Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897թ. Ելիզավետապոլում (Գյանջա): 1904-1914թթ. սովորել է երկաթուղային ուսումնարանում, ավարտելուց հետո ընդամենը մի քանի ամիս է աշխատել, քանի որ 1915թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսել են իրականացնել հայերի ցեղասպանության ծրագիրը:
Բաղրամյանը սկսել է կռվել Կովկասյան ճակատում: 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Բաղրամյանը դաշնակների բանակում էր, իսկ 1920թ. դեկտեմբերից անդամագրվել է Կարմիր բանակին եւ 11-րդ բանակի կազմում մասնակցել է քաղաքացիական պատերազմին: Շուրջ 8 տարի նա գնդի հրամանատարն էր: 1934թ. ավարտել է Ֆրունզեի ռազմական ակադեմիան, իսկ 1938թ.` Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Սակայն կա մի հետաքրքիր փաստ, որը Բաղրամյանը երբեք չի հիշատակել իր մեմուարներում: 1938թ., իր կարիերայի ամենածաղկուն շրջանում, նա հեռացվել է բանակից:
1937թ. ռեպրեսիայի է ենթարկվել Բաղրամյանի եղբայրը, ով այդ ժամանակ աշխատում էր Բաքվում: Բաղրամյանն ամեն կերպ փորձում էր օգնել եւ արդարացնել եղբորը, սակայն մեկ տարի անց նա ստիպված եղավ դրա համար թանկ վճարել. չգտավ իր ազգանունը Գլխավոր շտաբի շրջանավարտների ցուցակներում, թեեւ քննությունները գերազանց գնահատականներով էր հանձնել: Շուրջ կես տարի նա ապրեց չքավորության մեջ՝ չկարողանալով աշխատանք գտնել, եւ ի վերջո մի հուսահատ քայլի դիմեց: Բանակից անարդարացիորեն հեռացված մի գեներալի հետ նա փորձ արեց ներխուժել Կրեմլ` պաշտպանության ժողկոմ Վորոշիլովի հետ հանդիպելու: Սակայն նրա խնդրանքը մերժեցին: Ի նշան բողոքի` նրանք որոշեցին նստել Սպասսկու դարպասների մոտ այնքան ժամանակ, մինչեւ Կրեմլ մտնելու իրավունք կստանան: Եվ հասան իրենց նպատակին: Հաջորդ օրը Վորոշիլովի հետ ունեցած հանդիպումից հետո նրան եւ գեներալին վերականգնեցին բանակի շարքերում: Բաղրամյանը դասախոս նշանակվեց գլխավոր շտաբի ակադեմիայում եւ շուրջ երկու տարի աշխատեց այնտեղ: 1940թ. նամակ ուղարկեց Կիեւի հատուկ ռազմական շրջանի բանակի գեներալ Ժուկովին: Նամակում ասվում էր. «Մեծ ցանկություն ունեմ բանակ վերադառնալու: Համաձայն եմ ցանկացած պաշտոնի»: Եվ Ժուկովը, որ վաղուց էր նրան ճանաչում, Բաղրամյանին նշանակեց 12-րդ բանակի օպերատիվ բաժնի ղեկավար: «Շտաբի գլխավոր օպերատորի» գործը, ինչպես այն անվանում էր Բ.Մ. Շապոշնիկովը, բանակում ամենից բարդն էր: Եթե մյուս բաժինների ղեկավարները պատասխանատու էին իրենց գործունեության որոշակի ճյուղի համար, ապա օպերբաժնի ղեկավարը զբաղվում էր այդ ոլորտի բոլոր հարցերով:
Այս աշխատանքը բարդ էր նաեւ խաղաղ պայմաններում, սակայն ո՞վ կարող էր պատկերացնել, թե որքան ծանր էր Հարավ-Արեւելյան ճակատի շտաբի գլխավոր ղեկավարի վիճակը 1941թ. այդ դժվարին շրջանում: Սակայն Բաղրամյանն իրեն չկորցրեց այդ ծանր պայմաններում եւ շատ կազմակերպված ու ինքնամոռաց կատարում էր իր պարտականությունները: Նա կարողանում էր նույնիսկ ամենալարված իրավիճակներում չշփոթվել եւ բարեխղճորեն կատարում էր իր աշխատանքը: Արդեն այդ շրջանում նա աչքի ընկավ նույնիսկ ամենահակասական իրավիճակներում լուծումներ գտնելու ունակությամբ, ծանր իրավիճակներում ինքնատիրապետումը չկորցնելու հատկությամբ եւ մարդկանց հանդեպ բացարձակ բարյացակամ վերաբերմունքով:
Պատերազմի սկզբին եղան բազմաթիվ հուսահատ պահեր: Որոշ սխալներ կային նաեւ օպերատիվ շտաբի աշխատանքներում: Սակայն Բաղրամյանն անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխատանքն ավելի կազմակերպված լինի։ Այդ պատճառով նա մեծ հարգանք էր վայելում Գլխավոր շտաբում: Զինվորները շատ էին սիրում Բաղրամյանին, բոլորը նրան «հայրիկ» էին անվանում: Սակայն անհաջող կերպով սկսված պատերազմը, ընդհանուր անբարենպաստ պայմանները, հրամանատարության որոշ սխալներ 1941թ. հանգեցրին լուրջ անհաջողությունների: 1941թ. աշնանը շրջափակման մեջ ընկան չորս բանակները եւ դրանց հետ միասին` ճակատի շտաբը: Որոշում ընդունվեց ղեկավարության կազմը երկու մասի բաժանել եւ տարբեր ուղղություններով փորձել դուրս գալ շրջափակումից: Ռազմական գործողություններ ծավալելով` շտաբի մի մասը Բաղրամյանի գլխավորությամբ դուրս եկավ շրջափակումից, ինչպես նաեւ` իր խմբին միացրեց բազմաթիվ բաժանված խմբերի` շուրջ 20.000 մարդու: Իսկ գեներալ Կիրպոնոսի խումբը` բախվելով թշնամու խոշոր ուժերին, չկարողացավ դուրս գալ: Հրամանատարը հերոսաբար զոհվեց: Այս դեպքերից հետո Բաղրամյանը նշանակվեց Հարավ-Արեւելյան շտաբի ղեկավար:
Մնացած զորքերը ստիպված էին ծանր մարտեր մղել Դնեպր գետի մոտ` Կիեւը, Դոնի Ռոստովը եւ Դոնբասը պահպանելու համար: Բաղրամյանի անմիջական մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ ազատագրել Դոնի Ռոստովը: Պատերազմի սկզբի այս ծանր շրջանում, երբ հազվադեպ էին պարգեւատրում եւ կոչումներ շնորհում, 1941թ. օգոստոսին Բաղրամյանին շնորհվեց գեներալ-մայորի, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին` գեներալ-լեյտենանտի կոչում:
Բաղրամյանի կարիերայի ամենամռայլ էջերը կապված են 1942թ. խարկովյան օպերացիայի հետ: Ի դեպ, այս ծրագրի հաշվետվությունը Ն.Ս. Խրուշչովի եւ Ս.Կ. Տիմոշենկոյի ներկայությամբ Ստալինին զեկուցում էր հենց ինքը` Բաղրամյանը: Սկզբնական շրջանում այս օպերացիան հաջողությամբ էր ընթանում, սակայն հետագայում գերմանական կողմը հզոր հարվածներ հասցրեց Բրվենկովի ուղղությամբ, ինչի արդյունքում Հարավ-Արեւելյան ճակատի զորքերը խոշոր պարտություն կրեցին: Հակառակորդին հնարավորություն տրվեց Կովկաս եւ Ստալինգրադ մտնել:
Այս դեպքից հետո Հարավ-Արեւելյան շտաբի հրամանատարն ու ղեկավարը հեռացվեցին իրենց պաշտոններից: Եվ միայն Ժուկովի շնորհիվ Բաղրամյանն ավելի դաժան ճակատագրի չարժանացավ: Շուտով Հովհաննես Բաղրամյանը նշանակվեց 16-րդ բանակի հրամանատար, որը հետագայում վերանվանվեց 11-րդ գվարդիականի:
Պատմում են, որ Բաղրամյանի շտաբում էր գտնվում «գնդի որդին»` 11-ամյա Աֆոնյա Ֆիրսովը, որին զինվորները գտել էին Կալուգայի մարզի գյուղերից մեկում: Զինվորները Ֆիրսովին Բաղրամյանի մոտ բերեցին: Պարզվեց, որ տղան միշտ երազել է բանակում ծառայելու մասին: Բաղրամյանին շատ դուր եկավ Աֆոնյան եւ նրան պահեց իր մոտ՝ շտաբում: Հետո Բաղրամյանը տղային ուղարկեց Կալինինոյի Սուվորովյան ուսումնարանը: Հետաքրքիր է, որ պատերազմից հետո Հաղթանակի շքերթի ժամանակ Աֆոնյա Ֆիրսովը Սուվորովյան ուսումնարանի լավագույն սաների կազմում էր, իսկ Բաղրամյանը գլխավորում էր Առաջին Մերձբալթյան ճակատի գունդը: Հենց այս շքերթի ժամանակ էլ նրանք կրկին հանդիպեցին: Աֆոնյա Ֆիրսովը զինվորական դարձավ եւ երկար տարիներ Բաղրամյանների ընտանիքի ընկերն էր, իսկ Բաղրամյանին համարում էր իր երկրորդ հայրը:
1943թ. նոյեմբերին Բաղրամյանին Մոսկվա կանչեցին, որտեղ Ստալինը նրան հայտնեց Առաջին Մերձբալթյան ճակատի զորքերի հրամանատար նշանակվելու մասին՝ միաժամանակ նրան բանակի գեներալի կոչում շնորհելով:
1945թ. փետրվարին, երբ զոհված գեներալ Չերնյախովսկու փոխարեն 3-րդ Բելառուսական ճակատ ուղարկեցին Ա.Մ. Վասիլեւսկուն, Բաղրամյանը դարձավ Զեմլանդական զորքերի հրամանատարի տեղակալը:
Շրջափակման մեջ դնելով Քյոնիսբերգը` քաղաքի պաշարման օպերացիան հանձնարարվեց Ա.Մ. Վասիլեւսկուն եւ Հովհաննես Բաղրամյանին: Բաղրամյանը հոյակապ կատարեց իր առաջադրանքը, եւ երկու հրամանատարների համատեղ ջանքերի շնորհիվ պաշարման երրորդ օրը զորքերը գրավեցին Քյոնիսբերգը:
Սիրո պատմությունը
«Պապիկի եւ տատիկի սիրո պատմությունը շատ ռոմանտիկ է»,- պատմում է Կարինա Նաջարովան՝ Բաղրամյանի թոռնուհին: -Նրանք ծանոթացան, երբ պապս 20 տարեկան էր, պարզվեց, որ տատիկն արդեն նշանված էր մեկ այլ երիտասարդի հետ, եւ նրանք ստիպված եղան բաժանվել: Սակայն Թամարայի ամուսնությունը երկար չտեւեց` ամուսինը զոհվեց պատերազմում: Երբ պապիկն այդ մասին իմացավ, անմիջապես գյուղ եկավ իր սիրելիի մոտ, որն այդ ժամանակ հղիության 9-րդ ամսում էր գտնվում: Եվ, չնայած այդ հանգամանքին, նրանք ամուսնացան, իսկ շատ շուտով ծնված տղային Մովսես կոչեցին: Մովսեսին Բաղրամյանը սիրեց ինչպես հարազատ զավակին: 1923թ. ծնվեց նրանց դուստրը` Մարգարիտան` մայրս: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր աշխատանքի գնալիս պապս իր կնոջը սիրային երկտողեր թողնում: Մինչ օրս պահպանվել են Քաղաքացիական եւ Հայրենական պատերազմի ժամանակ գրած նրա նամակները: Առանց արցունքների դրանք հնարավոր չէ կարդալ»:
Հատված նամակից. «Թամարա սեր ի՛մ, դու իմ կյանքի լույս: Կյանքիս ամենից թանկ եւ սիրելի էակը միշտ եղել ես, կաս եւ կլինես միայն դու: Չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան եմ քեզ սիրում: Սակայն որոշ հանգամանքների բերումով… որոնք հաճախ ինձ համար էլ են անհասկանալի, երբեմն անտարբերություն եմ ցուցաբերում քո հանդեպ: Բայց հավատա՛, որ ես քեզ շատ եմ սիրում: Դու ընտանիք սիրող ցանկացած մարդու կնոջ իդեալն ես:
Քո Վանյա
25 մայիս 1943թ.»։
«Դժվար է պատկերացնել, որ այդ խիստ մարդն ընդունակ էր նման նուրբ զգացմունքների: Երբ տատիկը մահացավ, պապս կյանքում երեւի առաջին անգամ լաց եղավ: Նա շատ ցնցված էր: Այդ կորստից հետո նա շատ փոխվեց: Մեր աղմկոտ մոսկովյան բնակարանից ամառանոց տեղափոխվեց, որտեղ ապրեց մինչեւ կյանքի վերջը: Այդ ամառանոցը 4 հեկտար տարածք էր զբաղեցնում: Դրա մի մասը անտառ էր, մյուս մասում պտղատու ծառեր էին: Այգեպանների օգնությամբ նա եղեւնիներ, խնձորենիներ եւ այլ յուրօրինակ ծառեր էին տնկում, ծաղիկներ աճեցնում: Ցավոք, նրա մահից հետո այս տարածքը բաժանվեց մի քանի բարձրաստիճան չինովնիկների միջեւ (ամառանոցը պետական էր): Բոլոր ծառերը կտրեցին, իսկ դրանց տեղը քոթեջներ կառուցեցին: Տասնամյակների գործը մի ակնթարթում ոչնչացվեց»,- պատմում է Կարինա Նաջարովան:
Ելույթ ունեցավ հայերեն լեզվով
1946թ. Բաղրամյանն ընտվեց Լատվիայի Գերագույն խորհրդի անդամ: Նոր տարվա առաջին նիստին ժամանեց նաեւ Բաղրամյանը: Հանկարծ նախագահողը նիստը սկսեց լատիշերենով վարել, նրանից հետո մյուսներն էլ սկսեցին լատիշերենով ելույթ ունենալ: Պատգամավորները շփոթված էին, քանի որ նրանցից շատերը լատիշերեն չգիտեին: Երրորդ զեկույցից հետո ամբիոն բարձրացավ Հովհաննես Բաղրամյանը եւ իր ելույթը սկսեց հայերեն լեզվով: Այս դեպքից հետո բոլոր նիստերը սկսեցին ռուսերենով վարել:
Հովհաննես Բաղրամյանը մահացել է 1982թ., Մոսկվայում: Նրա աճյունը թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում:
Իր հիշողությունների երկրորդ գիրքը Բաղրամյանն անվանել էր «Այդպես էինք գնում դեպի հաղթանակ»: Այո, գնում էին, եւ շատ դժվարին էր այդ ուղին: Սակայն մարշալն իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ ծառայել է հայրենիքին, կայուն եւ ամուր շարժվելով դեպի իր առջեւ դրված նպատակները: Նա հասել է ռազմական փառքի գագաթնակետին եւ պատմության մեջ մնացել որպես Հայրենական Մեծ պատերազմի ականավոր գնդապետերից մեկը: