի՞նչ նմանություններ կան 1997-1998թթ. եւ այսօրվա ներքաղաքական կյանքում ընթացող պրոցեսների միջեւ: Մասնավորապես նկատի ունեմ այն հանգամանքը, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով համարվում է Քոչարյանի առավել հավանական իրավահաջորդը, առաջիկայում դառնալու է իշխող ՀՀԿ-ի համանախագահը: Եվ ենթադրվում է, որ հենց նրան էլ փոխանցվելու է իշխանությունը:

– Սա նմանություններ չէի համարի: Մակերեսային գծերով պրոցեսները նման են, բայց էությունը նույնը չի կարող լինել: Այստեղ կատարվում մի բան, որը կարծես թե պայմանավորված է Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Իմ կարծիքով, Քոչարյանի նպատակն ի սկզբանե եղել է երրորդ ժամկետում առաջադրվելը: Դրա համար փոխվեց Սահմանադրությունը: Բայց Քոչարյանն ի նկատի է ունեցել նաեւ պահուստային տարբերակ, երբ ինչ-ինչ պատճառներով չկարողանա երրորդ ժամկետում առաջադրվել, ապա իրավահաջորդ պետք է դառնա Սերժ Սարգսյանը: Հիմա կարծես թե Քոչարյանն ինքն էլ համոզվել է, որ երրորդ ժամկետում իր առաջադրվելը կապված է մեծ ռիսկերի ու ճնշումների հետ: Ուստի իրագործվում է երկրորդ տարբերակը: Իսկ թե որը կլինի կոնկրետ տեխնոլոգիան, ես չգիտեմ: Այն, ինչ որ կատարվում է ՀՀ-ում, դա ես բնութագրում եմ որպես օլիգարխիկ ռեժիմի մեջ իշխանության ոլորտների համար կատարվող ներքին պայքար: Եթե Քոչարյանը մտածում է, որ իշխանության փոխանցումը Ս. Սարգսյանին կլինի 2008թ.-ին, ապա պրոցեսները կարող է այնպես գնան, որ իշխանությունը ոչ ֆորմալ առումով ավելի շուտ անցնի Ս. Սարգսյանին: Սա «կաղացող բադիկի» հայտնի քաղաքական ֆենոմենն է: Երբ ավարտվում է նախագահի երկրորդ ժամկետը, նրա շրջապատն ու սատարող քաղաքական ուժերը գնալով ավելի քիչ են նրա հետ հաշվի նստում եւ հայտնվում են ամենահավանական իրավահաջորդի կողքին:

– Փաստորեն, հավանական չե՞ք համարում Քոչարյանի հրաժարականի տարբերակը՝ պայմանավորված ԼՂ խնդրի շուրջ եղած ճնշումներով:

– Ես չեմ տեսնում լուրջ խնդիր կամ ճնշում, որի պատճառով նա հրաժարական պիտի տա: Եթե գոյություն չունի ձեր մատնանշած Դեյթոնի տարբերակով լուրջ ճնշում, ապա Քոչարյանը շատ հանգիստ կարող է մինչեւ ժամկետի վերջ պաշտոնավարել: Մանավանդ, որ այսօր համաձայնագրի այս տարբերակը ստորագրելուն Ադրբեջանը չի համաձայնվում: Քոչարյանը ի՞նչ պատճառ ունի հրաժարական տալու համար: Քոչարյանը բոլոր հնարավորություններն ունի իր պաշտոնավարման ժամկետում խուսափելու ղարաբաղյան խնդրի կարգավորումից: Ցավոք, դա կարվի Հայաստանի եւ Ղարաբաղի հաշվին: