Մեղավոր է նաեւ միջազգային հանրությունը

09/07/2006

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում ստեղծված փակուղային իրավիճակի համար մեղավոր է նաեւ միջազգային հանրությունը: «Միջազգային հանրությունը, աչք փակելով 2003թ. ընտրությունների եւ 2005թ. խայտառակ հանրաքվեի արդյունքների վրա, կարգավորման խնդիրն ինքը մտցրեց փակուղի: Եվ հիմա փորձում է շտկել իրավիճակը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անօրինական իշխանությունները, որոնք չեն վայելում ժողովրդի վստահությունը, չեն կարող լուծել ԼՂ կարգավորման խնդիրը: Եթե նա ադեկվատ արձագանքեր եւ ՀՀ-ի, եւ Ադրբեջանի ընտրություններին, կգային ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ, որոնք ավելի արդյունավետ կաշխատեին այս ուղղությամբ»,- ասել է նա: Ըստ Ա. Հովակիմյանի, եթե միջազգային հանրությունը գալիք ընտրություններին վերաբերվի այնպես, ինչպես 2003-ին, ապա կրկնապատիկ կմեծանա պատերազմի վերսկսման վտանգը: