Դեկտեմբերի 17-ին վերջապես կայացավ երկար սպասված «ինսուլինային» մրցույթը: Այս տարվա հաղթողն ճանաչվեց «ՆատալիՖարմ» ընկերությունը, որն, ըստ փաստաթղթերի փաթեթի, պատրաստվում է ներկրել դանիական «Novo Nordisk» ֆիրմայի բարձրորակ մարդկային ինսուլին: Հիշեցնենք, որ Գնումների գործակալության հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել Հայաստանում գրանցված 3 տարբեր «մակնիշի» ինսուլին` դանիական «Novo Nordisk»-ը, ամերիկյան «Eli Lilly»-ն ու եգիպտական «Vacsera»-ն: Պետական գնումների գործակալությունը մրցույթը համարում է հաջողված, մեկնաբանելով, որ այս տարի Առողջապահության նախարարությունը կարողացավ կրկնակի էժան ինսուլին ձեռք բերել եւ այսպիսով խնայել 600.000 դոլար: Նշենք, որ պետպատվերով ինսուլին ձեռք բերելու համար նախանցած տարի հատկացված բյուջեն կազմել էր 460 մլն դրամ, ինչը բավականացրել էր մոտ 42.000 սրվակի: Ինսուլինի ընդհանուր ապահովվածությունը կազմել է մոտ 57%, իսկ գնված ինսուլինի սրվակի արժեքն էր 10.700 դրամ: Այսպիսով, ԱՆ կողմից հատկացվող 460 մլն դրամն առնվազն կրկնապատկվելու միտում ունի՝ ի հաշիվ այն բանի, որ մինչեւ օրս ներկայացված ինսուլիններն այս տարի առաջարկեցին ինքնարժեքից նույնիսկ ավելի ցածր գին: Այսպես, «ՆատալիՖարմ»-ի առաջարկած «Novo Nordisk»-ի ինսուլինի 9,89 դոլար, այսինքն՝ մոտ 4700 դրամ գինը` 100 միավոր ինսուլին պարունակող մեկ սրվակի համար, եղավ ամենանախապատվելին, այն դեպքում երբ նախորդ տարվա ներկրող ամերիկյան «Eli Lilly»-ն առաջարկել էր 9,99 դոլար: «Մրցակցության պայմաններում՝ այս ֆիրմաները գուցեեւ զրոյական գներով ինսուլին առաջարկեցին, որպեսզի շուկան չկորցնեն»,- ասում է Գնումների գործակալության տնօրեն Գ. Խաչատրյանը: Իսկ ինչ վերաբերում է եգիպտական «Vacsera»-ին, ապա ներկաներից այն ամենաթանկարժեքը դուրս եկավ՝ 13,94 դոլար մեկ սրվակի համար: Այսպիսով, խնայելով 600.000 դոլար պետությունը հնարավորություն ձեռք բերեց կրկնապատկել բյուջեն եւ ներկրել կրկնակի քանակությամբ ինսուլին, այսինքն՝ ունենալ100%-անոց ինսուլինային ապահովվածություն: Կարելի է համաձայնել, որ գործարքն իրոք հաջողված է, եթե չլինեին որոշ կասկածներ. նախ՝ «ՆատալիՖարմ»-ը տեղի ընկերություն է եւ «Novo Nordisk»-ի անմիջական ներկայացուցիչը չէ, այսինքն՝ կա մտավախություն, որ ինսուլինի անվան տակ այն ներկրի այլ արտադրանքի ինսուլին, այդ թվում՝ եւ «Vacsera»-ն: Երկրորդ. մեկ տարուց ավելի ամերիկյան «Humulin»-ից հետո անցումը մեկ այլ ինսուլինի կարող է բացասաբար ազդել շաքարախտով հիվանդների վրա: Եվ երրորդ. արդյոք ի՞նչ կիրառում կգտնի Առողջապահության նախարարությունը դիաբետիկների համար խնայված 600.000 դոլարին: Թե ինչպե՞ս ամենաթանկարժեք ինսուլինը առաջարկվեց ամենաէժան գնով, թերեւս կարելի է բացատրել նրանով, որ դա ինսուլինի շուկան ամբողջությամբ գրավելու միակ միջոցն էր: Հարկ է նշել, որ «ՆատալիՖարմը» հանձն է առել մատակարարել նաեւ դիաբետիկ դեղահաբեր: Այս ասպարեզում, այսպիսով, ձեռնարկությունը ձեռք է բերում շուկայի 85%-ը: