Հունիսի 30-ին «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը Հայաստանին վերաբերող հերթական հայտարարությունն արեց. «Գազպրոմը» մտադիր է ձեռք բերել կառուցվող Իրան-Հայաստան գազամուղը: Նրա խոսքերով, այդ գազատարի շահագործումը թույլ կտա ապահովել Հայաստանի գազամատակարարման հուսալիությունը:
«Վրաստանով Հայաստան գազի մուտքի խնդիրներ կան, քանզի Վրաստանն իրեն թույլ է տալիս գազի անթույլատրելի կորզում»,- հայտարարել է Ռյազանովը: Նա նաեւ նշել է, որ Իրան-Հայաստան գազամուղը պլանավորվում է շահագործման հանձնել 2007թ.: Ըստ գազի տեղափոխման ցուցանիշի, գազատարի հզորությունը կկազմի տարեկան 1,2 մլրդ խմ:
Ինչպես ցույց է տվել փորձը, «Գազպրոմի» հայտարարությունները հայկական կողմը դեռ պետք է «մարսի», հետո միայն արձագանքի: Վերջինիս հասնելու համար որոշակի աշխատանքներ են տարվում: Հայկական պատվիրակությունը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այժմ գտնվում է Թեհրանում: Պատահական չէ, որ ՀՀ ԱԳ նախարարի եւ Իրանում Հայաստանի դեսպանի հետ նույն պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հանդիպել է Իրանի Նավթի նախարար Վազիր Համանեի եւ Էներգետիկայի նախարար Փարվիզ Ֆաթթահի հետ: Բնականաբար, ուշադրության կենտրոնում եղել է Իրան-Հայաստան գազատարը ռուսներին հանձնելու հարցը, ինչին դեմ է իրանական կողմը: Սակայն, թեմայի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ չի հաղորդում: Ըստ նախարարության հաղորդագրության, հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ընթացքի, 2 երկրները միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, ինչպես նաեւ` էներգետիկ բնագավառում 2 երկրների համագործակցության մյուս ծրագրերի մասին: Այնուամենայնիվ, պարզ է, որ Իրանին ամենեւին էլ ձեռնտու չէ, որ գազային «հսկա» «Գազպրոմը» հայտնվի նաեւ իր էներգետիկ ոլորտում: Իսկ «Գազպրոմի» համաշխարհային հաղթարշավն ավելի քան ակնհայտ է. 3 օր առաջ Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Իտալիան պատրաստ է «իր դռները բացել» «Գազպրոմի» առաջ:
Ինչպե՞ս է «Գազպրոմին» պատասխանելու ՀՀ կառավարությունը, որին պատկանում է Իրան-Հայաստան գազամուղը: Կրկին պետք է հիշենք ոչ վաղ անցյալը` Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը: Ըստ էության, եթե եվրոպական գերտերությունները գրեթե անկարող են դիմադրել «Գազպրոմին», ապա ի՞նչ կարելի է ասել մի երկրի մասին, որի էներգետիկ ոլորտն արդեն «Գազպրոմինն» է: ՀՀ կառավարությունը, որ մինչ այժմ այս հարցի շուրջ որեւէ մեկնաբանություն չի տվել, ոչինչ անել չի կարող: Թերեւս, բացի այն, որ գազամուղը ռուսներին հանձնելուց հետո կհայտարարի, որ դա բխում է մեր երկրի տնտեսական շահերից եւ էներգետիկ անվտանգությունից: Դա, իհարկե, այն դեպքում, եթե իրանական կողմը լուրջ առարկություններ չանի:
Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդին», ապա ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանը մեզ պատասխանեց, որ «ՀայՌուսգազարդը» չի կարող արձագանքել «Գազպրոմի» հայտարարությանը, քանզի ընկերությունը միայն Իրան-Հայաստան գազամուղի շինարարության ենթակապալառուն է: Հիշեցնենք, որ իրանական «Սանիր» ընկերությունն Իրան-Հայաստան գազատարի հողային եւ շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար մրցութային կարգով կապալառու էր ընտրել իրանական «Արվանդան» ընկերությանը: Իսկ վերջինիս եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ դեռ անցյալ տարվա օգոստոսին ստորագրվեց 2,7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, գազատարի 22,5 կմ հատվածի (Քաջարանից դեպի Մեղրի) հողային աշխատանքների կատարման պայմանագիր: Ըստ «ՀայՌուսգազարդի», պետք է այս տարվա օգոստոսին հողային աշխատանքներն ավարտվեն:
Փաստորեն, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը մոտենում է ավարտին, իսկ դրա սեփականատերը դեռ հայտնի չէ… պաշտոնապես հայտնի չէ: