Այս սկզբունքներն ընդունելի են մեզ համար

09/07/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Չնայած ԵԱՀԿ համանախագահներն ընդհանուր գծերով բացահայտեցին ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները` նպատակ ունենալով երկու երկրներում դրանց վերաբերյալ հասարակական-քաղաքական բանավեճ սկսել, սակայն հասարակության կողմից այն բավական անտարբերությամբ ընդունվեց: Նույն անտարբերությունը դրսեւորվեց նաեւ քաղաքական էլիտայի կողմից: Հետաքրքիր է, որ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ լուրջ հասարակական-քաղաքական բանավեճ չծավալվեց նաեւ 1997թ., երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ասուլիսով, այնուհետեւ` նաեւ «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով: Եվ այն ժամանակվա ընդդիմությունը, որ այսօր արդեն իշխանության մաս է կազմում, որեւէ բանավեճ չի ծավալում նաեւ հիմա` սահմանափակվելով ընդամենը միջազգային հանրության հասցեին սպառնալիքներ հնչեցնելով: Ու սրանով կարծես ուզում են մեկ անգամ եւս հաստատել համանախագահների ակնարկները, որ իրականում երկու երկրների նախագահներն իրենք չեն ուզում կարգավորել ԼՂ հակամարտությունը: ՀՀ իշխանություններից բովանդակային քննարկման մեջ մտավ միայն Վարդան Օսկանյանը: Իսկ նախագահական նստավայրից համանախագահներին ուղղված պատասխանն ավելի շուտ կարելի է որակել որպես միջազգային հանրությանը «հաթաթա տալ»: Այս ամենի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ Քոչարյանի ու Ալիեւի իշխանությունների օրոք խնդրի լուծման միակ տարբերակը մնում է միջազգային հանրության կողմից պարտադրված խաղաղությունը: Երեկ հրավիրած մամլո ասուլիսում Վ. Օսկանյանն այս առնչությամբ դժվարացավ պատասխանել, թե տվյալ պարագայում որքանո՞վ կիրառելի կլինի պարտադրանքը. «Նման բան կարելի է անել, երբ կողմերի դիրքորոշումները շատ են մոտ, եւ ինչ-որ մի փոքր հարց է մնում, որ նրանք չեն համաձայնվում: Նման դեպքում կարելի է ակնկալել, որ միջազգային հանրությունն ավելի մարտական տրամադրված լինի` հարցն իր ավարտին հասցնելու նպատակով»: Նրա կարծիքով, 1 տարի առաջ ՀՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները տարբերվում էին 180 աստիճանով: «Բայց այսօր դժվար է ասել, որ տարբերություններն այնքան փոքր են, որ միջազգային հանրության լրացուցիչ ճնշման դեպքում հնարավորություն կունենան հասնել հարցի կարգավորմանը»,- հայտարարեց Վ. Օսկանյանը: Հետաքրքիր է, որ այսօր ՀՀ կուսակցություններից միայն ՀՀՇ-ն ու «Հանրապետությունն» են հանդես եկել հստակ դիրքորոշմամբ` ասելով, որ ԼՂ հիմնախնդրի չկարգավորումն օրեցօր ավելի է բարդացնում վիճակը: Եվ այսօր բանակցությունների սեղանին դրվածը, թեեւ էականորեն ավելի վատ է, քան 1997թ. տարբերակը, սակայն իշխանությունները պարտավոր են այն ընդունել: Հակառակ պարագայում, որոշ ժամանակ անց, իշխանությունները ստիպված կլինեն համաձայնել էլ ավելի վատ տարբերակի հետ: Երեկ Օսկանյանից հետաքրքրվեցինք, թե ինքը համաձա՞յն է ընդդիմության այս գնահատականների հետ: «Տարբեր գնահատականներ կարող են տրվել իրավիճակին: Ես կարծում եմ, որ մենք մեր դիրքորոշումը բավական հստակ տվել ենք: Այսօր սեղանի վրա եղած սկզբունքները մեծ հաշվով ընդունելի են ՀՀ-ի համար, եւ մենք պատրաստ ենք իսկապես բանակցությունները շարունակել` հիմնվելով այդ սկզբունքների վրա, որոնք, կարծում եմ, ընդգրկուն են, հավասարակշռված, եւ կարծես փոխադարձ զիջումների ճիշտ ընտրություն է կատարվել: Այնպես որ` հուսով ենք, Ադրբեջանն իրավիճակը ճիշտ կգնահատի եւ հնարավորություն կստեղծվի բանակցությունները շարունակելու եւ հասցնելու դրական արդյունքների»,- մեր հարցին ի պատասխան` ասաց Վ. Օսկանյանը:

Թեեւ, նկատենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի երկու տեղակալներն էլ երեկ հայտարարել են, որ ներկա փուլում անհնար է հակամարտության կարգավորումը: Արազ Ազիմովը հայտարարել է. «2 կողմերն էլ ընդունել են, որ ներկա փուլում ԼՂՀ կարգավիճակի հարցը լուծելն անհնար է: Այս հարցի շուրջ համաձայնության ձեռքբերման համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի պայմաններ»: Իսկ Ադրբեջանի մյուս փոխարտգործնախարար Վագիֆ Սադիխովն էլ ասել է, թե իրենց չի գոհացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս գործընթացները. «Քաղաքական հարաբերությունների եւ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ գործունեությունում կան սխալներ: ԵԱՀԿ-ն չի կարողացել կարգավորել գոյություն ունեցող հակամարտությունները, նկատելի հաջողությունների չի հասել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Այդ պատճառով համաձայն չեմ այն կարծիքին, թե ԵԱՀԿ-ն մեծ հեղինակություն է վայելում հակամարտությունների կարգավորման գործում»:

Ի դեպ, իր հարցազրույցում Մ. Բրայզան ակնարկել էր, թե Ադրբեջանի իշխանություններն ավելի ժողովրդավար են, քան ՀՀ-ինը: Վ. Օսկանյանն` անդրադառնալով Բրայզայի հայտարարություններին, նշեց, որ ինքը չի կիսում այն տեսակետը, թե ԱՄՆ-ն ՀՀ-ին մեղադրում է ժողովրդավարական երկիր չլինելու մեջ. «Նա այդ հարցը համեմատության մեջ չի դրել: Նրանք ակնկալում են, որ ՀՀ-ն էլ լրացուցիչ քայլեր կանի` ժողովրդավարության ամրապնդման համար: Ուղղակի ինձ համար ակնհայտ է ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակները` հօգուտ ՀՀ-ի»: