Քաղաքական հարաբերական անդորրի պայմաններում, որ վրա է հասնում ամեն ամառ (հաշվի առնենք նաեւ ֆուտբոլի առաջնությունը), գլխումդ տարբեր մտքեր են ծագում: Օրինակ` այսպիսի. մի՞թե միայն իշխանությունները կամ քաղաքական գործիչներն են մեղավոր, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես կարող էր լինել: Մեկ-մեկ էլ շատ ավելի վատ է: Անկասկած մեղավոր են: Բայց դժվար թե միայն նրանք են մեղավոր: Մենք նույնպես մեղքի մեր բաժինն ունենք:
Միխայիլ Բուլգակովը «Շան սիրտը» ստեղծագործության մեջ գրել է, որ քայքայումը, փլուզումը սկսվում է ամենից առաջ գլխից, գլխի մեջ, քանի որ եթե միզում են զուգարանի կողքին, եւ դա անում է ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի հոգի, ապա անխուսափելիորեն վրա է հասնում փլուզումը: Ինչի՞ համար եմ ես սա ասում: Ես սա ասում եմ վերջերս մեծ աղմուկով ու շուքով վերագործարկված քաղաքային ավտոբուսների առիթով:
Հետխորհրդային տարիների ընթացքում թբիլիսցիները հասցրել են հետ վարժվել քաղաքային պետական տրանսպորտից: Դրա գոյության մասին հիշեցնում է թերեւս միայն մետրոն, իսկ վթարային վիճակում գտնվող, կյանքի համար վտանգավոր տրոլեյբուսներն ու տրամվայներն ավելի հարմար են էքստրեմալ մարզաձեւերի սիրահարների, քան սովորական մարդկանց համար: Եվ ահա Վրաստանի հեղափոխական իշխանությունները՝ մտահոգված քաղաքային պետական տրանսպորտի բացակայությամբ, այդ ավտոբուսները ներկրեցին Հոլանդիայից` դեղին գույնի, հսկայական չափերի: Ուկրաինայից ներկրածներն ավելի փոքր են: Չնայած ասում էին, որ հոլանդականները նոր էին դուրս գրված այնտեղի ավտոպարկից, սակայն դրանց տեսքից դա չէր երեւում: Իսկ ուկրաինական «Բոգդան»-ները լրիվ նոր էին:
Վերջերս բախտ վիճակվեց երթեւեկել Թբիլիսիի տարբեր երթուղիներով: Եթե առանց չափազանցնելու ասեմ` զայրույթն ու նյարդայնությունը պատեց ինձ: Ո՞ւմ, ո՞ր ապուշին էր պետք եկել պոկել նստարանների թիկնակների բռնակները: Ո՞ր հիմարի խելքին էր փչել (եթե, իհարկե, նա ընդհանրապես խելք ունի) դրանք պոկել, ինչի՞ն, ո՞ր տեղին էր կպցնելու: Ո՞ր սրիկայի մտքով էր անցել իր սառը զենքի հնարավորությունները փորձել նստարանների նստատեղերի ու թիկնակների վրա: Ինչո՞ւ է, գրողը տանի, այդ ավտոբուսների ներսն այդքան կեղտոտ, թքոտված: Ինչո՞ւ մինչեւ երթուղի դուրս բերելը դրանք ավտոպարկերում չեն լվացվում, մաքրվում: Թե՞ մեզ մոտ մարդիկ այնպիսին են, որ միայն թքում են ավտոբուսներում, կեղտոտում են եւ այնքան ինտենսիվ, որ երթուղի դուրս գալուց մի երկու ժամ հետո հիգիենայի եւ սանիտարական նորմերը դառնում են «զրոյական»: Ավելորդ է խոսել զանազան մակագրությունների մասին` սկսած սիրային խոստովանություններից` մինչեւ հանրահայտ «երեք տառը»: Թեեւ ես այնքան էլ հաճախ չեմ ճամփորդել, սակայն արտասահմանում այդպիսի այլանդակություն չես տեսնի: Այնտեղ էլ վանդալներ ու դեգեներատներ կան, սակայն նրանք մերոնց համեմատ ինչ-որ շատ քիչ են: Նկատի ունեմ թե՛ կենսամակարդակով Վրաստանից առաջ անցած երկրներում, թե՛ Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակին գտնվող հարեւան Հայաստանում:
Վերջերս Թբիլիսիի իշխանությունները հայտարարեցին Մետրոպոլիտենը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու իրենց մտադրության մասին: Շուտով սկսեցին վերանորոգել, սակայն առանց մետրոն փակելու, ինչից էլ պարզ դարձավ, որ խոսքը զուտ կոսմետիկ վերանորոգման մասին է: Ավարտված են միայն «Իսանի» կայարանի վերանորոգման աշխատանքները: Իհարկե, կարելի էր ավելի լավ անել, սակայն արվածի շնորհիվ մետրոն զարդարված տեսք է ստացել: Եվ ո՞ր, մեղա, տեր Աստված, անասունին էր պետք եկել ծակեր բացել էսկալատորի պատերը ծածկող գունավոր պլաստիկատների վրա: Եվս մեկ հարց. իշխանություններն ինչո՞ւ են քաղաքը բարեկարգելու համար քամուն տալիս փողերը, եթե բնակչությունը, որի համար բարեկարգում են…: Շարունակե՞մ: Արդյոք արժանի՞ ենք մենք նոր ավտոբուսների եւ վերանորոգված մետրոյի: Չեմ կարծում: Որովհետեւ գրեթե համոզված եմ, որ այն պահին, երբ մի ապուշ փչացնում էր ավտոբուսի բռնակները, դժվար թե գտնվեր մեկը, որ փորձեր նրան կանգնեցնել: Մեր մերթալիտետն է այդպիսին` չնկատել, քանի դեռ այդ ապուշն իմ սեփական տուն չի մտել եւ իմ տան լամպը չի տարել… Այդ պատճառով էլ մեր շենքերի մուտքերի ճնշող մեծամասնությունը մութ է: Դրա համար էլ մեր բնակելի շենքերի գրեթե բոլոր մուտքերից, որ մաքրում են շաբաթը մեկ անգամ, արտաքնոցի հոտ է գալիս: Դրա համար էլ… Սրանում է՞լ են իշխանությունները մեղավոր: Քաղաքապետ Ուգուլավա՞ն է մեղավոր: Խոսնակ Բուրջանաձե՞ն: Թ՞ե ինքը՝ նախագահ Սահակաշվիլին է մեղավոր: Ուրեմն, որտե՞ղ է փլուզումը: Այնտեղ` վերեւներո՞ւմ, թե՞ մեր գլուխներում: Նշված դեպքերում փլուզումը, քայքայումը, իհարկե, մեր գլուխների մեջ է: Իսկ եթե այդպես է, ուրեմն պետք չէ մեղքն իշխանությունների վրա գցել: Իշխանությունը գալիս է տվյալ բնակչության արժանիքներին համապատասխան: Իսկ արժանիքներ, երեւում է, մենք քիչ ունենք: