ՀՀ բանկային համակարգը հազվադեպ է հայտնվում հասարակական ուշադրության կենտրոնում։ Այս փաստը պարզ բացատրություն ունի։ Հասարակությունը լայն իմաստով որեւէ աղերս չունի բանկային համակարգի հետ։ Խորհրդային խնայբանկի ավանդների ճակատագրից հետո հասարակության մեծ մասն ապակյա «բանկաներում» փող պահելը գերադասում է բանկային ավանդներից։ Սակայն միջազգային ֆինանսական կառույցները նախանձախնդիր ու կայուն միջոցառումներ են կազմակերպում։ Դրանց նպատակն է` կանխել փողերի լվացման հնարավորությունը ՀՀ բանկային համակարգում։ Անցած շաբաթ էլ նման միջոցառում անցկացվեց Կենտրոնական բանկի եւ Գլխավոր դատախազության մասնակցությամբ։ Բանկիրներն ու իրավապահները մեկ անգամ եւս հավաստեցին, որ պատրաստ են բացահայտելու փող լվանալու բոլոր դեպքերը։ Այն, որ այս կառույցները նման միջոցառումներին մասնակցում են առաջին դեմքերի մակարդակով, ակնհայտ է դարձնում, որ միջազգային ֆինանսական կառույցները լուրջ են վերաբերվում այս խնդրին։ Փողերի լվացման համար Հայաստանը բավական բարենպաստ երկիր է։ Իր ֆինանսատնտեսական պոտենցիալով է բարենպաստ։ Մեր երկիրն ունի բավական զարգացած եւ միջազգային բանկային համակարգերում անհրաժեշտ չափով ինտեգրված սեփական բանկային համակարգ։ Մեր բանկերը լավ մասնագիտացած են ֆինանսական փոխանցումների ոլորտում։ Երկրում ընթացող լայնածավալ շինարարության պատճառով ֆինանսական լայնածավալ տեղաշարժեր կան։ Սրան անհրաժեշտ է գումարել նաեւ հանրահայտ «տրանսֆերտների» գործոնը։ Փորձագիտական տվյալներով` մեր երկրում մոտ 1 մլրդ դոլար կանխիկ գումար կա։ Կանխիկ եվրոյի եւ ռուսական ռուբլու ծավալի մասին փորձագիտական տվյալներ առայժմ չկան։ Ակնհայտ է, որ կանխիկ տարադրամի այս ծավալը հրապուրիչ է դարձնում մեր բանկային համակարգը նրանց համար, ովքեր փող լվանալու խնդիր ունեն։ Հայաստանը նրանց համար հրապուրիչ է նաեւ այն պատճառով, որ փողերի լվացման դեմ գործուն մեխանիզմներ չկան ոչ բանկային, ոչ էլ իրավապահ համակարգերում։ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքը մեր երկրում ընդունվել է 2004թ. դեկտեմբերին։ Հետեւաբար բանկային ու իրավապահ համակարգերում անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր կկիրառեն այս օրենքը, բավարար չափով չկան։ Անցած մեկ ու կես տարում այս օրենքը 2 լուրջ լրացում է ունեցել։ Թե օրենքի, թե լրացումների ընդունման ընթացքում ակնհայտ էր միջազգային ֆինանսական կառույցների շահագրգռվածությունը։ Արեւմուտքը սեփական շահերն ունի։ Քանի դեռ «փողերի լվացքով» հիմնականում զբաղվում էին նարկոբարոններն ու տարբեր երկրների կոռումպացված չինովնիկները, այս երեւույթի դեմ պայքարը վարվում էր հավուր պատշաճի։ Վերջին տասնամյակներում ահաբեկչության միջազգային մասշտաբները ստիպեցին ավելի ուշադիր ուսումնասիրել ֆինանսական շարժերը համաշխարհային բանկային համակարգում։ Հենց անցած շաբաթ ԱՄՆ Կենտրոնական վերահսկողական վարչությունն ընդունեց, որ արդեն մի քանի տարի է, առանց համապատասխան թույլտվության լրջորեն հետեւում է բանկային փոխանցումների համաշխարհային գործընթացին։ Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Արեւմուտքը, որպես կանոն, առաջին պլան է մղում սեփական անվտանգությունը։ Մարդու իրավունքներն ու հարակից պատկերացումները մղվում են երկրորդ պլան։ ՀՀ օրենքներն ընդունելիս մեր իշխանությունները միշտ էլ հիշում են, որ արեւմտյան տարբեր կառույցներ խոշորացույցով զննում են դրանք։ Օրենքի ու օրենսդրության մակարդակում Արեւմտյան իրավունքների գերակայություն ապահովելու նպատակով։ Բայց «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ այս ոլորտում էլ գերակա է հայտարարված անվտանգությունը։ ՀՀ ԿԲ-ն բավական լուրջ լիազորություններով է օժտված. «Կենտրոնական բանկը ֆինանսական անկայունության, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, վիճակագրական կամ տնտեսական ռիսկերի կանխարգելման նպատակով կարող է սահմանել կապիտալի շարժի եւ ֆինանսական արժութային գործարքների իրականացման համար կարգ եւ պայմաններ»։ Այն, որ Արեւմտյան կառույցները շարունակում են սեմինարների միջոցով «խթանել» մեր իշխանությունների հմտությունները «փողերի լվացքի» դեմ պայքարում` ապացուցում է, որ նրանք գոհ չեն։ Գոհ չեն Հայաստանում արձանագրված արդյունքներից։ ՀՀ Գլխավոր դատախազության տվյալներով` իրենց մոտ ուսումնասիրության փուլում է նման ընդամենը մեկ գործ։ Ըստ Դատախազության` «Կոնվերս բանկը» նկատել է, որ իր հաճախորդ ռուսաստանյան «Գոբա» ընկերությունը ֆինանսական անհասկանալի փոխանցումներ է կատարում, եւ այդ մասին տեղյակ է պահել ՀՀ ԿԲ-ին։ Նման հանցագործությունների հայտնաբերման հատուկ ստորաբաժանում ԿԲ-ում վաղուց է ձեւավորվել։ Համատեղ ուսումնասիրությունից հետո բանկիրներն իրենց փաստաթղթերն ուղարկել են Դատախազություն։ Քրեական գործն առայժմ քննության փուլում է։ 2006թ. ընթացքում այս եզակի գործը հավանաբար չի գոհացնում միջազգային ֆինանսական կառույցներին ու իրենց միջազգային ահաբեկչության թիրախ համարող երկրներին։ Սրանով է բացատրվում նրանց ակտիվությունը մեր երկրի տնտեսության բանկային ոլորտի հանդեպ։ Հատկապես, որ ընդունված է կարծել, թե ահաբեկչական կառույցները ֆինանսական միջոցներ հիմնականում ստանում են արաբական աշխարհից, Ռուսաստանից եւ Լատինական Ամերիկայի երկրներից։ Այդ բոլոր գոտիներում էլ հայերը ներկա են։ Ավելին` որոշ երկրների տնտեսական կյանքում լուրջ մասնակցություն ունեն։