«Թասիբի» հարց է, տղերք

03/07/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Սակայն ներքոշարադրյալի դեպքում «լավատեսություն» բառը, մեղմ ասած, տեղին չէ: Ադրբեջանը հրապարակել է իր` այս տարվա առաջին 5 ամիսների տնտեսական վիճակագրությունը, որի համաձայն, երկրի տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 38%: Հայաստանում նույն ցուցանիշն ընդամենը 10,5% է, իսկ կանխատեսումները սովորաբար չեն գերազանցում տարեկան 11-13%-ը: Հիշեցնենք, որ անցյալ տարի տնտեսական աճի տեմպով Ադրբեջանն առաջին երկիրն էր աշխարհում (26%): Ասիական զարգացման բանկի փորձագետ Ֆիլիպ Չանգը հայտարարել է, որ 2006թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կարող է աճել 30,5%-ով, 2007թ.` 27,3%-ով: Նման թվեր հրապարակելիս փորձագետը հաշվի է առել նավթային եւ գազային արտադրության աճն ու այդ արտադրանքների նկատմամբ տեղական պահանջարկի մեծացումը: Բացի այդ, այս տարի Ադրբեջանի կառավարությունը նախատեսել է բյուջետային ծախսերի զգալի մեծացում եւ, ըստ Չանգի, պետք է «զգույշ եւ նպատակաուղղված» քաղաքականություն վարել` գնաճ թույլ չտալու նպատակով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի բյուջեին, ապա դրա` 5 մլրդ դոլարի ծախսերը 5 անգամ գերազանցում են Հայաստանի նույն ցուցանիշը (թեեւ ՀՀ պետբյուջեի ծախսերը դոլարային արտահայտությամբ բավական աճեցին դոլարի կտրուկ արժեզրկումից հետո):

Իր հերթին, Ադրբեջանի Տնտեսական զարգացման նախարարության Մակրոտնտեսական կանխատեսումների վարչության պետը հայտարարել է, որ 2025թ. երկրի ՀՆԱ-ն կհասնի 70 մլրդ դոլարի, իսկ բնակչության եկամուտները` տարեկան 8000 դոլարի: «Այդ ժամանակ Ադրբեջանում աղքատներ չեն լինի»,- ասել է պաշտոնյան: Նա նաեւ հիշեցրել է, որ 2005թ. տվյալներով, ադրբեջանական ՀՆԱ-ի 41%-ը, արտահանման ավելի քան 76%-ը բաժին են ընկնում նավթային ոլորտին: Պետական բյուջեի 36%-ը ձեւավորվել է նավթային եկամուտների հաշվին: «Հայտնի է, որ Ադրբեջանի ապագան պետությունը կապում է ոչ նավթային ոլորտների հետ: Բայց որքան էլ պարադոքսալ է, վերջիններիս զարգացումը նույնպես կախված է նավթային ոլորտից, ավելի շուտ` նրանից, թե ինչպես կբաշխվեն նավթային եկամուտները»,- նշել է վարչության պետը:

Նավթով ոգեւորված մեր հարեւաններին «հանգստացնում» է Ադրբեջանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Վիկտոր Կրամարենկոն: «Day.az»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ադրբեջանին անհրաժեշտ է «ապահովել մրցունակություն նաեւ ոչ նավթային ոլորտում»: «Քանզի մի օր բնական ռեսուրսները կսպառվեն, եւ տնտեսությունում առաջատար դեր կունենա ոչ նավթային ոլորտը»,- նշել է Կրամարենկոն:

Մինչ Ադրբեջանը նավթային բուռն զարգացում է ապրում, Հայաստանն ինչ-որ քայլեր է անում հիմնականում շինարարության հաշվին: Ինչպես արդեն նշել էինք, այս տարվա մայիսի 33%-անոց տնտեսական աճը պայմանավորված է գլխավորապես շինարարության ծավալների 73,5%-անոց աճով: Իշխանությունները քաջ գիտակցում են, որ շինարարության ոլորտը (այն էլ` բնակելի շենքերի) երբեք չի կարող տնտեսության կայուն զարգացման հիմնասյուն լինել: Հետո՞ ինչ, որ նավթ չունենք: Ուրեմն՝ պետք է ամեն տարի ինչ-որ 10-14%-անոց ոչ իրական տնտեսական ա՞ճ ապահովենք: Տարիների փորձը ցույց տվեց, որ Հայաստանը չի կարող տնտեսական զարգացմամբ հպարտանալ: Դրանից բնակչության կենսամակարդակն էականորեն չի աճում, կլանների ազդեցությունը տնտեսության վրա չի նվազում, «ստվերային» բառն էլ շարունակում է գայթակղել շատ բիզնեսմենների ու պաշտոնյաների:

Փորձենք 4 հարց հնչեցնել: Հայաստանում ի՞նչ պետք է անել: Ի՞նչ է պետք անելու համար: Ո՞վ պետք է անի: Հատկապես ինչո՞ւ է անհրաժեշտ անելը: Սկսենք վերջին հարցի պատասխանից` ազգային անվտանգության համար: Մի երկիր, որը չկարգավորված հակամարտության մեջ է մեկ այլ երկրի հետ, պարտավոր է գոնե համեմատելի տնտեսական աճ ապահովել: Հունիսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ Հայաստանը երբեք չի կարող Ադրբեջանի հետ մրցակցել, քանզի վերջինիս տնտեսությունը 5 անգամ ուժեղ է Հայաստանի տնտեսությունից, եւ «մոտ ապագայում կուժեղանա 10-15 անգամ»: Այս «դրոշակը» Ադրբեջանի ձեռքից վերցնելը պարզապես «թասիբի» հարց պետք է լինի ՀՀ իշխանությունների համար: Եվ հենց նրանք էլ պետք է «անեն», ապահովեն տնտեսության կայուն զարգացումը: Անկախ Հայաստանի փորձը ցույց է տվել, որ այս երկրում իշխանություններից բացի ուրիշ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Իսկ «անելու» համար ՀՀ նախագահին, կառավարությանը, ԱԺ-ին եւ Դատախազությանը «թասիբ» է պետք, որպեսզի տեղի-անտեղի Ադրբեջանը կամ այլ երկրներ մատնացույց չանեն Հայաստանի նկատմամբ իրենց տնտեսական հզորությունը:

Մնում է վերջին եւ ամենակարեւոր հարցը` ի՞նչ պետք է անել: Տնտեսության այս կամ այն ճյուղը գերակա հռչակելը դեռ բավարար չէ դրանց իրական զարգացումն ապահովելու համար: Իշխանություններն ու փորձագետները միշտ համակարծիք են այն հարցում, որ թեեւ մենք բնական ռեսուրսներ չունենք, սակայն հարուստ ենք մարդկային ռեսուրսներով եւ կարող ենք դրանցով «դրոշակ» սարքել միջազգային հանրության համար: Բայց չենք սարքում, քանզի ստվերային տնտեսությունը, կոռուպցիան, մենաշնորհներն ու կլանները թույլ չեն տալիս: Հասնում ենք որոշակի արդյունքների եւ մի փոքր քայլով ամեն ինչ կրկին ետ ենք մղում: Օրինակ, միջազգային կազմակերպություններն ու այլ երկրներ դրական են համարում, որ Հայաստանի ազգային արժույթը շարունակաբար արժեւորվում է: Բայց իրականում հնարավոր չէ նրանց բացատրել, որ դա «շուկայական» արժեւորում չէ, տնտեսության զարգացման հետ կապ անգամ չունի, որ դոլարի արժեզրկումը մեծ հարված է հայաստանյան արտահանողներին, որոնց արտադրությունը մրցունակության ոչ գնային պարամետրերով դեռ աչքի չի ընկնում, եւ որ փոխարժեքի այդ տատանումները ներմուծողների կլանների շահերից են բխում: Ահա այսպիսի եւ նման շատ այլ խնդիրների լուծումից հետո պարզ կդառնա, թե կոնկրետ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել: Կրկնում ենք, նավթ կամ գազ չունենալը Հայաստանի համար դեռ ոչինչ չի նշանակում, մենք կարող ենք ունենալ տնտեսության զարգացման սեփական տեսլականը, որը մինչ այժմ մնում է «օդից կախված»: