Եվ եթե նախընտրական պրոցեսների տեսանելի մասը` այսպես կոչված, PR ակցիաները (համերգներ, հանդիպումներ, մամուլում հաճախակի ելույթներ եւ այլն) նոր է թափ հավաքում, ապա ընտրական տեխնոլոգիաների անտեսանելի, կամ, ինչպես ասվում է, «փակ» գործողություններն արդեն վաղուց են մեզանում կիրառվում: Այսպիսի գործողությունների շարքին է պատկանում, օրինակ, ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ հուլիսի 22-ին կայանալիք իրենց համագումարում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կանդամակցի Հանրապետական կուսակցությանը, ինչի հետեւանքով, կասկածից վեր է, որ բավականին լուրջ ադմինիստրատիվ եւ բիզնես ռեսուրսներ կմիանան ՀՀԿ-ին: Կամ, ասենք, ՄԱԿ-ի` վերջին շրջանում նախարարական, փոխնախարարական եւ այլ գործադիր լծակներ ձեռք բերելու անմար ցանկությունը: Վերոնշյալ անտեսանելի տեխնոլոգիաների թվին է ավանդաբար պատկանում նաեւ պետական եւ մասնավոր սեկտորի այն ռեսուրսների օգտագործումը, որոնք անմիջական առնչություն ունեն բնակիչների, իսկ տվյալ պարագայում` ընտրողների հետ: Քաղաքական ողջ վերնախավին հայտնի է, թե այս առումով Հայաստանում ընտրական շրջանում ինչ կարեւորագույն դերակատարում ունեն տեղամասերում աշխատող էլեկտրիկները, կամ՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ «լույսի մարդիկ»: Բավական է միայն մեր ընթերցողներին հիշեցնել այն հետաքրքրական իրողությունը, որ անցած տարի տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ հանրապետության երեք քաղաքներում (Ալավերդի, Նոր Հաճըն, Էջմիածին) քաղաքապետ են ընտրվել հենց տեղի էլեկտրացանցերի տնօրենները, ինչն ինքնին, կարծում ենք, ամեն ինչ ասում է էլցանցերի ազդեցության մասին: Եվ բնական է, որ «լույսի մարդկանց» իրենցով անելու համար արդեն իսկ սկսվել է կենացումահու պայքար: Այս առումով, կարծում ենք, պատահական չէին վերջին շրջանի բազմաթիվ դատախազական ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, որոնք, սակայն, լույս չսփռեցին այնտեղ տիրող իրավիճակի վրա եւ ավելի շատ նման էին անհրաժեշտ պահի համար կոմպրոմատ հավաքելուն: Իսկ նման անհրաժեշտ պահերից է լինելու, անկասկած, ապագա ընտրությունները, ինչին հանրապետության գլխավոր դատախազը, ինչպես հայտնի է, պատրաստվում է մասնակցել «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությամբ, կամ էլ, ինչը ոչ պակաս հավանական է, Հանրապետականի հետ միասին:
Շատերը կարծում էին, որ ռուսաստանյան «ՌԱՕ ԵԷՍ»-ի «Հայաստանի էլեկտրական ցանցերին» տիրանալուց հետո «լույսի մարդկանց» ռեսուրսի կառավարման գործն ավելի կհեշտանա, հաշվի առնելով, թե տնտեսական, թե քաղաքական գործոնը: Տրամաբանությունը պարզ էր, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ Եվգենի Գլադունչիկն աշխատում է Հայաստանում, եւ ենթադրվում է, որ նրա միջոցով բոլոր հարցերը կլուծվեն իրենց ամենահարմար ձեւով: Սակայն, նույն ընկերությունում կա եւս մի ազդեցիկ պաշտոնյա, որը մինչ օրս առանձնապես չի «ցցվել» եւ, որի անունը հասարակությանն ու մամուլին առանձնապես ոչինչ չի էլ ասում: Իրականում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում Գլադունչիկից ոչ պակաս (եթե ոչ ավելի) ազդեցություն ունեցող էլ կա` խոսքը ընկերության փոխտնօրեն Աշոտ Թոխունցի մասին է, որին ընկերությունում պարզապես «գորշ կարդինալ» են անվանում: Բայց, թերեւս, այս ամենում ամենից կարեւորն այն է, որ Աշոտ Թոխունցը ՀՀ պաշտպանության փոխնախարար, ծպտյալ դաշնակցական Արթուր Աղաբեկյանի մտերիմ ընկերն է: Այս պատմությունը կարող էր ունենալ միայն տնտեսական հետաքրքրություն, եթե չլինեին պարոն Աղաբեկյանի դաշնակցական հետաքրքրությունները: Հաշվի առնելով այն փաստը, որ նախընտրական պրոցեսները Հայաստանում վաղուց սկսված են, կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ն որոշել է «գեղեցիկ» ձեւով պարզապես խլել էլեկտրիկների ռեսուրսը հանրապետականներից, որոնք մինչ այժմ հենց իրենք էին մեծ հաջողությամբ օգտագործում այդ լծակը: Մեզ մնում է միայն ենթադրել, որ պարոն Աղաբեկյանի անմիջական ղեկավար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը, ինչպես հայտնի է, շուտով պատրաստվում է դառնալ ՀՀԿ անդամ, չի էլ պատկերացնում, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (որի ղեկավար Եվգենի Գլադունչիկը, ի դեպ, համարվում է նրա «մարդը») ընտրությունների շրջանում կարող է աշխատել բոլորովին այլ քաղաքական ուժի օգտին: Եվ սա` չնայած այն հանգամանքին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր ավտոմեքենաների վրա կպցրած է «Մարտիկ» հիմնադրամի լոգոտիպը: Այստեղից կարելի է երկու եզրակացություն անել. կամ պարոնայք Թոխունցն ու Գլադունչիկը միասին «քցում» են տնտեսապես` ՌԱՕ ԵԷՍ-ին եւ քաղաքականապես` Սերժ Սարգսյանին, կամ պարոն Գլադունչիկը տեղյակ չէ Աշոտ Թոխունցի «խաղերից», ինչն ամենեւին էլ չի նշանակում, որ գործը բացվելուց հետո պարոն Գլադունչիկը կպահպանի իր տեղը: