«2006թ. ձայնի իրավունքի եւ հաշվետվողականության հայաստանյան միավորը 0,27-ից դարձել է 0, ինչի արդյունքում Հայաստանի ցուցանիշը դարձել է անբավարար»,- ասված է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ամփոփագրում, որը կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին: «ՀՀ-ի միավորը քաղաքացիական ազատությունների մասով շարունակաբար եղել է 4 (7 բալանոց սանդղակով, որտեղ ամենալավ ցուցանիշը 1-ն է, իսկ ամենավատը՝ 7-ը): Սակայն «Ֆրիդոմ Հաուզ»-ի վերջին տվյալներով, ՀՀ գործունեությունն այդ ոլորտում սկսել է վատանալ ու կարող է 4-ից դառնալ 5` այն ժամանակ, երբ կորպորացիան 2008 ֆինանսական տարվա ընտրությունն է կատարում»,- փաստում են հեղինակները: Կորպորացիան ՀՀ-ին հատկացրել է ավելի քան 235 մլն դոլար: «Քաղաքական իրավունքների մասով ՀՀ-ի միավորների վրա իր բացասական ազդեցությունը կունենա նաեւ 2005-ի նոյեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեն, որից հետո դիտորդները մտահոգություններ հայտնեցին կեղծիքների, ընտրական գործընթացների ոչ պատշաճ վարման ու ընդդիմադիր կուսակցական գործիչների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ»,- ասված է ամփոփագրում: Դանիլովիչը Ռ. Քոչարյանին նաեւ գրել է. «Կորպորացիայի բուն մտահոգությունները պայմանավորված չեն մի եզակի միջադեպով, ու մեր մտահոգությունները կարող են փարատվել միայն ժամանակի լայն կտրվածքով իրականացվող հետեւողական քաղաքական գործունեությամբ»: