Ադրբեջանը դժգոհ է համանախագահներից

09/07/2006 Ռ. ՄԻՐՔԱԴԻՐՈՎ, «Զերկալո» (Ադրբեջան)

Բայց, ամեն դեպքում, մոտ ժամանակներս պաշտոնական Բաքուն ստիպված է ընտրություն կատարել «Նախքան որեւէ «շրջանակային համաձայնագրի» մասին խոսելը, անհրաժեշտ է, որպեսզի լինի կոնկրետ քննարկված եւ համաձայնեցված փաստաթուղթ: Բայց այդպիսին չկա»,- հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը, մեկնաբանելով համանախագահների վերջին հայտարարությունները:

Ա. Ազիմովը նաեւ նշել է, որ եզրափակիչ գնահատականները «վաղաժամ են» այնքան, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել: Հնարավոր է, համանախագահների հայտարարությունը «հասարակական կարծիքը ստուգելու» նպատակ էր հետապնդում: Սակայն այն համապարփակ չէր: «Համատեքստից առանձնացված որոշ մասնիկներ չեն կարող բանակցությունների բովանդակության մասին անաչառ պատկերացում ձեւավորել»,- ասել է Ա. Ազիմովը:

«Խաղաղ երկխոսության կես ճանապարհին հայտարարություններ անելը սխալ է, քանի որ արդյունքում առաջ են գալիս որոշակի թյուրըմբռնումներ: Ինչպես արդեն երեւում էր, հակառակ կողմը փորձում էր օգտագործել տվյալ արտահայտությունները»,- համարում է Ա. Ազիմովը, ընդգծելով, որ Ադրբեջանը պատրաստ կլինի Հայաստանի հետ «նորմալ» փոխհարաբերությունների միայն այն դեպքում, երբ Երեւանն ազատագրի հանրապետության բոլոր գրաված տարածքները, իսկ փախստականները եւ բռնի տեղահանվածները վերադառնան իրենց տները: «Հատկապես տվյալ պայմաններն են կազմում Ադրբեջանի դիրքորոշման «շրջանակները»՝ Պրահյան գործընթացի շրջանակներում: Մնացած որեւէ այլ «շրջանակ» Ադրբեջանը չի ընդունում»,- ասել է Ա. Ազիմովը:

Դրա հետ մեկտեղ փոխնախարարը կոչ արեց հակառակ կողմին` հեռանալ «էքստրեմալ դիրքորոշումից, քանի որ ոչ ոք չի կարող ստանալ ցանկացածի 100 տոկոսը»: «Մենք արդեն բազմիցս Երեւանի կողմից միակողմանի չարաշահումներն ենք լսել: Սակայն ոչ մի նոր բան դրանում չկա»,- ընդգծել է Ա. Ազիմովը: Նրա խոսքերով, բոլոր չարաշահումներն այն մասին են, որ Ադրբեջանն իբր համաձայնել է Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման՝ այդ տարածքի կարգավիճակի վերաբերյալ, սուտ են: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է միայն Ադրբեջանի ողջ տարածքում համազգային հանրաքվեի անցկացման հնարավորության մասին: Դա արտացոլված է Սահմանադրությունում, եւ երկրի ղեկավարությունը մտադիր չէ վերանայել իր կարծիքը:

Բացի այդ, հայկական կողմը խեղաթյուրում է բանակցությունների բովանդակությունը, հանրաքվեի թեման մեկնաբանելով իր համար շահավետ լույսի ներքո: Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է. քաղաքական հարցերը կարող են կարգավորվել միայն հակամարտության ռազմական հետեւանքները վերացնելուց հետո: «Ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա Լեռնային Ղարաբաղ: Դրա համար պետք է ստեղծել խաղաղ մթնոլորտ եւ ազատագրել գրավյալ տարածքները: Հայկական կողմն ընդունել է այդ տրամաբանությունը»,- ասել է Ա. Ազիմովը:

Դիվանագետը հերքել է նաեւ հայկական կողմի հաղորդագրությունները Լաչինի եւ Քելբաջարի շրջանների հատուկ կարգավիճակի մասին: Երկու կողմերն էլ շահագրգռված են Լաչինի միջանցքի անվտանգ գործարկման հարցում, որով Ադրբեջանը տրանսպորտային հաղորդակցություն ունի Նախիջեւանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Ինչ վերաբերում է Քելբաջարին, ապա Լեռնային Ղարաբաղի համար անվտանգության հարցերը կարելի է լուծել միջազգային դիտորդների կամ խաղաղապահ ուժերի ներկայությամբ: Այդ պատճառով Լաչինի եւ Քելբաջարի վրա վերահսկողությունը պահպանելու հայերի փորձերը հիմնավորված չեն:

Ա. Ազիմովը մատնանշել է նաեւ տարածաշրջանի միակողմանի ապառազմականացման անհնարինությունը: Մեկնաբանելով բանակցությունների ընթացքը, նա ասել է, որ դրանց արդյունավետությունը կախված է «հակառակ» կողմի քաղաքական կամքից:

Ինչպես հաղորդում է Day.Az-ը, նրա խոսքերով, հուլիսի 17-ին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ հակամարտության կարգավորման գործընթացում բեկում է հնարավոր, բայց դա պնդելը միանշանակ անհնար է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած դրույթները, մեծ հաշվով, ընդունելի են հայկական կողմի համար, եւ մենք պատրաստ ենք շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ»,- իր հերթին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նախարարի խոսքերով, դրույթները բավականին հավասարակշիռ են, եւ «փոխզիջման համար ճիշտ ընտրություն է արված»: «Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կհասկանա դա եւ ճիշտ քայլեր կանի»,- ասաց Օսկանյանը:

Այս կամ այն լուծման համար կողմերի վրա ճնշում գործադրելու հնարավորության մասին լրագրողների տված հարցին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանել է, որ ճնշում կարելի է գործադրել միայն այն ժամանակ, երբ կողմերի դիրքորոշումները գործնականում մոտ են: Այնինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես եկան հերթական հայտարարությամբ, որի տեքստը «Թուրան» գործակալությունում ստացվեց Բաքվում Ֆրանսիայի դեսպանությունից:

Նշենք, որ համանախագահների երեկվա հայտարարության մեջ ոչ մի նոր դետալ չկա, եւ այն փաստորեն կրկնում է այն ամենը, ինչն ասվել էր նրանց հունիսի 22-ի հայտարարությունում, այդ պատճառով ստորեւ բերվում են այդ փաստաթղթից միայն առանձին հատվածներ:

Միջնորդական ջանքերն ավարտվել են նախագահներ Ալիեւին եւ Քոչարյանին «արդարացի, հավասարակշիռ եւ գործուն սկզբունքներ» առաջարկելով, որոնք կարող են օգնել կողմերին մշակելու երկարաժամկետ համաձայնագիր: «Այդ սկզբունքները հիմնավորվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրս բերման վրա՝ ընդունելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների հատուկ դերը (ներառյալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքը), այդ տարածքների ապառազմականացման եւ հանրաքվեի կամ հասարակական քվեարկության անցկացման վրա՝ որի ժամանակը եւ բնույթը պետք է որոշեն կողմերն՝ իրենք, ապագա հանդիպումների ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշման նպատակով»,- ասված է հայտարարությունում:

Չնայած կողմերի միջեւ ծրագրված չեն լրացուցիչ հանդիպումներ, միջնորդները պատրաստ են մոտ ապագայում գործի անցնել, եթե կողմերն ընդունեն համապատասխան որոշում՝ հիմնավորված քաղաքական կամքի վրա, ինչի կարիքը շատ էր զգացվում վերջին ժամանակահատվածում, ասված է փաստաթղթում:

Այսպիսով, Ադրբեջանում նույնիսկ չեն թաքցնում այն, որ զայրացած են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունից, որում առաջին անգամ պաշտոնապես հրապարակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Այդ սկզբունքները բավական լայնորեն լուսաբանվել են ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական մամուլում, այդ պատճառով դժվար թե անհրաժեշտություն կա դրանց կրկնակի մանրամասն վերլուծման: Իսկ եթե՝ երկու խոսքով, ապա միջազգային միջնորդների այդ առաջարկությունների էությունը եզրահանգվում է նրանում, որ Ադրբեջանին թույլ են տալիս «պահպանել դեմքը», բայց դրա հետ մեկտեղ հասկացնում են, որ մեզ երբեք չի հաջողվի վերականգնել գերիշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա, համենայնդեպս, լրիվ ծավալով: Ի դեպ, դա ոչ մի կերպ կախված չէ այն բանից, թե հետագայում ինչպես կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ այսպես կոչված «հետաձգված հանրաքվեի» ճանապարհո՞վ, թե՞ հակամարտության կողմերի համաձայնեցրած մի այլ մեխանիզմի միջոցով: Չէ՞ որ պետք է շատ միամիտ լինել, հավատալու համար, որ հակամարտող կողմերի զորքերի միջեւ խաղաղապահ ուժերի տեղակայումից եւ տնտեսական հարաբերությունների վերականգնումից հետո հայերը, համենայնդեպս` նրանց ներկա ղեկավարները, կհամաձայնեն կարգավիճակի այն տարբերակին, որով Լեռնային Ղարաբաղի եւ Բաքվի միջեւ հաստատվեին որեւէ ուղղահայաց հարաբերություններ: Այսպիսով, մենք պետք է հստակ գիտակցենք, որ խաղաղությունն այսօր նշանակում է ԼՂ-ի եթե ոչ ձեւական, ապա՝ փաստական կորուստ: Մեզ բոլորիս հարկավոր է պատասխանել միմիայն մեկ հարցի՝ իսկ պե՞տք է, արդյոք, մեզ այսօր այդ խաղաղությունը: Միանգամից կարող եմ ենթադրել, որ շատերը միանշանակ կպատասխանեն՝ ոչ: Սակայն…

Բոլորովին վերջերս նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը կանգնած է երկընտրանքի առջեւ. կամ հիմա ստորագրել խաղաղ համաձայնագիրը, իսկ դա նշանակում է` գնալ մեծ զիջումների, կամ ժամանակ շահել, հզորանալ, լիովին ճնշել Հայաստանին, նախեւառաջ` տնտեսապես, եւ մի քանի տարի հետո թելադրել սեփական պայմանները: Առաջին հայացքից երկընտրանքը շատ պարզ է, նույնիսկ մտածելու բան չկա: Եվ նորից՝ սակայն… Առաջին հայացքից ժամանակ ձգձգելն Ադրբեջանի համար ոչ պարտվողական տարբերակ է: Չենք հաշվում միլիարդները, որոնք կստանա Ադրբեջանը մոտակա տարիներին, եւ միջազգային տնտեսական նախագծերը, որոնցից դուրս է մնացել եւ դեռ մնալու է Հայաստանը: Նույնիսկ Երեւանում գիտակցում են, որ ներկա պայմանների պահպանման պարագայում Հայաստանը չի կարող մրցակցել Ադրբեջանի հետ: Բացի այդ, պետք է հաշվի առնել եւ այն, որ ժողովրդագրական իրավիճակը փոփոխվում է ոչ հօգուտ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության: Բանն այն է, որ մեր բռնի տեղահանվածների շրջանում բնակչության աճն ավելի շատ է, քան ԼՂ-ի հայկական բնակչության շրջանում: Այսպիսով, տասը տարի հետո կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ ԼՂ-ում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ փոխհարաբերությունները հայերին թույլ չեն տա ցանկալի արդյունք ստանալ, այսպես կոչված, «հետաձգված հանրաքվեում»: Սակայն նման նպատակի հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ժողովրդագրական քաղաքականության անցկացում, իսկ գլխավորը՝ ժամանակն է:

Այնուհետեւ, այն դեպքում, եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, որոշի հարվածել Իրանին, ապա գրավյալ տարածքների մի մասը «կրկնակի կգրավվի» Հարավային Ադրբեջանի փախստականների կողմից: Դժվար թե Հայաստանի եւ, այսպես կոչված, «ԼՂՀ»-ի իշխանությունների ուժը պատի գլուխ հանել փախստականների նման քանակից, ընդ որում՝ առանձնապես ոչ բարեկամաբար տրամադրված: Այսինքն, չի բացառվում, որ Ադրբեջանին կհաջողվի վերադարձնել գրավյալ տարածքների մի մասն առանց մի կրակոցի: Հնարավոր է, պատճառներից մեկը, որ Հայաստանը շտապում է ստորագրել խաղաղ համաձայնագրերը, դեպքերի հենց նման զարգացման հեռանկարն է: Ամեն ինչ այդպես է…

Սակայն անհանգստացնում է այլ բան: Նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն ճիշտ է այն բանում, որ հատկապես Ռուսաստանն է շահագրգռված ղարաբաղյան հակամարտության սառեցման հարցում: Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը, իբր հանդես գալով ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ կարգավորման օգտին, դեմ է հակամարտության կողմերին դրսից որեւէ խաղաղ նախաձեռնություններ պարտադրելուն: «Ստատուս- քվոյի» պահպանումը թույլ է տալիս Ռուսաստանին` մի կողմից` «սանձած» պահել Հայաստանին, իսկ երկրորդը՝ հզորանալով տասը տարի հետո, վերադարձնել ողջ Հարավային Կովկասն իր վերահսկողության տակ: Մանավանդ, որ հակամարտության պահպանման պարագայում եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի եւ Ադրբեջանի արագացված ինտեգրում չի կարելի սպասել, ինչը թույլ կտար Հարավային Կովկասն ապահովել Ռուսաստանի կրկնակի «տիրապետումից»:

Իհարկե, կարելի է ոչ թե ուղղակի ձգձգել ժամանակը, այլ որոշակի փուլում փորձել ռազմական ճանապարհով վերադարձնել հայերի գրաված տարածքների թեկուզ մի մասը, այսինքն` փոփոխել գոյություն ունեցող իրականությունը: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Ադրբեջանը կբախվի միջազգային ինչ-որ պատժամիջոցների հետ: Հաջող բլից-կրիգի դեպքում գործը կարվի մինչեւ միջազգային հանրության «գլխի ընկնելը»: Այո, հետո, երեւի թե, կհետեւեն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցներ, սակայն դրանք կունենան խորհրդանշական բնույթ: Միջազգային հանրության՝ եւ առաջին հերթին ԱՄՆ-ի գլխավոր նպատակը կլինի հակամարտող կողմերին նորից բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը: Բայց կրկին անգամ՝ սակայն…

Դեպքերի զարգացման նման տարբերակը հնարավոր է մինչեւ 2007թ. վերջը: 2008թ. Ադրբեջանում կկայանան նախագահական ընտրություններ: Դժվար թե պաշտոնական Բաքուն քաջություն ունենա վերսկսել ռազմական գործողությունները նախագահական ընտրությունների տարում: Չափազանց մեծ ռիսկ է: Սակայն գլխավոր հարցը կայանում է նրանում, պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը հաջող ռազմական գործողություններ անցկացնել ղարաբաղյան ճակատում հատկապես 2007թ.: Եթե ոչ՝ ապա տվյալ ծրագրի իրագործմանը վերադառնալը կարելի կլինի 2011թ., այսինքն` խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ դա Ռուսաստանին ձեռնտու, ժամանակի անթույլատրելի վատնում է: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ եթե 2007 թվականին հարձակողական գործողությունը ձախողվի, ապա պաշտոնական Բաքուն «խստորեն կպատժվի» միջազգային հանրության կողմից, իսկ խաղաղության պայմաններն առավել եւս անշահավետ կդառնան: Բացի այդ, 2008թ. նախագահական ընտրությունների ճակատագիրը կկանխորոշվի:

Ի դեպ, խաղաղ բանակցությունների «ձգձգումը» կարող է նաեւ հանգեցնել երկրում ներքաղաքական իրավիճակի սրման: Միջազգային հանրությունը, նախեւառաջ` ԱՄՆ-ը, որը հանդես է գալիս «պահակի» դերում, կարող է հոգնել «սպասելուց»: Համոզվելով, որ ներկա քաղաքական վերնախավը չի պատրաստվում «արդարացնել մեծ վստահությունը», ԱՄՆ-ը կարող է անցանկալի ներքաղաքական գործողություններ խթանել:

Իսկ հակամարտության կարգավորումն «այսօր եւ հիմա» ընդամենը մեկ, բայց շատ մեծ շահ է խոստանում: Հարավային Կովկասը լիովին եւ վերջնականապես կանցնի ԱՄՆ-ի ազդեցության ոլորտ, եւ տարածաշրջանի երկրների ինտեգրումը եվրաատլանտյան կառույցներին կերաշխավորվի: Այսինքն, Հարավային Կովկասի երկրները կապահովեն իրենց ժողովուրդների ապագան:

www.mediadialogue.org