Հրդեհները գալիս են Ադրբեջանից

09/07/2006

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ հուլիսի 4-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը Մարզիլի բնակավայրի շրջանում եւ Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում անց է կացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քիին (Մեծ Բրիտանիա) եւ Գյունտեր Ֆոլկը (Գերմանիա):

Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, սակայն Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածի դիտարկման ընթացքում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, որը դիտարկում էր անցկացնում ադրբեջանական կողմից, ԱՀ բանակի երկրորդ սահմանագծից հայտնել է իրենցից մեկ կիլոմետր դեպի ձախ ընկած մասից հնչած կրակոցի մասին: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում իրականացնող ԵԱՀԿ առաքելությունը կրակոց չի լսել: «Նկատի առնելով այն հանգամանքը, որ ի խախտումն պայմանավորվածության, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս է բերել ոչ թե իր առաջին, այլ կողմերի շփման գծից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող երկրորդ գիծը, ղարաբաղյան կողմից դիտարկման մասնակիցները բոլոր հիմքերն ունեն հայտարարելու ԵԱՀԿ առաքելությանը, որ կրակել են ադրբեջանական բանակի դիրքերից»,- նշվում է ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվությունում:

ԵԱՀԿ դիտարկման խմբին ուղեկցող` ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները նշել են, որ ի հակառակ ԼՂՀ անվտանգության գոտում գտնվող բնակավայրերի հրկիզումների մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության, դիտարկման մասնակիցները այդպիսի փաստեր չեն արձանագրել: Հուլիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկումը շարունակել է Կուրոպատկինո եւ Աշաղի Վեյսալի բնակավայրերի շրջանում: