Չնայած նախորդ մի քանի օրերի ընթացքում տապը նահանջել էր եւ մեղմ ամառ էինք վայելում, այնուամենայնիվ, Երեւանի շտապօգնության կայանների կենտրոնի առկա վիճակագրության համաձայն, այս տարվա հունիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 300-ից ավելի շտապօգնության ահազանգ, ինչն ամռան առաջին ամսվա ընթացքում արձանագրված նորմայից 5-6 աստիճանով բարձր ջերմության հետեւանքներից մեկը կարելի է համարել։ Ինչպես Երեւանի Շտապօգնության պետական ընկերության փոխտնօրեն Նունե Ժամկոչյանն է նշում, շոգն իր պուլսը զգացնել է տալիս։ Նրա բնորոշմամբ, թեեւ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներն ու զուգահեռաբար` բնակչության առողջության վատթարացումներն արդեն իսկ զարմանալի չեն ոչ տարածաշրջանում, ոչ էլ Եվրոպայի տարածքում, հիմնականում կանչերի ռիսկի խմբում մտնում են 60-65 տարեկանից բարձր, խրոնիկական հիվանդությամբ տառապող անձինք, հղի կանայք եւ երեխաները։ Ամռանը շատանում են նաեւ փողոցային կանչերը։ Այս երեւույթը կանխելու համար տկն Ժամկոչյանը ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս ժամը 12-15-ն ընկած ժամանակահատվածում չգտնվել ուլտրամանուշակագույն ճառագայթների հզոր ազդեցության տակ։ Շտապօգնության կանչերի հիվանդությունների ցանկում իրենց բաժինն ունեն հանգստյան օրերին հաջորդած (ինչպես գիտեք, մեր ապահովված խավը շաբաթկիրակյա ուիքենդն անցկացնում է քաղաքի սահմաններից դուրս)` արեւահարումն, արեւայրուքից առաջացած այրվածքները եւ տեխնիկական պատճառով` վնասվածքները։
Ն. Ժամկոչյանը խորհուրդ է տալիս շոգ եղանակին օգտագործել շատ հեղուկ (առողջ մարդկանց` օրական մինչեւ 3 լիտր, ցանկալի է աղային եւ թթվային հատկություններով հարուստ ազգային թանը եւ սովորական ջուրը), փոխարենը խրոնիկական հիվանդությամբ տառապողներին եւ դիաբետիկներին խորհուրդ չի տրվում չարաշահել հեղուկի օգտագործման թույլատրելի սահմանը (հսկող բժշկի որոշմամբ)։ Իսկ երեխաների եւ նորածինների համար մասնագետը խորհուրդ է տալիս հաճախակի ջրային լոգանքներ եւ կերակրել միմիայն թարմ պատրաստված կերակուրներով։