Գերմանիա-Իտալիա եւ Պորտուգալիա-Ֆրանսիա։ Այսպիսի տեսք ունի այսօր մեկնարկելիք կիսաեզրափակիչը, որը կարծես Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ լինի։ Ո՛չ Արգենտինան, եւ ո՛չ էլ Բրազիլիան (որքան էլ զարմանալի լինի) այլեւս չեն կարող հավակնել մեդալների։ Աշխարհի հնգակի չեմպիոնները հանգիստ եւ վստահ կերպով շարժվում էին դեպի 6-րդ տիտղոսը, սակայն նրանց կանգնեցրեց Ֆրանսիայի թիմը։
Իսկ Ֆրանսիայի կազմում իր ողջ փայլով հանդես եկավ Զինեդին Զիդանը։
Երբ նա ժպիտը դեմքին խաղում էր գնդակի հետ՝ մոլորության մեջ գցելով իր մրցակիցներին, Ֆրանկֆուրտի ստադիոնում գտնվող լրագրողները միմյանց հարցնում էին՝ եւ ինչո՞ւ է նա հեռանում ֆուտբոլից։
Ֆուտբոլային աշխարհը վաղուց չէր տեսել, որ մեկ խաղում նրա մոտ գրեթե ամեն ինչ ստացվի։ Բրազիլացիների բախտը պարզապես չբերեց, նրանց ճանապարհին կանգնեց կատաղած Զիդանը, որն այնպես էր վազում, կարծես ոչ թե 34 տարեկան է, այլ 24։ Զիզուն ուղղորդում էր իր թիմի գրոհները, իդեալական փոխանցումներ կատարում, իրացնում սուր տուգանային հարվածներ, որոնցից մեկը Անրին վերածեց հաղթական գոլի։ Խաղի ընթացքում Զիդանը գնդակին դիպավ 70 անգամ, կատարեց 67 փոխանցում, որոնցից
57-ը հասան նպատակին։
Շատերը կարծում են, որ շաբաթ օրը Բրազիլիայի դեմ Զիդանն անցկացրեց իր կարիերայի լավագույն խաղը։ Իհարկե, չի կարելի մոռանալ, որ 1998թ. նույն Բրազիլիայի հետ եզրափակիչ խաղում Զիդանը երկու գոլի հեղինակ դարձավ եւ ապահովեց Ֆրանսիայի հաղթանակը։ Սակայն այս խաղն, անկասկած, կզարդարի նրա ֆուտբոլային կենսագրությունը։
«Եվրո-2004»-ից հետո Զիդանը, Թյուրամը եւ Մակելելեն որոշեցին հեռանալ հավաքականից։ Սակայն թիմը սկսեց անհաջող հանդես գալ նախընտրական փուլում, եւ այս ֆուտբոլիստները վերադարձան խաղընկերներին օգնելու։ 2006թ. ապրիլի 25-ին “Canal+” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Զիդանը հայտարարեց, որ թողնելու է ֆուտբոլը. «Ես պետք է հիմա ասեմ այդ մասին, քանի որ պետք է կենտրոնանամ աշխարհի առաջնության վրա։ Դա իմ վերջին նպատակն է»։ Մայիսի 7-ին նա «Ռեալի» մարզաշապիկով վերջին անգամ դուրս եկավ «Սանտյագո Բեռնաբեուի» մարզադաշտ, ու թեեւ այնքան էլ հաջող չխաղաց, սակայն գոլի հեղինակ դարձավ եւ մադրիդյան ակումբը թողեց լավ տրամադրությամբ։ Դրանից հետո ֆուտբոլային համերգ տալու համար Զիդանն ուներ 3 խաղ (աշխարհի առաջնության խմբային փուլում)՝ եւս չորսը մտքում պահած։
Սակայն «Գերմանիա-2006»-ը Զիդանի համար անհաջող սկսվեց։ Շվեյցարիայի հետ խաղում նա եւ ողջ թիմը անշուք խաղ ցուցադրեցին, իսկ Կորեայի հետ խաղում Զիդանը կարծես դաշտում չլիներ։ Իր ծննդյան օրը նա որակազրկման պատճառով բաց թողեց Տոգոյի հետ խաղը։ Թվում էր՝ Ֆրանսիան դուրս չի գա խմբային փուլից, եւ Զիդանը կարիերան կավարտի անփառունակ կերպով։
Առջեւում Իսպանիայի հետ խաղն էր, եւ հենց իսպանացիներն էլ «արթնացրին» Զիդանին։ “Marca” թերթում լույս տեսավ մի հոդված՝ «Թոշակի ուղարկենք Զիդանին» վերնագրով, որն, անկասկած, դիպավ ֆուտբոլիստի ինքնասիրությանը։
«Բարձր կարգի ցանկացած ֆուտբոլիստ անչափ հպարտ է։ Եվ ովքեր դիպչում են նրանց ինքնասիրությանը, մեծ սխալ են թույլ տալիս»,- հետո հայտարարեց Ֆրանսիայի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը։
Զիդանը պատժեց իսպանացիներին՝ չխնայելով անգամ «Ռեալի» իր թիմակից Իկեր Կասիլյասին եւ հանդիպման վերջին րոպեներին գնդակն ուղարկելով նրա պաշտպանած դարպասը։ Իսկ Բրազիլիայի հետ խաղում նա ցույց տվեց պարզապես հիանալի ֆուտբոլ։
Այժմ պարզ է, որ Զիդանի կարիերան չորեքշաբթի օրվանից շուտ՝ մինչ Ֆրանսիա-Պորտուգալիա խաղը, չի ավարտվի։ Ավելին, այն կարող է ձգվել մինչեւ կիրակի, երբ տեղի կունենա եզրափակիչը։ Եթե Բեռլինում Ֆրանսիան կարողանա հաղթել, ապա այդ օրը գերագույն բերկրանք կպատճառի այն մարդուն, որին Պելեն անվանել է վերջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ, եւ որը նվաճել է գրեթե բոլոր հնարավոր մրցանակները։
Զիդանը եղել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, «Ոսկե գնդակ-98»-ի դափնեկիր, 3 անգամ ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (1998, 2000, 2003թթ.), հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկուական անգամ հաղթող ճանաչվել Եվրոպայի գերգավաթի եւ Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում, դարձել է Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոն։
Աշխարհի առաջնության մեկնարկի առաջին օրերից սկսած Զիդանը խուսափում է լրատվամիջոցների հետ հանդիպելուց։ Շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողները երկար ժամանակ սպասում էին հանդիպման լավագույն խաղացող ճանաչված ֆուտբոլիստին։ Սակայն նա եկավ, ստացավ մրցանակը եւ անխոս հեռացավ։ Զիդանը միշտ էլ ամաչել է ուշադրության կենտրոնում լինելուց։ Սակայն այս անգամ դրան գումարվել է այն, որ նա վիրավորված է լրագրողներից՝ իր ուժերին չհավատալու համար։ Իսկ միգուցե նա պարզապես չէր ցանկանում պատասխանել իր հեռանալու մասին դաժան հարցերին։