Ցմահ դատապարտվածների նամակը «168 Ժամ»-ին

09/07/2006

«168 Ժամն» օրերս փաստաթղթերի մի փաթեթ է ստացել ՀՀ տարբեր կալանավայրերում իրենց պատիժն անցկացնող մահապատժի դատապարտված 42 դատապարտյալներից: Վերջիններս աջակցություն են խնդրում ԶԼՄ-ներից իրենց խնդիրը լուսաբանելու համար: Քանի որ մեզ ուղղված նամակն ամբողջ ծավալով չենք կարող տպագրել, ուստի այն ներկայացնում են որոշ կրճատումներով:

«Այսօր Հայաստանում գոյություն ունի 42 նախկին մահապարտների խնդիրը: Ստորագրյալներս մաս ենք կազմում այդ դատապարտյալներին եւ արտահայտում բոլոր 42-ի դիրքորոշումը: Մենք պայքարում ենք ԱԺ-ում եւ նախագահի ապարատից ներս մեր հանդեպ կատարված օրենքի բացահայտ խախտումների դեմ: Սույն խնդիրը սահմանելի է դարձել 2003թ. օգոստոսի 1-ին, երբ նախագահ Քոչարյանի հրամանագրով մեր մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Սակայն հարցն ավելի վաղ է սկիզբ առել: 1991 թվականից սկսած Հայաստանում մահապատիժը չի կիրառվել: Մինչեւ 2003թ. օգոստոսը մահապատիժը մնացել է որպես պատժատեսակ: Այդ 12 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ ստացել են մահապատիժ: Կալանքի անպատկերացնելիորեն դաժան պայմաններում հայտնված 54 մահապարտներից 12-ը մահացել են հաճախ ծեծի արդյունքում ստացած վերքերի հետեւանքով, բայց մեծ մասամբ բուժելի հիվանդության խորացման հետեւանքով: Մնացել ենք 42 հոգի: Ինչպես տեսնում եք, մեր պատիժը սահմանված չի եղել, ու մենք ոչ այն է` մահապատժի ենք ենթարկվել, ոչ այն է` մարդավայել կալանքի, տարիներ շարունակ ենթարկվել ենք պատժի գերակատարման եւ տարբեր բանտապետերի եւ քրեակատարողական վարչության պետերի կամայականության… Երբ Հայաստանում մահապատիժը վերացվեց ու նոր քրեական օրենսգրքով նրա փոխարեն որպես առավելագույն պատիժ սահմանվեց նոր տիպի պատիժ՝ ցմահ ազատազրկում, նախ ԱԺ-ն իր «նոր քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքով, ինչպես նաեւ նախագահ Քոչարյանը իր ներման հրամանով՝ մեր հանդեպ կատարեցին նոր ու անընդունելի մի անօրենություն: 2003-ի ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց ՀՀ նոր քրեական օրենսգիրքը, որում որպես առավելագույն տեսակ հաստատվեց ցմահ ազատազրկումը (ՀՀ քր.օր. հոդված 49, մաս 10): Նույն օրը՝ հատկապես քաղաքական նպատակներով ընդունվեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքը, ու այսպես սկիզբ առավ խառնաշփոթը: Սույն փաստաթղթի վերջին՝ 6-րդ հոդվածը, որ, թվում է, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասնակիցներին էր վերաբերում, մեզ՝ 42 մահապարտներիս հանդեպ անարդար իրավիճակ ստեղծեց: Այնտեղ նշվում էր, որ մինչեւ 2003-ի օգոստոսի 1-ը մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Իսկ վերոնշյալ 3-րդ հոդվածի 4-րդ մասում բառացիորեն ասվում է, որ «մահապատժի վերացման վերաբերյալ 2003-ի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրօր.-ի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն»: Հակասությունների արդյունքում խառնաշփոթ է ստեղծվել հենց ԱԺ-ում, որովհետեւ մի կողմից բոլոր մահապարտներն էլ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեջ են մեղադրվում, ուստի անիմաստ էր 3-րդ հոդվածի 4-րդ մասը, ու մյուս կողմից էլ 6-րդ հոդվածում նշված բացառությունը հակասում էր քրօր.-ի 13-րդ հոդվածին, որ պահանջում է պատիժը մեղմացնել բոլոր այն պարագաներում, երբ նոր քրեական օրենսգրքում միեւնույն հանցանքի համար ավելի մեղմ պատիժ է նախատեսվում: Դուրս է գալիս, որ բացի 42 մահապարտներից, բոլորի համար նոր օրենքը մեղմացման առումով ուժ ուներ»:

Մահապատժի դատապարտված 42 դատապարտյալները պահանջում են անհատական մոտեցումով վերանայել 42 քրեական գործերը եւ իրենց կալանքը 15-20 տարվա ազատազրկումով փոխարինել: «Հավելյալ պարզաբանումների ու մանրամասների անհրաժեշտության դեպքում խնդրում ենք այցելել մեզ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»,- նշված է փաստաթղթերի փաթեթում: