Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ձերբակալել են ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հորեղբորը` ՀՀ Անշարժ գույքի պետական կադաստրի Քանաքեռ-Զեյթունի ստորաբաժանման ղեկավար Սարգիս Բաղդասարյանին: Պատճառն այն է, որ հողի աճուրդների համար քաղաքացիների մուծած գումարները, ինչը բավական մեծ թիվ է կազմում, բյուջե չեն մուտքագրել: Մեր աղբյուրների պնդմամբ, Ս. Բաղդասարյանն ու նրա տեղակալն իրենց դիմումների համաձայն ազատվել են աշխատանքից: Բացի այդ, այս գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ կադաստրի եւս 4-5 աշխատակից: Ըստ մեր աղբյուրների` այժմ Սարգիս Բաղդասարյանը գտնվում է ազատության մեջ, սակայն իրավապահները քննում են չարաշահումների վերաբերյալ այդ գործը: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար զանգահարեցինք «ՕԵԿ քաղաքական խոսնակ» Մհեր Շահգելդյանին: Սակայն վերջինս, սովորության համաձայն, այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: