Հերթը հասավ Արաբկիրի այգուն

03/07/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արաբկիր համայնքի «Մանկական այգում», կամ, ժողովրդական լեզվով ասած` Մալականի այգում, մարդկային կործանարար ձեռքը դեռ չի հասցրել մեծ ավերածություններ գործել: Զարմանալի է, բայց մեր սրճարանասեր օլիգարխներն ու պաշտոնյաները մինչեւ հիմա այգին ամբողջությամբ չեն քաչալացրել ու տեղում օբյեկտներ կառուցել:

Գուցե պատճառն այն է, որ քաղաքի կենտրոնում չէ: Բայց վերջին մեկ-երկու տարիներին, երբ Երեւանի կենտրոնում այլեւս ոչ մի թիզ ազատ տարածք չմնաց, բոլոր մայթերն ու այգիները սրճարանապատվեցին, մարդու ամենազոր ձեռքը հասավ նաեւ Մալականի այգի: Նախ` այգուն հարող, Վ. Փափազյան փողոցին եւ բնակելի առանձնատներին շատ մոտիկ հատվածում մի քանի տարի առաջ ինչ-որ շինարարություն սկսվեց, բնակիչների հավաստմամբ՝ ապօրինի: Շինարարները բնակիչներին տեղեկացրել են, որ այդտեղ կառուցվելու է մարզահամալիր: Ի դեպ, տարածքում եղել են բազմաթիվ ծառեր, որոնք շինարարների կողմից հատվել են: Բնակիչներն անընդհատ բողոքել են եւ թույլ չեն տվել, որ կառույցն ավարտին հասցնեն: Բայց ահա մի երկու շաբաթ առաջ այդտեղ նորից մարդիկ են եկել, շինարարական տեխնիկա են բերել եւ սկսել են քանդել այդ կիսակառույցը: Բնակիչներն ուրախացել էին, որովհետեւ նրանց թվացել էր, թե ահա այդ կիսատ պատերը կքանդեն, տեղը կմաքրեն եւ առաջվա նման տարածքը ազատ կլինի: Բայց դրանից ընդամենը մի քանի օր անց այդ մասում կիսակառույցի հետ միասին սկսել են քանդել նաեւ կողքի հողը:

Բնակիչներն ահա այստեղ էլ հասկացել են, որ այդպիսով սկիզբ է դրվում մի նոր շինարարության: Նրանք նորից են ընդդիմացել, բողոքել են Արաբկիրի թաղապետարան եւ շինարարությունը նորից կանգնեցրել են: Այս մի քանի տարիների ընթացքում նրանք կարողացել են պարզել, որ հողակտորը նախ ձեռք է բերել եւ շինարարություն է իրականացրել «Արցախ հայրենակցական միության» նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանը: Հետո ինչ-ինչ պատճառներով, միգուցե տեսնելով, որ բնակիչներն իրենց բողոքներով թույլ չեն տա կառուցապատումն ավարտին հասցնել, տարածքը վաճառել է: Ինչպես ասացինք, նոր տերը մի երկու շաբաթ առաջ այդտեղ կառուցապատման նոր աշխատանքներ էր ձեռնարկել: Այս անգամ նախատեսված էր կառուցել 9 հարկանի երեք մուտքով բնակելի էլիտար շենք: Բնակիչներն այս անգամ էլ հետաքրքրվում ու պարզում են, որ նոր կառուցապատողը ոմն Աշոտ Տոնոյանն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքային կառույցի ղեկավարը: Նրանք նաեւ պարզել են, որ Ա. Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերությունը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար էլիտար շենք է կառուցում Այգեձորում: Ընդհանրապես, Ա. Տոնոյանը համարվում է Գ. Ծառուկյանի շինարարական բիզնեսի պատասխանատուն կամ հենց շինարարը: Եվ չի բացառվում, որ այդ շենքի իրական տերը նորից Գագիկ Ծառուկյանն է:

Բնակիչները երեկ այգում բողոքի ակցիա էին կազմակերպել եւ հրավիրել էին Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանին: Թաղապետը բնակիչներին խոստացավ քանդել տալ ապօրինի կառույցը եւ այգին նորից դարձնել համայնքի սեփականությունը: Բնակիչները նաեւ տեղեկացրին, որ այգու ծառերը ինչ-որ չար ուժերի շնորհիվ չորացվում են, տարածքում հաճախակի հրդեհներ է բռնկվում եւ ամբողջ այգին աչքի է ընկնում անբարեկարգությամբ ու փնթիությամբ: Ի դեպ, մոտ 3 հեկտար տարածությամբ Մալականի այգին 2003թ. 99 տարի ժամկետով մինչեւ 2102 թվականը վարձակալության է վերցրել ինչ-որ «Հրաշք զբոսայգի» ՍՊԸ եւ պարտավորվել են բարեկարգել տարածքն ու դարձնել մանկական այգի: Փաստորեն, վարձակալության այս երեք տարիների ընթացքում վարձակալը ոչ միայն խոստացած բարեկարգման աշխատանքները չի կատարել (հրաշք մանկական այգի դարձնելու խոստումներ էր տվել), այլ, կամա թե ակամա, թույլ է տվել, որ այն վերածվի ավերակների: Այգու հաճախակի այցելուներն ավելի շուտ հավատացած են, որ այգին դիտմամբ են ոչնչացնում՝ չորացնում, հրդեհում ու ամայացնում, որ տեղում կառուցապատումներ իրականացնեն: Ի դեպ, խորքում այգու հաշվին կար կառուցված մի բար-ռեստորան, որը, բնակիչների հավաստմամբ, պատկանում է Արաբկիրի նախկին թաղապետ Լեւոն Հարությունյանին: Այգու մշտական այցելուները, որոնք ականատեսն են եղել օբյեկտի կառուցապատմանը, պատմում են, որ ծառուղիների սալաքարերը քանդել եւ սալապատել են այդ ռեստորանի բակը: Նրանք ցույց էին տալիս քանդած ծառուղիների տեղը, որն անանցանելի մացառուտների է վերածվել, իսկ հետո հրդեհվել է: Նրանք նաեւ լսել են, որ «Հրաշք զբոսայգի» ՍՊԸ-ն պատկանում է Լ. Հարությունյանին ու նրա օրոք աշխատած Կոմունալ վարչության պետ Հրայր Անտոնյանին:

Հարակից տարածքի բնակիչները ներկաներին հրավիրեցին շրջագայել այգում եւ տեսնել ամբողջ անբարեկարգ վիճակը, չորացած ծառերը, հրդեհված եւ աղբով պատած տարածքները: Մեր այցելության ժամանակ մի երկու աշխատող ջրում էին չորացած կանաչները: Այգու մշտական այցելուներն ասում էին, որ դա էլ դիտմամբ են կազմակերպել, իմացել են, որ ակցիա է լինելու, դրա համար էլ որոշել են ցույց տալ, թե իբր միշտ էլ խնամում են:

«90-ական թվականների մութ ու ցուրտ գիշերները մեր տղաներն ու ամուսիններն այս այգում հերթապահում էին, որ մի ծառ անգամ չկտրեն,- պատմում է կանանցից մեկը: -Այս այգին մեր երեխաների միակ հանգստյան վայրն է: Ամբողջ քաղաքում զովանալու եւ շնչելու տեղ չի մնացել, սա միակ տեղն է, ուր կարող ենք մի փոքր հանգստանալ»:

Արաբկիրի թաղապետը տեղեկացրեց, որ, ընդառաջ գնալով բնակիչների բողոքներին, դատի են տվել «Հրաշք զբոսայգի» ՍՊԸ-ին եւ ՀՀ Տնտեսական դատարանի վճռով չեղյալ է համարվել վարձակալության 99-ամյա պայմանագիրը: Հ. Շահինյանը նաեւ խոստացավ թաղապետարանի կամ այլ միջոցներով բարեկարգել արդեն համայնքի սեփականությունը դարձած այգին, սպորտային հրապարակներ կառուցել եւ Արաբկիրի 130 հազար բնակիչների համար հանգստանալու ու մարզվելու գոտի դարձնել:

Արաբկիրցիները բաց նամակներով դիմել են ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին: Նրանք խնդրում են այս հարցում աջակցել իրենց եւ թույլ չտալ, որպեսզի մի քանի անձինք իրենց ֆինանսական շահերի համար իրենց զրկեն միակ հանգստավայրից: Բնակիչներն ասում էին, որ պատրաստ են թեկուզեւ ամեն օր դուրս գալ փողոց եւ պայքարել իրենց այգու համար: