– ԼՂՀ հակամարտության վերաբերյալ արված Մեթյու Բրայզայի,ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գաղտնազերծումներն ու առաջարկվող սկզբունքները գրեթե ոչնչով միմյանցից չէին տարբերվում: Միջնորդներն առաջարկում են հայկական զորախմբերի փուլային հանումը ԼՂՀ-ն շրջապատող ադրբեջանական տարածքներից` հատուկ մոտեցում ցուցաբերելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների նկատմամբ, որին հետեւելու է այս տարածքների ապառազմականացումը: Այնուհետեւ` ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակը որոշելու համար հետագայում նախատեսվում է հանրաքվե կամ համընդհանուր քվեարկություն: Իսկ մինչ այդ` կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր: Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն այս սկզբունքների վերաբերյալ: Համանախագահների հայտարարության մեջ նաեւ նշված էր, թե իրենք հատուկ այցելել են ԼՂՀ եւ Ադրբեջան եւ նախագահներին տեղյակ են պահել` հակամարտությունն այս տարի լուծելու վերաբերյալ իրենց մոտեցման մասին:
– Կարծում եմ, մոտեցումներն այդքան էլ վերջնագրային չեն եւ ԼՂՀ իշխանություններն էլ հայտարարել են, որ 2006թ. ԼՂՀ խնդրի կարգավորման տարի չի լինելու: Դա, կարծես, իրոք այդպես է, որովհետեւ այն փաստաթուղթը, որը գաղտնազերծեցին Մ. Բրայզան եւ Մինսկի համանախագահները, մեզ հիմք չի տալիս ենթադրելու, թե կողմերը պատրաստ կլինեն ստորագրել այդ շրջանակային համաձայնագիրը: Կարծում եմ, նախ` այդ շրջանակային համաձայնագիրը ստորագրելու պատրաստ չէ Ադրբեջանը, որովհետեւ վերջինս ամենեւին էլ ցանկություն չունի ԼՂՀ հարցը լուծել այնպես, որ ԼՂՀ-ում անցկացվի կամ հանրաքվե, կամ, որ տարածաշրջանն ունենա ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Այնպես որ` այդ գաղտնազերծումներն արվում են միջազգային հանրության համար. Ադրբեջանի խնդիրը միակն է` ստեղծել այնպիսի պայմաններ, որ ԼՂՀ արմատական հայ բնակչությունն արտամղվի տարածաշրջանից, եւ, վերականգնեն ունիտար պետության իրենց պատկերացրած տարածքային ամբողջականությունը: Այսինքն` առաջարկվող տարբերակը, որքան էլ ցավալի լինի մեզ համար, ավելի ցավալի է Ադրբեջանի համար: Որովհետեւ, այսպես թե այնպես, միջազգային հանրությունն` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, արձանագրում է այն իրողությունը, որ ԼՂՀ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով: Իսկ դրա արդյունքներին կասկածելու տեղիք ոչ ԼՂՀ ներկայիս իշխանությունները, ոչ էլ բնակչությունը միջազգային հանրությանն ու Ադրբեջանին չի տվել: Ակնհայտ է, թե ինչ է լինելու արդյունքը` անկախ նրանից, թե երբ կլինի հանրաքվեն` մե՞կ տարի հետո, թե՞ 10: Մենք այդ արդյունքներն արդեն կարող ենք կանխորոշված համարել, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Ադրբեջանին: Դա է պատճառը նաեւ, որ հիմա ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է ամեն կերպ ձախողել այդ համաձայնագրի ստորագրումը: Եվ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի այս դիրքորոշումը, մենք գտնում ենք, որ 2006թ. շրջանակային համաձայնագիր չի ստորագրվելու:
– Համանախագահողները հայտարարեցին, որ իրենք այլեւս սպառել են իրենց երեւակայությունն այս սկզբունքները ճանաչելու, ձեւակերպելու եւ վերջնական տեսք տալու մեջ եւ, որ չեն հավատում, թե լրացուցիչ այլընտրանքային տարբերակները, որ առաջ կքաշվեն միջնորդների կողմից կողմերի հետ լրացուցիչ հանդիպումների ընթացքում, կբերեն այլ արդյունքների: Սա արդեն իսկ վերջնագիր չէ՞, եւ սա չի՞ նշանակում, որ նրանք այլեւս չեն հավատում, թե Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը կառուցողական որեւէ առաջարկ կներկայացնեն:
– Ձեր տպավորությունը կարծես համապատասխանում է իրականությանը, եւ իրոք բանակցային գործընթացի մեջ այս տարիների ընթացքում առաջին անգամ միջնորդները բաց տեքստով հայտարարում են, որ իրենք այլեւս անելիք չունեն: Եվ, իրոք, միջնորդներն այլեւս անելիք չունեն, որովհետեւ նրանք չեն կարող հայտնագործել կարգավորման մեկ այլ մեխանիզմ, քան այն առաջարկվում է այսօր կողմերին: Ըստ էության, հիմա ես խոսում եմ ոչ որպես ղարաբաղցի, որին այդ համաձայնագիրը ձեռնտու չէ, այլ ընդհանուր միջազգային չափանիշներով. դա փոխզիջումային, բանական տարբերակ է, որը բանակցությունների համար կարող է լինել բավարար հիմք: Միջնորդները ոչինչ չեն ավելացնում այն իրավիճակին, ինչ այսօր կա: Նրանք չեն կարող հայտնագործել որեւէ այլ մոդել, որը կենթադրեր ԼՂՀ շուրջ ադրբեջանական համարվող տարածքների փուլային վերադարձ, տարածաշրջանի ապառազմականացում, կոմունիկացիաների վերագործարկում ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ տեղաշրջանի միջազգայնորեն ճանաչվելիք կարգավիճակի որոշարկում` հանրաքվեի կամ քվեարկության միջոցով: Սա բոլոր հակամարտությունների կարգավորման համար ունիկալ մոդել է, որից ավելին համանախագահները չեն կարող անել: Իսկապես բոլոր տարբերակները, կարծես թե, սպառված են, քննարկվել է եւ՛ ընդհանուր պետության, եւ՛ տարածքների փոխանակման եւ այս գաղափարը: Որեւէ այլ տարբերակ միջազգային պրակտիկան չի կարող հուշել միջնորդներին, որպեսզի նրանք այն առաջարկեն: Սա այն է, ինչ կա եւ պետք է: Չպետք է չափազանցությունների մեջ ընկնել եւ պատկերացնել, թե միջնորդները վաղը կամ ԼՂՀ անկախությունն են ճանաչելու, կամ նրա վերամիավորումը Հայաստանի հետ, կամ էլ հայտարարելու են, թե ԼՂՀ-ն Ադրբեջանի մասն է, ու մեզ ստիպելու են ենթարկվել իրենց այդ որոշմանը: Նման բան չի լինելու, եւ, բնականաբար, այս պահին` առաջարկություններ ներկայացնելու առումով, միջնորդներն անելիք չունեն: Այլ բան է, որ չի կարելի համաձայնել նրանց այն գնահատականին, թե իրենք այլեւս չեն նպաստելու, այսպես ասած, մաքոքային դիվանագիտությանը եւ չեն միջնորդի նախագահների հետագա հանդիպման կազմակերպման հարցում: Միջնորդներն իրավիճակը փոքր-ինչ սրել են, կարծես թե, երկու նախագահների ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, որ միջնորդները կարող են առհասարակ հրաժարվել միջնորդությունից: Բայց չեմ կարծում, թե նրանք կդիմեն այդ քայլին, որովհետեւ միջնորդները կամավոր չեն աշխատում, իրենք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի մանդատով են աշխատում, եւ այդ հարցը պետք է քննարկվի այդ կառույցում, ինչո՞ւ չէ` ԵԱՀԿ գագաթաժողովում, որովհետեւ միջնորդական ինստիտուտների ձեւավորումը տեղի է ունեցել ԵԱՀԿ ինստիտուցիոնալ որոշումներով:
– Դուք բացառեցիք, թե 2006թ. հակամարտության լուծման տարի կլինի, սակայն միջնորդները պնդում են, որ 2006թ. լավագույն պատուհանն է, քանի որ դրան հաջորդելու են 2007-2008թթ. ընտրությունները, որոնք նպաստավոր չեն լինելու խնդրի կարգավորման համար: Ավելին` նրանք կարեւորում են նաեւ Մեծ ութնյակի հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք վեհաժողովը: Դուք նորի՞ց պնդում եք, որ նրանց առաջարկած սկզբունքները վերջնական չեն, եւ որ 2006թ. հենց այն վերջնաժամկետը չէ, որ տրվել է կողմերին:
– Նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, որ այդ վերջնագիրը, եթե դա, իրոք, վերջնագիր է, ներկայացված է նաեւ Ադրբեջանին: Մեծ ութնյակի վեհաժողովում, իրոք, հնարավոր է` անդրադարձ լինի ԼՂՀ-ին, թեեւ նման քննարկումները հրապարակային չեն լինում: Դատելով Մեծ ութնյակի ԱԳ նախարարների համատեղ վերաբերմունքից, չեմ բացառում, որ այդ վեհաժողովում էլ աշխարհի առավել զարգացած 8 երկրները բաց տեքստով իրենց վերաբերմունքը կարտահայտեն: Ճիշտն ասած` իմ հոռետեսությունը, որ 2006թ. համաձայնագիր չի ստորագրվի, պայմանավորում եմ Ադրբեջանի վերաբերմունքով, որը պատրաստ չէ ընդունել ԼՂՀ կարգավիճակը հանրաքվեով կամ քվեարկությամբ որոշելու գաղափարը: Գուցե մինչեւ այդ վեհաժողովն Ադրբեջանում տեղի ունենա մտածողության այդպիսի տրանսֆորմացիա, որ իրենք առաջարկեն ստորագրել այդ համաձայնագիրը, իսկ այդ ժամանակ արդեն կստեղծվի նոր իրավիճակ: Եվ մենք հնարավորություն կունենանք գնահատել հայկական կողմի վերաբերմունքը եւ հասկանալ, թե որքանով ենք մենք պատրաստ դրան: Բայց այսօր ակնհայտ է, որ ստորագրելուն պատրաստ չէ Ադրբեջանը, եւ ամեն ինչ անում է տապալելու, տորպեդահարելու համար այդ համաձայնագրի ստորագրումը:
– Այսինքն` մենք կարող էինք այն քննարկել, եթե Ադրբեջանի համար այն ընդունելի լինե՞ր:
– Երբ մեզ համար պարզ կլինի Ադրբեջանի վերաբերմունքը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել մեր վերաբերմունքի մասին: Մեր ասելով` նկատի ունեմ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը: Մանրամասն այն կքննարկենք այն դեպքում, երբ մեզ համար ակնհայտ կլինի, որ Ադրբեջանը հարգում է ԼՂՀ ինքնորոշման փաստը:
– Գաղտնազերծումից հետո Ադրբեջանն ավելի խստացրեց իր ռազմատենչ հայտարարությունները, ինչի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ասաց, թե պետք չէ Ադրբեջանին «թայմ-աութ» տալ, քանի որ Ադրբեջանն այն օգտագործում է իր բանակի հզորացման համար, եւ պետք է մտածել կոնկրետ քայլերի մասին: Համամի՞տ եք:
– Ոչ, չեմ կարծում, թե Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները համապատասխանում են իրականությանը: Այսինքն` չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է եւս մեկ անգամ փորձության ենթարկել իրեն ու ամբողջ տարածաշրջանը, որովհետեւ դա կլիներ չափազանց մեծ ռիսկ, որի գինն այսօր հայտնի է: Ամենակարեւորը` բացառված է պատերազմի վերսկսման առիթը: Բացի այդ` ո՞ւմ պետք է պատերազմ հայտարարի Ադրբեջանը. եթե պատերազմ է հայտարարելու ԼՂՀ-ին, ապա դա արդեն մեխանիկորեն կնշանակի, որ Ադրբեջանը կճանաչի ԼՂՀ-ն: Եթե պատերազմ է հայտարարելու ՀՀ-ին, ապա դա միջազգային իրավունքի տեսակետից ուղղակի նոն-սենս է, որովհետեւ ՀՀ-ն Ադրբեջանի հետ պաշտոնապես պատերազմական իրավիճակում չէ: Եվ այդ դեպքում Ադրբեջանը կճանաչվի ագրեսոր: Այնպես որ` սա բավական բարդ թնջուկ է, որն ադրբեջանցիներն իրենք էլ` պատերազմի մասին խոսելով, չեն կարողանում իրենց համար պարզել մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է նրա հզորությանը, ապա Ադրբեջանը միշտ էլ հզոր է եղել` եւ՛ 1998թ., եւ՛ 1991թ.: Այն ժամանակ էլ է Ադրբեջանն ունեցել նավթային ռեսուրսներ, այն ժամանակ էլ են նրանք նավթային ռեսուրսների իրացումից մեծ գումարներ ստացել, այն ժամանակ էլ Ադրբեջանը շատ հզոր բանակ ուներ տեղակայված: Ճիշտն ասած, պատերազմում հաղթում են ոչ թե նավթա-դոլարներով, այլ առաջին հերթին` ոգով: Մենք այստեղ պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր հայրենիքում ապրելու իրավունքը, եւ չեմ հասկանում, թե ԼՂՀ տարածքում ադրբեջանցի զինվորները հանուն ինչի են պատերազմելու: Այս տարբերությունն էլ կա: Իհարկե, չի կարելի անտեսել այն, որ Ադրբեջանը միջազգային ֆինանսական աջակցությամբ փոխարենն իր տնտեսությունը վերականգնի, դրա շահույթներն ուղղորդում է դեպի սպառազինությունների մրցավազքի դաշտ: Բայց դա միջազգային հանրության խնդիրն է, որը պետք է ադրբեջանցիներին հասկացնի, որ բնական պաշարների շահագործումից եկած գումարները պետք է ուղղորդվեն ոչ թե սպառազինության մրցավազքին, այլ բնակչության ինչ-ինչ, գոնե փախստականների խնդիրներին, որի գործարկումից նա կարող է նոր փախստականների խնդիր ունենալ: Պատերազմի ելքը ոչ ոք չի կարող կանխորոշել, նույնիսկ տեր Աստված: Նրանց այն ժամանակ էլ էր թվում, թե այստեղ ոչ մի հայ չի լինելու, ու երկու շաբաթում իրենք կլուծեն ԼՂՀ հարցը, բայց տեսան, թե ինչ եղավ:
– Կա՞ պատերազմի հավանականություն:
– Չեմ կարծում, թե այս պահին դա շատ ավելի մեծ է, քան 1995-96թթ. էր: Բայց քանի դեռ խաղաղության վերջնական պայմանագիր չկա` ոչինչ չենք կարող բացառել:
– ՀՀ ընդդիմադիր ուժերը բանակցությունների գաղտնազերծումից հետո մեղադրեցին Հայաստանի իշխանություններին, որոնք չեն կարողացել ՀՀ համար դրական արդյունք ապահովել: ԼՂՀ-ում ինչպիսի՞ն է մթնոլորտը. նրանք է՞լ են մեղադրում Հայաստանի իշխանություններին, թե՞ ոչ:
– Ընդդիմությունը նրա համար է, որպեսզի գործող իշխանությանը քննադատի: Բացի այդ, ի տարբերություն 1997-98թթ., ներկայիս ընդդիմությունը կարգավորման սեփական տարբերակ չունի: Համենայնդեպս, չեն ներկայացնում այն ոչ մամուլում, ոչ էլ անձնական շփումներում: Ապրիլին ԼՂՀ-ում կազմակերպված լսումներին ՀՀ-ից ներկա էին ընդդիմադիր Շավարշ Քոչարյանն ու Արամ Գ. Սարգսյանը: Նրանք ԼՂՀ ԱԺ ամբիոնից ԼՂՀ խնդրի կարգավորման իշխանությունների մոտեցումներից տարբերվող տարբերակ չառաջարկեցին: Չեմ կարծում, թե այս պահին ԼՂՀ-ում Հայաստանի պաշտոնական դիրքից դժգոհ են: Սա ընդհանուր տպավորությունս է. համենայնդեպս դժգոհող դրսեւորումներ չկան: Իսկ ես շատ բարձր եմ գնահատում բանակցություններում ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի դիրքորոշումները, եւ կարծում եմ` այսօր առաջարկվող սկզբունքները, որոնք կարող են շրջանակային համաձայնագրի հիմք դառնալ, չեն հակասում Հայաստանի եւ ԼՂՀ ազգային պետական շահերին: