Հուլիսի 1-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք կունենա: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի օրերին իշխանությունները որպես նախագծի առավելություն, հիմնականում թմբկահարում էին հենց այս հանգամանքը: Ընդ որում, հասարակությանը շփոթության մեջ գցելու համար ներկայացվում էր, որ իրենք ՍԴ կարող են դիմել ցանկացած գործով, ՀՀ մյուս` երեք ատյաններն անցնելուց հետ: Եվ ենթադրվում էր, որ որպես ամենաբարձր ատյան, ՍԴ-ում պետք է բողոքարկվեն նաեւ քաղաքացիների նկատմամբ կայացված իրավական ակտերը` վճիռները եւ դատավճիռները: Սակայն պարզվում է, որ ՍԴ կարելի է դիմել ոչ բոլոր դեպքերում: ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ` «ՍԴ կարող է դիմել այն քաղաքացին, ում վերաբերյալ դատական ակտը վերջնական ուժի մեջ է մտել, եւ ինքն այդ դատական ակտով իր նկատմամբ օրենքի դրույթի սահմանադրականության հարց է բողոքարկում, եւ ոչ թե պետք է գա ՍԴ եւ բողոքարկի, թե իր նկատմամբ վճիռը ճի՞շտ է կայացվել, թե՞ սխալ»: Այսինքն` պետք է ՍԴ-ն պարզի, թե քաղաքացու նկատմամբ կայացված իրավական ակտն արդյոք չի՞ հակասում ՀՀ Սահմանադրության դրույթներին: Եվ այսօրվանից Գ. Հարությունյանը հայտարարում է, որ այդպիսի դիմումները քիչ կլինեն: «Այս տիպի դիմումները, չեմ կարծում, որ շատ կլինեն: Միջազգային փորձն էլ ցույց է տալիս, որ սկզբնական շրջանում դիմումների 98 տոկոսը մերժվում են, որովհետեւ դրանք սահմանադրականության հարց չեն բարձրացնում»,- ասում է նա եւ օրինակ բերում Գերմանիայի, ՌԴ-ի, Չեխիայի, Իսպանիայի փորձը: Ըստ Գ. Հարությունյանի, քաղաքացիների իրավագիտության մակարդակը շատ ցածր է, բայց դե իրենք էլ կաշխատեն անել այնպես, որ քաղաքացիների դիմելու դեպքում «իրավական բաց չլինի»: