Կապտուկաչափ

04/05/2005

Նորվեգիայի մասնագետները հայտնագործել են մի սարք, որի օգնությամբ կարելի է որոշել կապտուկների առաջացման ժամանակը: Արյունազեղումը ինֆորմացիայի կարեւոր աղբյուր կարող է հանդիսանալ դատաբժշկական փորձաքննության համար` հանցագործության պարագաներն ուսումնասիրելիս: Կապտուկի ձեւից եւ գույնից կարելի է իմանալ՝ ինչ առարկայով է հարված հասցվել, նաեւ՝ պարզել դեպքի կատարման ժամանակը:
Նախկինում փորձառու բժիշկներն իրենց ուսանողներին սովորեցնում էին հեշտությամբ որակավորել արյունազեղման՝ հեմատոմայի «տարիքը»՝ խորհրդային թղթադրամների գույնով, ըստ դրանց նոմինալի նվազման: Այսպես, կարմիր արյունազեղումը՝ տաս ռուբլիանոցն էր, կապույտը՝ հնգանոցը, կանաչը՝ երեքանոցը, դեղինը՝ մեկ ռուբլիանոց թղթադրամը: Այսօր, կատարելով սոցիալական պատվեր, Նորվեգիայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտը մշակել է մի ալգորիթմ, որը թույլ է տալիս որոշել կապտուկի առաջացման ստույգ օրը: Պարզվում է, որ արյունազեղումը գունափոխվում է, որովհետեւ ժամանակի ընթացքում արյան կարմիր գունանյութը՝ պիգմենտը, վերափոխվում է այլ պիգմենտների: Նրանցից մեկը՝ դեղնա-շագանակագույն բիլիռուբինը հայտնվում է արյունազեղման առաջացման հենց առաջին օրը: Նրա քանակն օրեցօր ավելանում է՝ հասնելով առավելագույնին չորրորդ օրը: Հարվածից տուժած մարմնի հատվածը լուսավորում են սպիտակ լույսով, այնուհետեւ վերլուծում են արտացոլման սպեկտրը հատուկ սարքի միջոցով: Վերլուծության ընթացքում որոշվում է արյան եւ թթվածնի քանակությունը կապտուկի մեջ, ինչից էլ պարզ է դառնում բիլիռուբինի քանակը եւ, հետեւաբար, կապտուկի «տարիքը»:

Սեփ. լր.