ՄՀՀ-ի ճտերին է՞լ են աշնանը հաշվելու

03/07/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Այս օրերին ուղղակի սառեցվել է կուսակցության հետագա «շինարարությունը»: Եվ չի բացառվում, որ այս քաղաքական կազմակերպությունն արժանանա ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի` այդպես էլ չձեւավորված «Նոր երկիր» կուսակցության ճակատագրին: Ի վերջո, ՀՀԿ հուլիսի 22-ին կայանալիք արտահերթ համագումարի մասին հայտարարություններն արդեն բավական լուրջ խուճապ են մտցրել քաղաքական դաշտում: Եվ քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ծրագրել է դառնալ ՀՀԿ համանախագահը, շատերն այս օրերին ինքնամոռաց կերպով անդամագրվում են ՀՀԿ-ին: ՀՀԿ արտահերթ համագումարի մասին հայտարարություններից հետո դեպի այնտեղ արտահոսք է սկսվել նաեւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունից: Սակայն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը երեկ հավաստիացնում էր, թե իրենց կուսակցաշինությունը սառեցված չէ: Եվ աշնանն արդեն տեղի կունենա ՄՀՀ համագումարը: «Կուսակցականաշինությունն իր բնականոն հունի մեջ է: Ես բոլորին հորդորում եմ` չանհանգստանալ, ամեն ինչ գնում է իր բնական հունով: Ինչպես որ ծրագրել ենք, այդպես էլ գնում է` ներդաշնակ ու համաչափ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մարտավարությունը, իր գործելաոճը: Եվ դեռ պարզ չէ` շատ արագ գնացողնե՞րն են շուտ տեղ հասնում, թե՞ դանդաղ գնացողները: Կգա ժամանակը եւ ինքներդ ամեն ինչ կտեսնեք. ճտերը աշնանն են հաշվում»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը: Իսկ որպես իր ասածի ապացույց, նա նշեց, որ վերջին 2 ամիսների ընթացքում ՄՀՀ-ին շուրջ 9000 մարդ է անդամակցել: «Պաշտոնապես ասում եմ` դիմումներով գրանցված անձանց թիվը շուրջ 30.000-ի է հասնում»,- ասաց նա` հավելելով, որ դրանք ամենաթարմ տվյալներն են` ճշտված ասուլիսից մի քանի րոպե առաջ: Վ. Բաղդասարյանին, ըստ էության, չի մտահոգում այն հանգամանքը, որ առաջիկայում ՀՀԿ շարքերն է անցնելու նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ինչը կարող է թուլացնել մի շարք իշխանամետ կուսակցությունների, այդ թվում` եւ ՄՀՀ-ին` իր հետեւից տանելով մի շարք մարդկանց: «Իսկ ի՞նչ է, Ս. Սարգսյանը նախկինում ՄՀՀ համակի՞րն էր, որ հիմա գնում է այնտեղ, մեր համակիրները գնան այնտեղ: Ես նորից եմ կրկնում, կարող է Ս. Սարգսյանը գնալ ՀՀԿ, մյուս ճանաչված գործիչներից մեկը գնա մեկ այլ տեղ, մենք որեւէ հաշվարկ չենք կատարել, թե որ դեմքը, այսօրվա բուրգում կանգնած որ անձն ուր պետք է գնա»,- մեր հարցին ի պատասխան` նկատեց Վ. Բաղդասարյանը: Ավելին, նա հայտարարեց, թե առաջիկայում չի բացառվում, որ «կարկառուն քաղաքական գործիչներից նաեւ մեր ցանկում տեսնեք»: «Քաղաքական դաշտում ցանկացած իրադարձություն ինձ չի զարմացնում: Նորմալ գործընթացներ են ընթանում. յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մարտավարության ոճն ունի: Այլ հարց է` դա ազնի՞վ է, թե՞ ոչ: Այն, ինչ ՀՀ-ում կատարվում է, այդքան էլ ազնիվ չէ: Բայց մի երկրում, որտեղ 70-ից ավելի կուսակցություններ կան, բնական է, որ ամեն ինչ չէ, որ պետք է ազնիվ լինի»: «Ժողպատգամավոր» խմբի քարտուղարը երեկ նկատեց, որ հայաստանյան քաղաքական դաշտն անկատար է: «Եվ մեր ամենամեծ նպատակներից է, որ ձեւավորվի ոչ թե անձնավորված, այլ գաղափարական քաղաքական դաշտ»: Իսկ իր ցանկությունը որքանո՞վ է իրականանալի, եթե այսօր քաղաքական դաշտ են մտել քաղաքականության հետ ամենեւին առնչություն չունեցող անձինք, եւ այսօր կուսակցություն են ստեղծում օլիգարխներն ու պետական պաշտոնյաները: Մեր հարցին ի պատասխան` Վ. Բաղդասարյանն ասաց. «Ցանկանում եմ, որ այս երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով` կոշկակարը կոշիկ կարի: Դրա համար եմ ասում, որ յուրաքանչյուրը պետք է իր գործով զբաղվի»: Սակայն Վ. Բաղդասարյանն այս հայտարարությամբ նկատի չունի Ս. Սարգսյանին: «Այսօր պաշտպանության նախարարը կարող է զբաղվել պաշտպանության նախարարի գործով, բայց մենք իմանանք, որ դա քաղաքական պաշտոն է: Հետագայում չգիտեմ, եթե նա պետք է միշտ մնա պաշտպանության նախարար, իրոք կարող է զբաղվել Պաշտպանության նախարարության գործերով,- ասաց նա` ավելացնելով,- թե ինչպիսի ակտիվություն կցուցաբերի պաշտպանության նախարարն առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում, արդեն դա ինքը ցույց կտա` ինչ նպատակներ ունի: Չեմ կարող նպատակ կանխագուշակել, բայց վարվելակերպից կարող եմ ենթադրել, թե ինքն ինչպիսի միտումներ ունի: Այսինքն՝ մեկ-երկու այցը դուք վերագրում եք քաղաքական խիստ ակտիվացմա՞ն, ես այդպես չեմ կարծում: Համենայն դեպս կա քաղաքական դաշտ, ուր իրավունք ունի պաշտպանության նախարարն իր քաղաքականությունը տանել, իսկ հետագայում նա կարող է պատասխանել այն հարցին, թե ինչպիսի զարգացում կլինի»: Վ. Բաղդասարյանն առաջիկայում չի բացառում ՀՀԿ-ի հետ ՄՀՀ-ի համագործակցությունը: «Այս իրավիճակում, 10-15 տարի լինելով քաղաքականության մեջ, Հայաստան աշխարհում ես ոչինչ չեմ բացառում: Ես ոչինչ չեմ բացառում նաեւ մեր կուսակցության պարագայում»,- այսպես փիլիսոփայորեն արտահայտվեց Վ. Բաղդասարյանը:

Երեկ անդրադարձ եղավ նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ դրա շուրջ վերջերս ծագած աժիոտաժին: Վ. Բաղդասարյանը համոզված է, որ այն չի դառնա 1998թ. կրկնության պատճառ: Վերջինս այնքան է համոզված Ղարաբաղի հարցի պատճառով նոր իշխանափոխության անհնարինության հարցում, որ նույնիսկ չի մտածել այդ հողի վրա Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու հնարավորության մասին: «Ինձ թվում է, եթե դա վճռականորեն լուծվող խնդիր լիներ առաջիկա, նույնիսկ չեմ ասում` այս տարի, այլ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում, այդ ամեն ինչը չպետք է բացվեր: Եվ ինձ թվում է, նորից նոր բանակցային փուլ պետք է գնա եւ պետք է հետաձգվի այդ ամենը»,- գտնում է պատգամավորը: