Մի անգամ Մալխասը…

04/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ջազմեն Լեւոն Մալխասյանը դեկտեմբերի 25-ին դառնում է 60 տարեկան: Մենք փորձեցինք նրան ներկայացնել իր ընկերների միջոցով: Մալխասը սիրում է մարդաշատ միջավայր, հասարակական վայրեր, որտեղ սուրճ է, ծուխ է, խոսակցություն է, աժիոտաժ է, բոհեմ է: «Նա չափազանց շատ երեւանցի է»,-ասում են նրա ընկերները:

«ԾԵՐՈՒԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ ԼԱՎ ՄԱՐԴ Է»

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը գտնում է, որ Մալխասն անտանելի լավ մարդ է եւ իր մեծ եղբայրն է. «Մալխասը  մեծ է ու շատ է: Նա շատ մեծ շրջապատ, երկրպագուներ, մտերիմներ ունի, բայց էությամբ միայնակ մարդ է:  Կարողանում է երեխայի հետ երեխա լինել, պաշտոնյայի հետ՝ պաշտոնյա, բայց այդ ընդհանուրի մեջ շատ կարեւոր բան կա՝ Մալխասը բոլորի մեջ նախ եւ առաջ մարդ է տեսնում: Նշանակություն չունի՝ նախագահ է, կոշկակար է, գիտաշխատող է, թե բանվոր»: Մալխասի ընկեր Հրանտն ասում է, որ նա լսողությամբ է ճանաչում մարդուն, ձայնի ելեւէջներով կարող է հասկանալ ճշմարտությունն ու կեղծիքը: Ասում է՝ եթե մեկը մի բան Մալխասին սրտանց պատմում է, ապա նա այդ ցավը յուրացնում է ու անմիջապես ասում է՝ «Ա՛յ բալամ, բա հիմա ի՞նչ պետք է անենք»: Իսկ ամենակարեւորն այն է, որ Մալխասը կարողանում է նաեւ ուրիշի ուրախությունն ապրել: «Լյովը քաղաքացի է, գեղացի չէ,- ասում է Հրանտը:- Քաղաքը տոն շատ է սիրում, հասարակությունը մեծ է, փողոցը մեծ է, անցուդարձ կա: Մալխասը ստանդարտ  վիճակներ չի սիրում՝ պիկնիկ, կնունք, հարսանիք, պարտականություն… Էդ մարդու կյանքը ջազն է: Ժամանակին քաղաքում ջազի մեջ ապրող մարդիկ շատ էին, քաղաքն ազատ էր շնչում, մարդկանց մեջ հարաբերվելու կուլտուրա կար, ազատի մեջ էին, ոչ ոք ոչ մեկին ոչինչ չէր պարտադրում: Քաղաքում ազատամիտ ու ազատասեր մարդու տեսակ կար, հիմա չկա, որովհետեւ մեր քաղաքը դարձել է հոգով ռամիկների քաղաք: Վերեւից ներքեւ ռամիկ են: Քաղաքի հոգին, մարդն է փոխվել, որովհետեւ շենքերը չեն քաղաքը: Մտավորականության վերադարձի խնդիր կա, համատարած անորոշություն կա: Հեքիաթ չկա: Մալխասի հետ 3-4 տարի է, ինչ մտերիմներ ենք, բայց փոքրուց՝ ծնողներիս շրջապատից, ընկերությունից, Երեւանի մարդկանցից գիտեի, որ Լեւոնը քաղաքի տղա, սիրված տղա է, ինդիվիդուալիստ է»:

«ՄԱԼԽԱՍՆ ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԱՐՏԱՌՈՑ Է»

Քանդակագործ Դավիթ Բեջանյանը  Լեւոն Մալխասյանի հետ շուրջ 45 տարի է  ընկերություն է անում. «Նա այն տեսակն է, որի հետ շատ լավ, թեթեւ ես զգում, եւ ինչպիսի կատակլիզմ էլ որ լինի՝ քաղաքական, բնության, Լյովան իր հետ թեթեւություն է բերում ու դրական լիցքեր է փոխանցում շրջապատին: Բնությամբ եկած մի յուրօրինակ հատկություն ունի՝ նա երբեք ոչ մեկին չի ձգտում, ընդհակառակը՝ բոլորը դեպի իրեն են ձգտում: Անշուշտ ես չեմ խոսում պրոֆեսիոնալ դաշնակահարի մասին, այլ խոսում եմ ընկերոջս, երեւանցու մասին: 60 տարեկան է, շատ շուտ է ժամանակն անցնում, բայց չէի ասի, թե նա մեծացել է, թե տարիքն իր սրբագրումներն է արել: Սովորաբար մարդիկ մեծանալիս ձեռք են բերում կամակորություն, բնավորության վատ գծեր, սկսում են օրենքներով ապրել, բայց Մալխասը երբեք օրենքների զոհը չի եղել եւ չի փոխվել: Նրա հետ ընկերություն անելը հեշտ է, ու միշտ կարոտում ես իրեն, անգամ, եթե կողքիդ է: Մոտ 20 տարի, ամեն Աստծո օր միասին ենք եղել, երեւանյան գիշերներում ենք ապրել, բայց երբեք չեմ հոգնել իրենից: Միասին նվագել ենք, կերուխում ենք արել, թռել ենք մոսկվաներ, աղջիկների հետ ենք եղել, ի տարբերություն այդ ժամանակների՝ հիմա մեր շարժուձեւի մեջ նկատում եմ դանդաղկոտություն, թեեւ մտածելակերպով նույնն ենք»: Մալխասին բնորոշելիս՝ Դ. Բեջանյանը հատկապես անդրադարձավ Մալխասի սրամտությանն ու հումորին: Ասում են, որ Մալխասը բնություն չի հանդուրժում եւ Դավիթն այդ հանգամանքը հաստատեց. «Ոչ միայն չի սիրում, այլ եղեւնիներ տեսնելուն պես՝ նրա մոտ տրամադրության անկում է սկսվում: Երեւանից դուրս Մալխաս չկա :  Նա ունի իր փողոցները, իր պուրակը, իր սրճարանը, զբոսանքի հատուկ վայրերը, եթե նշված տեղերից Մալխասին հանեցիր՝ նա կարող է դառնալ անհետաքրքիր մարդ, հանգում է, Մալխաս չկա, իսկական քաղաքի մարդ է, երեւանյան պրոբլեմներով ապրող մարդ է»: Նա նաեւ  չի սիրում ավտոմեքենա: Պուշկինի դպրոցն ավարտելուց հետո Մալխասին վարորդական իրավունք են տվել: Եվ քանի որ Դավիթ Բեջանյանը մեքենա ուներ, իսկ վարորդական իրավունք՝ ոչ, մի օր Սեւան գնալուց մեքենան վարել է Մալխասի փաստաթղթով: Վերադառնալիս երկուսն էլ քիչ հարբած են եղել, բնականաբար՝ ավտոտեսուչը վերցրել է փաստաթուղթը: Այնպես որ, Մալխասը 60 տարվա մեջ մեկ օրով վարորդություն անելու իրավունք է ունեցել եւ հասցրել է մեքենա  չսիրել: Հարցիս, թե 60 տարեկան Մալխասն ի՞նչ նպատակներ ունի, Դ. Բեջանյանը պատասխանեց. «Նրա առաջին մտահոգությունը երեւանյան երաժշտական միջավայրի խնդիրն է: Երազում է մեծ փառատոներ իրականացնել, մեր երաժիշտներին հյուրախաղերի ուղարկել: Նրա ամենացավոտ տեղը Երեւանն է, մտածում է մեր վաղվա օրվա մասին, երեւանցիների մասին: Դա նրա հոգսն է»:

«ԵԹԵ ՄԱԼԽԱՍՆ Է ՆՎԱԳՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՄԵՋԸ ՋԱՆ ԿԱ»

«Ինտելիգենտ» ասելիս՝ պատկերացնում են ակնոցներով, կոկետ, մամայի բալա,- ասում է ճարտարապետ Լեւոն Իգիթյանը:-Չէ՛, օրինակ ես, միշտ հիանում եմ, երբ մի տեղ նստում ենք ուտելու, ու Մալխասն իր գոնդոլ մատներով, ձեռքն ամանի մեջ գցելով է ուտում: Նա շատ լավ տիրապետում է էթիկայի կանոններին, կիրթ է, դաստիարակված է, բայց միեւնույն ժամանակ շատ բնական մարդ է: Ջերմություն կա, երեւանյան ընկերության գինն այն է, որ պետք է մերկ ընկերություն լինի, թաքուն բան չլինի: Երեւանում մի ժամանակ շատ գեղեցիկ, երանելի ժամանակաշրջան կար, գիշերները չէինք քնում, բայց, որպես կանոն, առավոտյան ժամը հինգին հավաքվում էինք մեր հանդիպման վայրում, ի մի էինք բերում, թե ով որտեղ է գիշերել: Մի օր սովորականի պես հավաքված էինք, ընկերներից մեկն ասաց՝ Մալխասին ո՞նց գտնեմ: Դրա հաջորդ օրը Մալխասը, ջութակահար Կարոն, Ակսել Բակունցը եւ սաքսոֆոնահար Ալիկ Զախարյանը թռնելու էին Ֆինլանդիա: Բակունցը, որը մեզ հետ էր, ասաց՝ հիմա կասեմ. նայում է ժամացույցին, ասում է՝ ա՛յ, հիմա մտավ տուն, հես ա չստերը կհագնի, կմտնի սենյակ, բացած անկողինը կփակի, սառնարանը կբացի, ծիծակ կհանի, եւ ուշադիր հետեւելով ժամացույցի սլաքներին՝ ասում է՝ ա՛յ, հիմա զանգի: Զանգում է, թե՝ Մալխա՛ս, «պրիվետ», ի՞նչ ես անում, նա էլ, թե՝ ծիծակ եմ հանել, որ ուտեմ, հարցնում է՝ անկողինդ փակել ե՞ս, ասում է՝ հա՛, բացած անկողին չեմ սիրում… »: Լ. Իգիթյանն ասում է, որ Մալխասը 40 տարի է զբաղվում է իր գործով եւ ոչ մի անգամ չի շեղվել իր նախասիրությունից, թեեւ դժվար էր. վռնդում էին, ոստիկանություն էին տանում, արգելում էին, քանի որ ջազն արգելված էր, բայց Մալխասը չհիասթափվեց: Մալխասի ընկերների կարծիքով՝ նրա համար ամենաթանկ նվերը կարող է լինել ստուդիայի տարածք տրամադրելը: Նա մինչեւ այսօր երազում է ջազային ստուդիա ունենալ, որպեսզի իր ունեցած երաժշտական գրականությունը, երաժշտական ֆոնդը տեղափոխի այնտեղ: Տեսականորեն սիրելու փոխարեն՝ պետք է առիթն օգտագործել, թե չէ, միայն հետը բաժակ բարձրացնելով չէ: Լեւոն Իգիթյանը պատմում է, որ մի անգամ մեծ ավտոբուսով, 60 հոգով գնացել են Դիլիջան: «Կոմպոզիտորներ, դերասաններ, ուրախ-ուրախ մեկ շաբաթով գնում ենք Դիլիջան,- պատմում է նա:- Մալխասը հենց որ տեսավ՝ Երեւանն ավարտվեց՝ մթնեց: Ուրեմն, ես իջնում եմ մայրուղի, մեկ էլ աչքս ընկավ էն տեսարանին, որ սարով, համարյա գլորվելով, գլուխը կորցրած իջնում է Մալխասը: Ասում եմ՝ Մալխա՛ս էս ի՞նչ ա եղել. ասում է՝ մեռնում եմ էս «յոլկեքից», գնամ մի քիչ տռասսա, քիթս կպցնեմ ավտոյի «գլուշիտելի» ծխին՝ օդ շնչեմ: Մալխասը եզակի դեպք է, երբ մարդու միջի հավաքված թերությունները դառնում են գեղեցիկ կերպար: Սա գաղտնիք է: Մալխասը շատ խորը մարդ է: Դրա սիֆաթը տեսնելիս ամեն բան մոռանում ես, իսկ որպես դաշնակահար՝ միայն կասեմ. եթե Մալխասն է նվագում, ուրեմն մեջը ջան կա»:
Մալխասը գիշերային կյանքով ապրող մարդ է: Պատմում են, մի անգամ, երբ մի կին, որ  Մալխասին միշտ տեսել էր երեկոյան ժամերին սրճարաններում, օրը ցերեկով նրան փողոցում պատահաբար հանդիպելով ասել էր. «Բայց դուք ցերեկը հեչ չեք նայվում…»:
Իսկ մի անգամ, երբ Մալխասը դստեր հետ Դիլիջանում էր՝ Կոմպոզիտորների միության հանգստյան տանը, առավոտյան վաղ արթնանում, պատշգամբ է դուրս գալիս: Անհամբեր էր, թե երբ լույսը կբացվի, որ վերադառնա Երեւան: Եվ պատշգամբում ծխելիս՝ թռչունների ծլվլոցն է լսում: Ջղայնացած շրջվում է ծտերի կողմը, թե՝ «Զահրումա՜ր…»: Այդքան չի սիրում բնության գրկում լինելը, կամ այդքան սիրում է Երեւանը: