Դեպի ինովացիա

03/07/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Չնայած վերջին տարիներին գրանցվող երկնիշ տնտեսական աճին, բոլորն էլ ընդունում են, որ Հայաստանը բնական ռեսուրսներից աղքատ երկիր է։ Անկախության առաջին շրջանի այն ոգեւորությունը, որ միայն «Ջերմուկ» եւ կոնյակ վաճառելով կհայտնվենք աշխարհի զարգացած երկրների ցուցակում, արդեն անցել է։ Եվ որպես ամենաարժեքավոր ռեսուրս` առաջին տեղում հայտնվել է մտավոր պոտենցիալը։

Այն, որ հայերը խելացի են, ոչ ոք չի կարող հերքել։ Վերջիվերջո, մեր շախմատիստները դա շատ համոզիչ կերպով վերջերս ապացուցեցին։ Այլ հարց է՝ որքանո՞վ է արդյունավետ օգտագործվում այդ պոտենցիալը, ի՞նչ է արվում այդ պոտենցիալից ռեալ արդյունքներ ստանալու համար։ Երեկ այս հարցի շուրջ էլ բանավիճում էին տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն ու Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը։ Բանավեճի թեման ինովացիոն գործունեության աջակցությունն էր։

Է. Աղաջանովի կարծիքով, այս մասին միայն խոսվում է, եւ ոչինչ չի արվում, իսկ փոխնախարար պրն Գեւորգյանն էլ, պարզ է՝ համաձայն չէր այդ պնդման հետ։ Տնտեսագետի հիմնական փաստարկն այն էր, որ կառավարությունը դեռ 2003թ. ընդունված գործունեության ծրագրում (2003-2007թթ. համար) ինովացիոն տնտեսությունը հռչակել է գերակա ուղղություն, սակայն մինչ այժմ ոչինչ չի ձեռնարկել։ Փոխնախարարն էլ պնդում էր հակառակը՝ վկայակոչելով 2005թ. ընդունված ինովացիոն գործունեության հայեցակարգը եւ 2005-2010թթ. գործունեության ծրագիրը։ Է. Աղաջանովին այս փաստարկները չհամոզեցին։ Ավելին, նա սխալ էր համարում հենց ձեւակերպումը. «Բոլորն ասում են` գիտության եւ ինովացիոն զարգացման հայեցակարգ, մենք ասում ենք՝ ինովացիոն հայեցակարգ՝ առանց գիտության։ Առանց գիտության ինչպե՞ս կարելի է ինովացիոն տնտեսություն զարգացնել»։

Ապացուցելու համար, որ կառավարությունը ոչ միայն խոսում է, այլեւ ռեալ քայլեր է անում այս ուղղությամբ, Ա. Գեւորգյանը մատնանշեց «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» օրենքի ընդունումը (ընդունվել է այս տարվա մայիսին)։ Փոխնախարարը հատուկ ուշադրության արժանացրեց օրենքի այն դրույթը, որ 2007թ. սկսած կառավարությունը գործելու է Ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրով, որի իրականացման ֆինանսավորումն արտացոլվում է պետական բյուջեում առանձին տողով:

Իսկ Աղաջանովը շատ ավելի կարեւոր է համարում գերակա մի քանի ճյուղերի որոշումը եւ այդ ուղղությամբ շարժվելը։ «Ակադեմիայի կազմում 40-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտ կա։ Գիտությունը թանկ հաճույք է, մենք աղքատ երկիր ենք, այդքան ռեսուրսներ չունենք։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նման երկրները գտել են, որ իրենք կարող են զարգացնել միայն 10-15 գիտաճյուղ»,- ասում է տնտեսագետը։ Իսկ թե Հայաստանի համար որո՞նք են այդ ճյուղերը՝ տնտեսագետը չկարողացավ պատասխանել. «Դա ոչ թե ես ձեզ պետք է ասեմ, այլ միասին պետք է քննարկենք՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները, մեր հնարավորությունները»։

Իսկ ինչո՞ւ չեն կազմակերպվում քննարկումներ։ Փոխնախարարը համաձայն չի, որ չեն կազմակերպվում. որպես քննարկում` նա պատրաստ է ընդունել անգամ երեկվա բանավեճը, որն ավելի շուտ սեփական գիտելիքները եւ տեղեկացվածությունը ցուցադրելու միջոցառման էր նմանվում։

Ա. Գեւորգյանը գտնում է, որ դեռ ուշ չէ քննարկումներ կազմակերպելու համար։ Իսկ թե կոնկրետ արդյունքներ ե՞րբ կլինեն, փոխնախարարը ճշգրիտ ժամկետ չնշեց: Բայց համոզմունք հայտնեց, որ եթե կառավարության նախանշած խնդիրները լուծում ստանան սահմանված ժամկետներում, ապա 2010-ին ինովացիոն գործունեության համար Հայաստանում նպաստավոր պայմաններ ստեղծված կլինեն։

Մի խոսքով, ըստ փոխնախարարի, քայլում ենք դեպի լուսավոր ապագա, իսկ ըստ Է. Աղաջանովի՝ լրիվ հակառակ ուղղությամբ։

Իսկ մենք ընթերցողներին հիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ կառավարությունը գերակա ուղղություն է հռչակել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, սակայն 2006թ. տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման, պատրաստվածության եւ միջավայրի պայմանները գնահատող ինդեքսով (Ցանցային պատրաստվածության ինդեքս) Հայաստանը 115 երկրների մեջ գրավել էր 86-րդ տեղը։ Ընդ որում, ետ ենք մնացել անգամ Ադրբեջանից (73-րդ տեղ), որի տնտեսության գերակա ուղղությունն, ինչպես գիտեք, նավթի «պուլպուլակներն» են։ Իսկ մենք համոզված ենք, որ ումից` ումից, բայց ադրբեջանցիներից հաստատ խելքով ենք…