«Մեսիջ» բառը հայ իրականության մեջ ունի ընդամենը չորս-հինգ տարվա պատմություն: Սակայն այն շատ սրընթաց դարձավ մեր բառապաշարի անբաժանելի մասը: Նույնքան արագ, որքան արագ փոխվում են ժամանակակից «էլիտար» սերնդի բջջային հեռախոսները, որոնցով նրանք միմյանց տարբեր, հիմնականում` անիմաստ մեսիջներ են ուղարկում:
«Մեսիջ»-ը գեղեցիկ անգլերեն բառ է, որը հայերեն թարգմանաբար հնչում է ոչ պակաս գեղեցիկ` հաղորդագրություն: Սակայն հետաքրքիրն այն է, որ ժամանակակից երեւանյան սլենգում «մեսիջ» բառը ստացել է մի փոքր այլ նշանակություն, եւ այս համընդհանուր գեղեցկության շքերթում ունի ավելի շատ տհաճ, քան հաճելի երանգ: Մեսիջը սովորաբար լինում է տեղական, միջքաղաքային եւ միջազգային, ընդ որում, ինչպես SMS-ի, այնպես էլ MMS-ի տեսքով (խոսքս ֆոտո եւ տեսակոմպրոմատների մասին է):
Մեսիջը, սակայն, միայն բջջային հեռախոսների միջոցով չի լինում: Լինում է նաեւ «գնչուական փոստի» կամ «խոհանոցային փոստի» տեսքով:
Հայերը վերջերս սկսել են միմյանց հետ շփվել բացառապես մեսիջների տեսքով: Դիտարկենք այդ «մեսիջներն» ըստ բնագավառների:
Կրթական մեսիջ. Մինչ օրս այս մեսիջը տեղավորվում էր «ուսուցիչ-աշակերտ-ծնող» կամ «տնօրեն-ուսուցիչ-ծնող» սխեմայի մեջ: Օրինակ, ուսուցիչը լավ կամ միջին սովորող երեխային «ափաշքյարա» ավելի ցածր գնահատական էր նշանակում, քան նույն երեխայի դեբիլ, սակայն «մուծվող» դասընկերոջը՝ այդպիսով ոտնահարելով տվյալ երեխայի ինքնասիրությունը եւ ծնողին հասկացնելով, որ պետք է կամ «մուծվել», կամ երեխային «տալ պարապելու»: «Պարապել տալը», տվյալ պարագայում, վերոնշյալ «մուծվելուց», գործնականում ոչնչով չի տարբերվում: Սակայն օրեր առաջ կոռուպցիայի դեմ պայքարի «հայկական տարբերակ» Բագրատ Եսայանը բոլոր ուսուցիչ-տնօրեններին մեսիջ ուղարկեց առ այն, որ եթե նախկինում ուսուցիչն աշակերտի հետ լրացուցիչ վճարովի պարապում էր տանը, ապա «այժմ այդ պարապմունքները պետք է կատարվեն դպրոցում` ֆակուլտատիվ, եւ դրանից տվյալ ուսուցիչը պետք է հավելավճար ստանա, իսկ մնացած գումարը գնա դպրոցին, հարկերին եւ այլն» (բոլոր նրանց համար, ովքեր չեն հասկանում «այլն» բառի իմաստը, կարող եմ բացատրել, որ, տվյալ դեպքում, դա «չինովնիկ» բառի հոմանիշն է):
Գազատարային մեսիջ. Երբ ամիսներ առաջ հայաստանյան մամուլը գրեց, որ Իրան-Հայաստան գազատարը, ի թիվս էներգետիկ այլ «օբեկտների», պատրաստվում են հանձնել Ռուսաստանին, մեր իշխանություններն, իրար հերթ չտալով, սկսեցին հերքել այդ «պատվիրված» լուրը: Սակայն, երբ մի քանի շաբաթ առաջ «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալ. Ռյազանովը «մեսիջ» ուղարկեց, որ 2007թ. հունվարի 1-ից իրենց ընկերությունը չի պատրաստվում նախկին եղբայրական հանրապետություններին միջազգային շուկայական գներից ավելի էժան վաճառել գազը, Հայաստանին ընդամենը քսան օր պահանջվեց մեսիջի ճիշտ ընկալման համար: Իսկ դա նշանակում է, որ Իրան-Հայաստան գազատարը շուտով կդառնա «Գազպրոմի» սեփականությունը:
«Օրինացերկրական» մեսիջ. Որպեսզի «Օրինաց երկիր» կուսակցությունը կարողանա ապացուցել, որ ինքը ոչ թե կեղծ, այլ իսկական ընդդիմություն է, եւ որպեսզի ժողովրդի առջեւ փարատի բոլոր տեսակի կասկածները, սկսել է «մեսիջներ» ուղարկել ընդդիմությանն ու ԶԼՄ-ներին: «Օրինաց երկիր» կուսակցության մեսիջը ցուցադրական պարապուրդն է, որով նրանք փորձում են նմանվել ընդդիմադիր մյուս կուսակցություններին, որոնք աշխատում են «Նստենք թախտին, սպասենք Բրայզայենց»՝ սկզբունքով:
Ներքաղաքական մեսիջներ. Վերջին օրերին ներքաղաքական դաշտում սկսվել են «Ֆորմուլա 1» դասի «գոնկեքը»: Մեկը «մեսիջ» է ուղարկում, որ իրենց կուսակցության անդամների քանակը Հայաստանի փաստացի ընտրողների քանակից շատ է: Մյուսը «մեսիջ» է ուղարկում, որ կարեւորը ոչ թե փաստացի ընտրողների քանակն է, այլ փաստացի ընտրվողների: Երրորդն այնպիսի մեսիջներ է ստանում, որ միանգամից «սառում» է (երեւի այդ մեսիջները Անտարկտիդայից են գալիս), մանր-մունրներն անհամբեր սպասում են` տեսնեն, թե իրենց ո՞վ եւ ե՞րբ է «մեսիջ» ուղարկելու: Սակայն իրականում բոլորը միասին սպասում են, թե ի՞նչ մեսիջներ են ուղարկելու աշխարհիս ուժեղները (այդ թվում նաեւ` հարեւան «գազամատակարարող» երկրից, ուր հաճախ անձամբ են գնում «մեսիջ» ստանալու):
Միջազգային մեսիջներ. Վերջին օրերին ստացված, սակայն հերթական անգամ «սխալ» թարգմանված մեսիջներն իբր քիչ էին, երեկ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան (որն` ըստ հայաստանյան իշխանական մամուլի` պարզվում է՝ նախկին կյանքում գեղեցկության սրահի աշխատակից է եղել) բառացիորեն հետեւյալ «մեսիջն» ուղարկեց Հայաստան. « …ահա թե որտեղ ենք մենք հիմա, սպասում ենք նախագահներին՝ ինչ են նրանք ցանկանում անել: Թե ինչպես կարող է այս ամենը տանել այն բանին, որ որեւէ մեկը հեռանա իշխանությունից, սա քննարկելու հարց է, մենք սպասում ենք ձեզ, սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի՝ ինչպես նախագահների, այնպես էլ մյուսների որոշմանը՝ ինչպես այսուհետ առաջ շարժվել, մենք այլեւս չենք կարող գնալ»:
Քանի որ ես լավատես եմ, նախընտրում եմ ստանալ, օրինակ, «Եկեք գիշերը Շահումյան հրապարակ պարելու», կամ՝ «Այսօր մասնակցեք սահմանադրական հանրաքվեին» տիպի անիմաստ մեսիջներ, քան պարոն Բրայզայի «սխալ» թարգմանված հաղորդագրությունները, որովհետեւ ես լավատես հայ եմ, ոչ թե Աշոտ Բլեյան: