Հայաստանում իրականացվող ցանկացած քիչ թե շատ խոշոր պետական ընկերության մասնավորեցման ցանկացած գործարք իշխանությունները ներկայացնում են որպես նախադեպը չունեցող: Իհարկե, շատ հաճախ հետագայում պարզվում է, որ նման գործարքները աննախադեպ են լինում հատկապես՝ դրանց կասկածելի լինելու առումով, եւ հասարակությունը հերթական անգամ արձանագրում է, որ հերթական պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվել է «ջրի գնով»: Նման մասնավորեցումների ցուցակը, կարելի է ասել, համալրվել է եւս մեկով:
Այս տարվա սեպտեմբերի 30-ին կառավարությունը որոշում է ընդունել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին: Հոկտեմբերի 8-ին այն վավերացրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Խոսքը վերաբերում է բնակչությանն ավելի շատ հայտնի «Հանրապետական հիվանդանոցին», որը համարվում է Հայաստանի առողջապահական համակարգի ամենախոշոր կենտրոններից մեկը: Կառավարության որոշմամբ, նախ «Արմենիա» ՓԲԸ-ի կազմից առանձնացվել է ընկերությանը մարդասիրական օգնությամբ տրամադրված 810 մլն 761 հազար դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները եւ դրանք հանձնվել են Առողջապահության նախարարության տնօրինությանը: «Արմենիա» ՓԲԸ-ի ակտիվները գնահատվել են 834.5 մլն դրամ, եւ կառավարությունը որոշել է ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձեւով՝ ընկերության աշխատավորական կոլեկտիվին: Կառավարության նույն որոշման 3-րդ կետով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը սահմանվել է 557 մլն 908 հազար դրամ: Իսկ ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանվել է 139 մլն 477 հազար դրամ:
Այսինքն՝ փաստացի ստացվում է, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմաց կոլեկտիվը վճարելու է ընդամենը 140 մլն դրամ կամ մոտ 280 հազար դոլար: Մասնավորեցման պայմանագրով՝ գնորդը, այսինքն՝ կոլեկտիվը, պարտավորվում է 5 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի ներդրում:
Մեր տեղեկություններով, իրականում «աշխատավորական կոլեկտիվի» անվան տակ «Արմենիա» բժշկական կենտրոնի սեփականատեր է դարձել ներկայումս դրա տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: Վերջինս, ի դեպ, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մտերիմներից է: Թերեւս հենց այս հանգամանքով է պայմանավորված նման «մասնավոր» մասնավորեցումը:
Սեփ. լր.