Ղարաբաղյան հարցով Աշոտ Բլեյանի եւ Արմեն Աշոտյանի միջեւ ծավալված բուռն բանավեճը, ցավոք, այդպես էլ հուզականության մակարդակից վեր չբարձրացավ։ Ցավոք, որովհետեւ պետության ապագայի տեսանկյունից իսկապես կարեւորագույն հարց էր քննարկվում, եւ կարելի էր մի կողմ դնել էմոցիաներն ու հենվել բացառապես սառը բանականության վրա։ Բայց բանավեճ չստացվեց. միմյանց «ազգի դավաճան» կամ «հարյուր տարով ետ մնացած» անվանելը բանավեճ չէ։ Մանավանդ, մեր կարծիքով, երկու գնահատականներն էլ խիստ չափազանցված են, իսկ դիրքորոշումները` ծայրահեղական։ Ճշմարտությունն ինչ-որ տեղ միջակայքում է։
Արմեն Աշոտյանի դիրքորոշման խոցելի կողմը (եթե կուզեք` սխալը) թերեւս նրա այն պնդումն էր, որ ղարաբաղյան խնդրում մեզ համար լավագույնը ստատուս-քվոյի պահպանումն է։ Ինչ-որ կարճ ժամանակահատվածի համար ստատուս-քվոյի պահպանումը գուցե իսկապես ելք է, բայց հասկանալի է, որ նախ` մեզ պարզապես թույլ չեն տա երկար պահպանել այսօրվա վիճակը, եւ երկրորդ` երկարաժամկետ ապագայի տեսանկյունից ստատուս-քվոյի պահպանումը (եթե նույնիսկ դա մեզ հաջողվի) Հայաստանի համար կործանարար է` հենց թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերից, երկրի ողջ ներքին պոտենցիալը ծախսվում է բանակի պահպանման վրա, եւ այլն։ Եվ Աշոտ Բլեյանը միանգամայն իրավացի է, երբ հայտարարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պիտի խաղաղություն հաստատվի, եւ երկու երկրները պիտի սերտորեն համագործակցեն։
Բայց ինչպե՞ս։ Հենց այս հարցում է, որ Աշոտ Բլեյանի դիրքորոշումը, մեր խորին համոզմամբ, սխալ է։ «Զանգելանի գրավումն արկածախնդրություն էր» եւ նման այլ արտահայտություններն ընդամենը գեղեցիկ խոսքեր են, որովհետեւ իրականում մենք բոլորս գիտենք, թե ինչի համար են իրականացվել այդ «արկածախնդրությունները»։ Աղդամից օրական միջին հաշվով 400 արկ էր արձակվում Ստեփանակերտի վրա, օրական առնվազն 10-15 խաղաղ բնակիչ էր զոհվում, եւ այդ վիճակից փրկվելու երեք ձեւ կար։ 1. Արտագաղթել։ 2. Ադրբեջանի իշխանություններին խնդրել այլեւս չռմբակոծել Ստեփանակերտը։ 3. Գրավել Աղդամը։ Իշխանություններն ընտրել են երրորդ ձեւը, սխա՞լ են վարվել։ Պատերազմն ունի իր օրենքները, եւ այդ օրենքները պահանջում էին գրավել Զանգելանը, որպեսզի ռազմաճակատի 150 կիլոմետրանոց հատվածը կրճատվի եւ դառնա 30 կիլոմետր, սխա՞լ են արել, որ վարվել են պատերազմի տարրական օրենքներով։ Եվ հետո` եթե նպատակն ի վերջո Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելն ու համագործակցելն է, ապա ո՞ր դեպքում է դա ավելի հեշտ իրականացնել։ Պատկերացրեք` այսօր «արկածախնդրություններ» արած չլինեինք։ Ի՞նչ էինք դնելու բանակցությունների սեղանին, ինչպե՞ս էինք հավասարը հավասարի պես խոսելու Ադրբեջանի հետ։ Ի վերջո, խաղաղությունն էլ պիտի արժանապատիվ լինի, եւ միայն այդ «արկածախնդրությունների» շնորհիվ է, որ այսօր բանակցում ենք ոչ թե վիզներս ծռած, այլ հավասարը հավասարի պես։
Այն, ինչ առաջարկում է Աշոտ Բլեյանը, ըստ էության հետեւյալն է. պետք է հասկանալ, որ մենք ի վիճակի չենք հաղթել Ադրբեջանին, պետք է Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում (եւ թող ղարաբաղցիներն իրենց գլխի ճարը տեսնեն), պետք է առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության (29,8 քառ. կմ)շահերով, հաշտվել Ադրբեջանի հետ եւ դինամիկ զարգանալ։ Մի կողմ թողնենք հարցի հուզական կողմը եւ փորձենք իրատեսորեն քննարկել այս տարբերակը։ 1988-ից ի վեր Ադրբեջանը հայտարարում էր, թե բուն ադրբեջանական է ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրը։ Զանգեզուրի թեման «փակվեց» միայն 1993-ին` Զանգելանի եւ Ջեբրայիլի «արկածախնդրություններից» հետո։ Հիմա ի՞նչ եք կարծում, տարածքները վերադարձնելուց հետո ադրբեջանցիները միանգամից ջերմ սիրո՞վ կլցվեն մեր նկատմամբ, թե՞ հակառակը` հիմա էլ իրենք կպահանջեն «իրենց պատմական Զանգեզուրը» եւ հարմար պահի (փախստականների վերադարձն ապահովելու պատրվակով) զորքեր կմտցնեն այնտեղ։ Ասածս այն է, որ Աշոտ Բլեյանի առաջարկած տարբերակով խաղաղության եւ ռազմավարական համագործակցության հասնել հնարավոր չէ, եւ նրան պետք է մեղադրել ոչ թե «ազգային դավաճանության», այլ պարզապես անհեռանկարային դիրքորոշում արտահայտելու համար։
Ի դեպ, Աշոտ Բլեյանը հեգնանքով առաջարկում է իր դիրքորոշման համար իրեն հրապարակավ կախել, քառատել եւ այլն։ Իզուր է հեգնում։ Ադրբեջանում համանման դիրքորոշում ունեցողների հետ երեւի հենց այդպես էլ կվարվեին։ Իսկ մենք կարծում ենք, որ իրականում Աշոտ Բլեյանը մեծ հաշվով շատ դրական բան է անում։ Համենայն դեպս` հասարակությունը ստիպված է լրջորեն խորհել ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին։ Իսկ դա այսօր իսկապես անհրաժեշտ է։