Մայիսի վերջին Հայաստանի Ամերիկյան համալսարանում մի ուշագրավ դասախոսությամբ հանդես եկավ Ալ-Քադսի համալսարանի ամերիկագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մոհամեդ Ս. Դաջանի Դաուդին։ Դասախոսության թեման արաբ-իսրայելական տասնամյակներ ձգվող հակամարտությունն էր, որն արաբ պրոֆեսորը ներկայացնում էր «Մեծ երազ, փոքր հույս» երկընտրանքի շրջանակում։
Դաջանիի դասախոսությունը սկսվում է հրեա րաբբիի մասին մի պատմությամբ։ Րաբբին քսան տարի ամեն օր գնում է Լացի Պատի մոտ՝ աղոթելու, որպեսզի արաբների ու հրեաների միջեւ խաղաղություն հաստատվի։ Մի անգամ մի լրագրող որոշում է, որ սա լավ պատմություն կլինի եւ, մոտենալով նրան, հարցնում է. «Ի՞նչ եք զգում քսան տարի շարունակ Լացի Պատի մոտ գալով եւ խաղաղության համար աղոթելով»։ «Այնպիսի զգացողություն ունեմ, ասես պատի հետ եմ խոսում»,- ասում է րաբբին։
Այս օրինակով պրոֆեսոր Դաջանին ուզում էր ասել, որ խաղաղության մասին բոլոր խոսակցությունները դեմ են առնում պատին՝ թե՛ արաբների մոտ, եւ թե՛ հրեաների միջավայրում, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր մեծ երազը, որի ստվերում անհետանում է խաղաղության փոքր հույսը։
Օսլոյի խաղաղության գործընթացից հետո արաբ-իսրայելական հակամարտությունը որակական փոփոխություն է կրել։ Դաջանին գտնում է, որ Օսլոն երկու կարեւոր արդյունք է ունեցել։ Առաջինը հրեաների կողմից պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների ճանաչումն է՝ աննախադեպ երեւույթ Սիոնիզմի պատմության մեջ։ Երկրորդ էական փոփոխությունն այն է, որ այդ օրվանից ոչ թե պաղեստինցիներն են հրեաների դեմ կամ հրեաները պաղեստինցիների, այլ կան հրեաներ ու պաղեստինցիներ, ովքեր հավատում են մեծ երազին, եւ կան այնպիսիք, ովքեր հավատում են փոքր հույսին։ Հետաքրքրական է այն, որ դրանից հետո առաջացել է երկու ճամբար, որոնցից մեկում մեծ երազին հավատացող հրեաներն ու պաղեստինցիներն են, մյուսում՝ փոքր հույսին հավատացող պաղեստինցիներն ու հրեաները։
Ի՞նչ է իրականում մեծ երազը հրեաների եւ պաղեստինցիների համար։ Հրեաների համար մեծ երազ է մի առավոտ արթնանալ եւ տեսնել, որ Պաղեստինն անհետացել է անապատում, եւ միայն հրեաներն են ապրում Ավետյաց երկրում։ Պաղեստինցիների համար մեծ երազ է մի առավոտ արթնանալ եւ տեսնել, որ բոլոր իսրայելցիները մեռել են եւ միայն պաղեստինցիներն են ապրում Սուրբ Հողում։ «Մեծ երազի» պաշտպանները, ովքեր մեծամասնություն են, պայքարում են դիմացինին մարմնավորող չարի նկատմամբ իրենց պատկերացրած բարու վերջնական հաղթանակի համար՝ արդյունքում ձգտելով հիմնադրել իրենց բացառիկ պետությունը Պաղեստինի/Իսրայելի պատմական հողում։
Այսպիսով՝ նրանք ստեղծում են հակառակորդի դիվային կերպարը, խթանում հակամարտության կրթությունը, որը նոր սերնդին ուսուցանում է հին սերնդի պատերազմական փիլիսոփայությունը։ «Մեծ երազողները» ժողովրդին կախվածության մեջ են գցում հողից եւ ուշադրությունը սեւեռում պատմական անցյալի վրա։ Այս գործում պակաս դեր չունեն նաեւ ԶԼՄ-ները, որոնք արմատավորում են սեփական ճշմարտացիության եւ հակառակորդի սխալականության պատկերացումներ՝ ասելով. «Մենք զոհեր ենք, նրանք` զավթիչներ», «Մերն ահավոր ողբերգություն է, նրանցը՝ վիճակագրություն», «Մեր գործողություններն օրինական են, նրանցը հակասում են միջազգային իրավունքի նորմերին», «Մեր նպատակներն արդար են, նրանցը՝ չար», «Մենք խաղաղասեր ենք, նրանք՝ պատերազմի վաճառական», «Մեր ձեռքերը մաքուր են, նրանցն՝ արյունոտ», եւ այլն։
Պատը, որի մասին խոսում է պրոֆեսոր Դաջանին, իրականում ոչ թե արաբ-իսրայելական շփման գծում կառուցված պատնեշն է, այլ այն, ինչը խոչընդոտում է խաղաղարար նախաձեռնություններին։ Խոսելով իսրայելցիների կառուցած պատի մասին՝ Դաջանին ասում է, թե այն խորհրդանշում է դիվանագիտական շփումների ձախողումը եւ չի կարող փոխարինել քաղաքական լուծմանը։ Պատը, ըստ Դաջանիի, մեծ երազի մարմնացումն է՝ չտեսնել իրար, չշփվել, մեկուսանալ՝ այդպիսով ստեղծելով ապահովության եւ անվտանգության պատրանք։
«Փոքր հույսի» պաշտպաններն այն փոքրաթիվ մարդիկ են, ովքեր հավատում են երկու ժողովուրդների խաղաղ համակեցությանը եւ կոչ են անում հարցը լուծել երկրորդ պետության հիմնադրումով (Պաղեստին՝ Արեւմտյան ափով եւ Գազայի հատվածով), որոնք միմյանց հետ կապրեն ներդաշնակության, խաղաղության եւ անվտանգության մեջ՝ Երուսաղեմ ընդհանուր մայրաքաղաքով։
«Փոքր հույսի» նշանակետը միմյանց միջեւ խաղաղության եւ արդարության կամուրջներ կառուցելն է, որոնք կօգնեն գալիք սերունդներին` ճշմարիտ ընտրություն կատարել պատերազմի եւ խաղաղության միջեւ, որոնք կբացատրեն նրանց, որ ոչ ոք չի կարող ճշմարտության մենատեր լինել, հնարավորություն կտան հարգանքով վերաբերվել ուրիշի կարծիքին ու շահերին, կօգնեն խնդիրները լուծել խաղաղության մշակույթի շրջանակում, զարգացնել քաղաքացիական պարտքի զգացումը եւ անձնական պատասխանատվությունը ոչ միայն սեփական, այլեւ դիմացինի երկրի ճակատագրի հանդեպ։ Պրոֆեսոր Դաջանիի կարծիքով, «Փոքր հույսի» աշխարհում Երուսաղեմը կարող է դառնալ բազմամշակույթ, բազմազգ, բազմակրոն քաղաք։
«Խաղաղության ռազմավարությունը հինգ նշանակետ պետք է ունենա՝ ներշնչել ժողովուրդներին նայել դեպի ապագա եւ ոչ թե դեպի անցյալ՝ թույլ չտալով, որ անցյալը մերժի նոր ուղիներ գտնելու մեր հնարավորությունը, սատար կանգնել խաղաղարար նախաձեռնություններին, բանակցող կողմերի մեջ սերմանել համագործակցություն, հակամարտության կարգավորման միակ գործիք ընտրել խաղաղության մշակույթը՝ զերծ բռնությունից ու կամայականությունից, եւ դնել համակեցության հիմքը, որը կապահովի երկու կողմերի անվտանգությունը։ Անվտանգությունը երկուսի օրինական պահանջն է, եւ մեկի անվտանգությունը չի կարող լինել մյուսի հաշվին։ Անվտանգությունը պետք է լինի հավասար, փոխադարձ եւ երկկողմ»,- ասում էր Դաջանին։
Նրա կարծիքով, խաղաղությունը չի կարող հաստատվել քաղաքական եւ տնտեսական համաձայնագրերով։ Այն պետք է հիմնված լինի ըմբռնման, հարգանքի, միմյանց արժեքների, հեռանկարների, պատմության, մշակույթի, կրոնի եւ ձգտումների գնահատման վրա։ Այսինքն՝ ոչ միայն քաղաքական ղեկավարները, այլեւ հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդները պետք է հոգեբանորեն փոխվեն, որպեսզի խաղաղության հաստատումը հնարավոր դառնա։
Հակամարտությունը հնարավոր կլինի հանգեցնել խաղաղության, եթե պաղեստինցիներն ու իսրայելցիներն իրենց տարբերությունները քննարկեն ռացիոնալ եւ գիտակցական ձեւերով՝ հասկանան միմյանց, լսեն մեկը մյուսի փաստարկները, իրենց տեսակետները պաշտպանեն համոզմունքով, բայց առանց բռնության։ Ալ-Քադսի համալսարանի ամերիկագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մոհամեդ Ս. Դաջանի Դաուդիի հետ հանդիպմանն, անկեղծ ասած, գնացել էի, որպեսզի մի քանի հարց ուղղեի հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, սակայն այս դասախոսությունը լսելուց հետո հարց տալու անհրաժեշտությունը վերացավ։ Ես հասկացա, որ մեծ երազն ամեն տեղ էլ մեծ երազ է՝ իր ահավոր, երբեմն նաեւ անվերադարձ կորուստներով։ Հասկացա նաեւ, որ փոքր հույսն էլ ամեն տեղ փոքր հույս է, եթե, իհարկե, այն կա։
Նկարները` www.bigdreamsmallhope.com սայթից
www.hetq.am