Միխայիլ Բաղդասարովը որդուն փրկեց վագրի ճիրաններից

09/07/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Շաբաթ օրը Մոսկվայի Ցվետնոյ բուլվարում գտնվող կրկեսի մանեժում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: «Վագրերի շոու» եզակի ծրագրի ընթացքում Կեսար անունով վագրը հարձակվել է վարժեցնող Արթուր Բաղդասարովի վրա եւ լուրջ վնասվածքներ հասցրել նրան: Ա. Բաղդասարովին շուտափույթ հիվանդանոց են տեղափոխել:

Վնասվածքներն այնքան շատ են եղել, որ բժիշկները 100-ից ավելի կար են դրել: «Վագրերի շոուի» հեղինակները հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովի զավակներ Կարինա եւ Արթուր Բաղդասարովների բեմադրությունն է, որը նրանք մեծ հաջողությամբ ցուցադրել են աշխարհի տարբեր երկրներում: Կարինա Բաղդասարովան պատմում է. «Շոուն արդեն իր ավարտին էր մոտենում, մենք կատարում էինք վերջին`«Բուրգ» համարը: Արթուրը հրամայեց Կեսարին` թռչել մանեժի կենտրոնում դրված աթոռին, իսկ Կեսարը թաթով անսպասելի խփեց նրան»: Սակայն հետո վագրը վարժեցնողին հատակին է տապալել եւ իր հզոր ատամներով սկսել կծոտել նրա գլուխը: Կարինան ապարդյուն փորձում էր վագրի ուշադրությունը շեղել, սակայն վագրը Արթուրի արյունոտ մարմինը մանեժով մեկ էր գլորում՝ կարծես խաղալով նրա հետ ճիշտ այնպես, ինչպես կատուն մկան հետ է խաղում: Արթուրին անխուսափելի մահից փրկեց իր հայրը, ով մանեժ ներխուժեց եւ մի քանի անգամ կրակեց կրկեսային ատրճանակից: Հսկա կատուները մտան իրենց վանդակները:

Լուրջ վնասվածքներ ստացած Բաղդասարով կրտսերն այժմ վերակենդանացման բաժնում է եւ բժիշկների հավաստմամբ` շուտով սովորական պալատ կտեղափոխվի: Սակայն լիովին ապաքինվելու համար նրան երկար ժամանակ է հարկավոր:

Միխայիլ Բաղդասարովն` այդ դժբախտ պատահարը վերլուծելով, առաջին հերթին իր որդուն է մեղադրում. «Նա մի պահ կորցրեց կոնտակտը վագրի հետ: Իսկ վագրերին միշտ պետք է «դուք»-ով դիմել, նրանք «ընկերական» վերաբերմունք չեն ընդունում»: «Վագրերի շոուն» կրկեսային ծրագրից դուրս չի մնա, պարզապես որդու փոխարեն մանեժ դուրս կգա հայրը: Կեսարը` նույնպես: «Վագրին պատժել չի կարելի, նա չի հասկանա, թե ինչո՞ւ են իրեն պատժում, չէ՞ որ Կեսարն ընդամենը խաղալ էր ուզում…»,- ասել է Կարինա Բաղդասարովան: